Loading...

Articles

«Աստված այս ժողովրդին և մեր մեղքերին թագավոր կարգեց մեր Հայոց աշխարհի վրա»

16:31, Tuesday, 28 September, 2021
«Աստված այս ժողովրդին և մեր մեղքերին թագավոր կարգեց մեր Հայոց աշխարհի վրա»

Տասներորդ դարում եվրոպական ու ասիական շատ պետությունների ինքնակալներ ձգտել են զարգացած լինել ու գիտելիքներով նույնիսկ գերազանցել կրոնավորներին: Այդպիսիներից մեկն էլ Վասպուրականի վերջին արքա Սենեքերիմ-Հովհաննեսն (1003 - 1026) է եղել: Նրա վախկոտությունը, ըստ երևույթին, բնածին է եղել, բայց այդ բնածին արատին գումարվել է նաև միջնադարյան կրոնավորների ներշնչած նախապաշարմունքը, և դրանց միագումարը հանգեցրել է Վասպուրականի թագավորության վերացմանը: Միջնադարյան կրոնավորների ներշնչած նախապաշարմունքը վերաբերել է աշխարհի կործանմանը, որը, ըստ «հեղինակավոր» հոգևորականների, պիտի տեղի ունենար 1000 թվականին:
    
    
Սենեքերիմ-Հովհաննեսը ևս, ուրիշ շատերի նման, հավատացել է այդ բանդագուշանքին ու իր հոգու փրկության համար սկսել է եկեղեցիներ շինել: Նրա անմիջական հոգածությամբ վերաշինվել է Վարագա վանքը: Եվ, ահա, աշխարհի կործանման մասին շարունակական չարագույժ կանխատեսումների ժամանակներում, Վասպուրական աշխարհ առաջին անգամ թուրքերն են ներխուժել՝ իրենց վայրենի հանդգնությամբ ու մանավանդ իրենց դիպուկ նետաձգությամբ հայտնի այդ սարսափազդու հեծյալները: 1019 թվականին Վասպուրականի ժողովուրդն առաջին անգամ է տեսել քոչվորների այդ բանակը: Սրանք արաբ զորավար Բուղայի բանակի կազմում ընդգրկված թուրքերը չէին: Բուղայի բանակի թուրքերն արաբական բարքեր յուրացրած ու որոշ չափով քաղաքակրթված են եղել: Մինչդեռ Հայոց աշխարհ ներխուժած այս նոր թուրքերը Միջին Ասիայի տափաստաններից էին եկել: Դրանց միայն արտաքին տեսքն ահաբեկիչ է եղել: Մատթեոս Ուռհայեցի պատմիչը գրում է. «Երբ հասավ հայոց 465 թվականը (1016 թ.-ի մարտի 19 – 1017 թ.-ի մարտի 16), աստվածային ցասումը թափվեց բոլոր քրիստոնյա և սուրբ խաչին երկրպագող ժողովուրդների գլխին, քանզի զարթնեց մահաշունչ վիշապը՝ իր մահաբեր հրով և հարվածեց Սուրբ Երրորդությունը պաշտողներին: Այս թվականին սասանվեցին առաքելական և մարգարեական վարդապետության հիմքերը, քանզի թևավոր օձեր վրա հասան՝ ցանկանալով տարածվել ամբողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Սա արյունարբու գազանների առաջին հանդես գալն էր: Այդ օրերին անհավատների խուժադուժ ժողովուրդը, որոնք «թուրք» են կոչվում, արշավելով մտան Հայասատանի Վասպուրական գավառը և սկսեցին անգթաբար սրի քաշել քրիստոնյաներին…նրանք աղեղնավորներ էին, կանանց նման հերարձակ»:

Իսկ Թովմա Արծրունու պատմության Շարունակողն ասում է.

«Ապա մեզ վրա թագավորեցին մեր և մեր հայրերի մեղքերը, և տերը մեզ ու մնացածներին մատնեց անօրեն, արծաթամոլ, եղեռնագործ ու մեղսասեր ելիմացոց զարմի ձեռքը, որ թուրքերի ցեղերն են: Եվ տիրեցին աշխարհին Արևելյան ծովից մինչև Արևմտյան ծովը: Չմնաց նույնիսկ ո՛չ մի քարանձավ, որ Աստված չմատներ նրանց ձեռքը: Նրանք ունեն արյունարբու գազանների բնություն: Ահավոր կերպարանքի տեր ցեղեր են, քանի որ նրանց դեմքի տեսքը զարհուրեցնում է ու ահաբեկում դիտողներին: Նրանց բնակվելու տեղերը, ինչպես վայրի գազաններինը, լեռներում են, դաշտերում ու անապատներում, և նրանք գիշակեր են գազանների պես: Չեն պատվում մեծամեծներին, չեն խնայում ծերունիների սպիտակ մազերը և պատկառելիությունը, չեն խղճում երիտասարդներին ու մանուկներին, ոչ էլ խնայում որևէ մեկի մանկությունը: Չար և ժանտ ժողովուրդ են, մի ժողովուրդ, որը չուղղեց իր սիրտը: Աստված այս ժողովրդին և մեր մեղքերին թագավոր կարգեց մեր Հայոց աշխարհի վրա»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2448 | 0 | 0
Facebook