Loading...

Articles

ՀՀԿ-ի հերթական «հանճարեղ կրուտիտը»` «ցուցակում լինելն ուրիշ է, պատգամավոր դառնալն` ուրիշ»

17:44, Saturday, 24 March, 2012
ՀՀԿ-ի հերթական «հանճարեղ կրուտիտը»` «ցուցակում լինելն ուրիշ է, պատգամավոր դառնալն` ուրիշ»


     «ՀՀԿ-ի համամասնական ցուցակում գործարարներ չեն լինի» արտահայտությունը դրոշակ դարձրած լսում էինք «մեծից փոքր» հանրապետականների շուրթերից: Ավելին`դա իրականություն դարձնելու համար նույնիսկ նախատեսում էին ինչ-որ անհասկանալի չափորոշիչներ մշակել, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և այլն: Ասացին ու իրենց գցեցին կրակի մեջ. հայտարարեցին մի «վիրտուալ պայքար աներևույթ գործարարների դեմ»: Պայքարեցին այնպես, ինչպես կոռուպցիայի դեմ են պայքարում: Հետո էլ սկսեցին հակադարձել իրենք իրենց, նշելով, թե` իսկ ո՞վ է ասել, որ գործարարները չպետք է լինեն խորհրդարանում:


    

Ուզում ենք ևս մեկ անգամ նրանց հիշողությունը թարմացնել: Եվ այսպես`փետրվարի 8-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետՏիգրան Սարգսյանը հայտարարեց. «Հայտնի բիզնեսմեններ մեր ցուցակում այլևս չեն լինելու: Եվ այդ քաղաքական որոշումը հանրապետության նախագահը հստակ հայտնել է, և այդ սկզբունքը մենք իրականացնելու ենք»: Նշենք, որ դրանից առաջ ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ գործարարությունը պետք է տարանջատել քաղաքականությունից:


    

Իսկ փետրվարի 24-ին mardik.am –ի թղթակցի հետ հարցազրույցում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ այն դիտարկմանը, թե վարչապետն էլ հայտարարեց` ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու, այսպես արձագանքեց. «Կարծում եմ` առհասարակ գործարարներ չեն լինելու համամասնական ցուցակում: Մարդիկ, ովքեր բիզնեսմեն են կամ բիզնեսի հետ կապ ունեն, կարծում եմ` ՀՀԿ-ի ցուցակում չեն լինի»:


    

Ցուցակը հրապարակվեց և պարզվեց, որ այնտեղ, այնուամենայնիվ, գործարարներ կան` Արա Բաբլոյան, Հերմինե Նաղդալյան, Մանվել Բադեյան և այլք:


    

Հիմա էլ պարզվում է, որ խոսքը ոչ թե ցուցակի մասին է եղել, այլ համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու: Պատասխանելով mardik.am-ի թղթակցի հարցին ՀՀԿ-ական ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց. «Որևիցե մեկը չի ասել, որ ցուցակում չեն լինի: Ասված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակով գործարարները պատգամավոր չեն դառնա, ցուցակում լինելն ուրիշ է, պատգամավոր դառնալն` ուրիշ»:


    

Մեկ այլ ՀՀԿ-ական էլ` Գագիկ Մինասյանը, վստահեցրեց, որ ՀՀԿ-ն չի դրժել իր խոստումը` ցուցակում գործարարներ ընդգրկելով. «Ինչպես մենք ասել ենք, այնպես էլ կլինի` որևէ գործարար ՀՀԿ –ի նախընտրական ցուցակով պատգամավոր չի դառնա»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
5181 | 1 | 0
Facebook