Loading...

Articles

Լորտու, իժ, գյուրզա․ օձերն ակտիվացել են Հայաստանում, ինչով է սա պայմանավորված․ առաջնահերթ ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին․ մասնագետների դիտարկումները

13:57, Thursday, 03 August, 2023
Լորտու, իժ, գյուրզա․ օձերն ակտիվացել են Հայաստանում, ինչով է սա պայմանավորված․ առաջնահերթ ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին․ մասնագետների դիտարկումները
     Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ակտիվացել են օձերը, ավելացել է նրանց տարբեր վայրերում հանդիպելու հավանականությունը։ Մասնագետներն ասում են, որ օձերն առավել ակտիվանում են հատկապես այն դեպքերում, երբ գարունը կամ վաղ է գալիս, կամ ուշանում է։
    
    

Օձի խայթոցից հետո հակաթույնի չափաբաժինը պետք է ներարկվի առնվազը 24 ժամվա ընթացքում, երբ հիվանդը նկատում է, որ այտուցը շատանում է, ցավը գնալով ուժեղանում։ Մեզ հետ զրույցում նշեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի (ՀԲԿ) սուր թունավորումների բուժման կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, թունաբան Շավարշ Մելքոնյանը։
    
    

«Վերջույթների այտուցների դեպքում՝ ձեռքերի, ոտքերի, ունենք վտանգ, որ այն չբարդանա։ Ձեռքերի այտուցների դեպքում վտանգ կա, որ թույնը չբարձրանա վզի, պարանոցի շրջան՝ առաջացնելով շնչառական լուրջ խնդիրներ։ Ոտքերի այտուցի բարդանալու պարագայում էլ ունենում ենք խնդիր կոնքերի հետ», -ասաց թունաբանը։

Մելքոնյանը նշեց, որ բժշկական հաստատությունը ապահովված է բավարար քանակի հակաթույնով, և երբևէ խնդիր չեն ունեցել։ Հակաթույնները ուզբեկական արտադրության են, թունաբանը սակայն նշեց, որ ցանկալի կլիներ արտադրեինք հայկական հակաթույներ։ Այս տարվա մայիս–հունիս ամիսներին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դիմել է 11 քաղաքացի, որը 2 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
     «11 դեպքից, մեծամասնությունը Արարատյան դաշտավայրից էին՝ հիմնականում շինարարական ու գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողներ», -նշեց մասնագետը։
    
    

Մելքոնյանը հավելեց, որ բարդություններից խուսափելու համար կանոնները պետք է պահել, ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ շինարարական աշխատանքներ իրականացնելիս պետք է կրել միայն ռետինե կոշիկներ, այլ ոչ սովորական։ Թունաբանը դժվարացավ նշել, թե որոնք կարող են լինել պատճառները կրկնակի դեպքերի աճի, սակայն, ըստ իր տեղեկությունների, Ռուսաստանի Դաշնությունում այս տարի ևս գրանցվել է դեպքերի աճ․ «Կարծում եմ՝ Ռուսաստանում դեպքերի կրկնակի աճը պայմանավորված է էկոլոգիական խնդիրներով» ։

Սովորական լորտուն, ոչ թունավոր օձ է, որը հանդիպում է ՀՀ գրեթե բոլոր մարզերի լեռնային շրջաններում։ Այս օձի խայթոցի դեպքում հակաթույն չի ներարկվում, ի տարբերություն թունավոր իժերի, կամ գյուրզայի։

«Մեր հայկական գյուրզայի թույնը շատ վտանգավոր է, և բուժօգնություն պետք է ցուցաբերվի շատ արագ, ինչպես նաև թունավոր իժերի խայթոցի դեպքում, ինչը չեմ կարող ասել լորտու օձի պարագայում։ Լորտույի խայթոցի դեպքում տուժածները չեն էլ դիմում բժշկական հաստատություններ», -նշեց թունաբանը։ Մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Թամարա Վարդանյանը տեղեկացրեց, որ այսօրվա ցուցանիշներով գրանցվել է թվերի նվազում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
     «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցի 13 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 1․2 անգամ։ Միաժամանակ դեպքերի 75% -ը գրանցվել է տղամարդկանց, իսկ 25%-ը կանանց շրջանում, հիմնական տուժածները մեծահասակներ են։
     «Տարվա կտրվածքով դեպքերը ավելի շատ արձանագրվել են՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում, Երևանը գտնվում է չորրորդ հորիզոնականում։ 2023 թվականի հունվարից-հունիս (հունիսի 1) ընկած ժամանակահատվածում առավել հաճախ դեպքերը գրանցվել են Երևանում և Տավուշում», -նշեց Թամարա Վարդանյանը։
     Խոսելով պարզ կանոնների պահպանման, դրանց կիրառման, և հասարակության շրջանում իրազեկման պակասի մասին՝ Վարդանյանը հավելեց․ «Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս պարտադիր կրել երկարաճիտ կոշիկներ, հագնել կիպ տաբատներ։ Ժամային առումով օձերին առավել հաճախ կարելի է հանդիպել առավոտյան, և երեկոյան։ Ունենալ երկար փայտեր թփերը հրելու համար, և, իհարկե, բարձր ձայներ չարձակել» ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
12581 | 0 | 0
Facebook