«Աստված այս ժողովրդին և մեր մեղքերին թագավոր կարգեց մեր Հայոց աշխարհի վրա»
Տասներորդ դարում եվրոպական ու ասիական շատ պետությունների ինքնակալներ ձգտել են զարգացած լինել ու գիտելիքներով նույնիսկ գերազանցել կրոնավորներին: Այդպիսիներից մեկն էլ Վասպուրականի վերջին արքա Սենեքերիմ-Հովհաննեսն (1003 - 1026) է եղել: Նրա վախկոտությունը, ըստ երևույթին, բնածին է եղել, բայց այդ բնածին արատին գումարվել է նաև միջնադարյան կրոնավորների ներշնչած նախապաշարմունքը, և դրանց միագումարը հանգեցրել է Վասպուրականի թագավորության վերացմանը: Միջնադարյան կրոնավորների ներշնչած նախապաշարմունքը վերաբերել է աշխարհի կործանմանը, որը, ըստ «հեղինակավոր» հոգևորականների, պիտի տեղի ունենար 1000 թվականին: Իսկ Թովմա Արծրունու պատմության Շարունակողն ասում է. «Ապա մեզ վրա թագավորեցին մեր և մեր հայրերի մեղքերը, և տերը մեզ ու մնացածներին մատնեց անօրեն, արծաթամոլ, եղեռնագործ ու մեղսասեր ելիմացոց զարմի ձեռքը, որ թուրքերի ցեղերն են: Եվ տիրեցին աշխարհին Արևելյան ծովից մինչև Արևմտյան ծովը: Չմնաց նույնիսկ ո՛չ մի քարանձավ, որ Աստված չմատներ նրանց ձեռքը: Նրանք ունեն արյունարբու գազանների բնություն: Ահավոր կերպարանքի տեր ցեղեր են, քանի որ նրանց դեմքի տեսքը զարհուրեցնում է ու ահաբեկում դիտողներին: Նրանց բնակվելու տեղերը, ինչպես վայրի գազաններինը, լեռներում են, դաշտերում ու անապատներում, և նրանք գիշակեր են գազանների պես: Չեն պատվում մեծամեծներին, չեն խնայում ծերունիների սպիտակ մազերը և պատկառելիությունը, չեն խղճում երիտասարդներին ու մանուկներին, ոչ էլ խնայում որևէ մեկի մանկությունը: Չար և ժանտ ժողովուրդ են, մի ժողովուրդ, որը չուղղեց իր սիրտը: Աստված այս ժողովրդին և մեր մեղքերին թագավոր կարգեց մեր Հայոց աշխարհի վրա»: |