Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չորս միլիարդ դոլար հափշտակած բռնակալի առեղծվածային մահը

11:40, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
Չորս միլիարդ դոլար հափշտակած բռնակալի առեղծվածային մահը

1998 թվականի հունիսի 8-ին 55 տարեկանում հանկարծամահ է եղել ռազմական հեղաշրջման ճանապարհով Նիգերիայի դիկտատոր դարձած և ինքն իրեն գեներալ լեյտենանտի զինվորական կոչում շնորհած Սանի Աբաչան: Նույն օրը նրան հապշտապ թաղել են:

Ըստ Նիգերիայի իշխանությունների և մահացածի ընտանիքի հայտարարության՝ Աբաչան մահացել է սրտի կաթվածից: Այս հայտարարություններից մեկ ամիս անց NBC հեռուստաընկերությունը և «Նյու Յորք թայմս» թերթը, հղում կատարելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին, հաղորդել են, թե Աբաչան թունավորվել է երեք մարմնավաճառների ընկերակցությամբ վիլլայում հանգիստ վայելիս: Մարմնավաճառուհիները Դուբայից կանչված հնդկուհիներ են եղել: Այլ լրատվամիջոցներ էլ ճշգրտել են, թե Նիգերիայի նախագահին լիբանանցի մի մարմնավաճառուհի է թունավորել: Լիբանանցի մարմնավաճառուհուն կաշառած է եղել Աբաչային թշնամի նիգերիական մի ընտանիք, և նա նախագահին թունավորված նարնջահյութ է մատուցել:

Ի պատասխան այս վարկածների՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Ռուբին հայտարարել է. «Մենք համոզիչ վկայություններ չունենք գեներալ Աբաչային թունավորելու վերաբերյալ»:

Նիգերիայի պաշտոնական լրատվամիջոցները նույնպես հերքել են թունավորման վարկածը՝ վկայաբերելով հանգուցյալի արյան և հյուսվածքների վերլուծության արդյունքները: Այդ վերլուծությունները կատարվել էին Գերմանիայում:

Աբաչայի կառավարման տարիներին Նիգերիայում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան, հետապնդվել են նրա ընդդիմադիրները: Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար ԱՄՆ-ը Նիգերիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է կիրառել և դադարեցվել է այդ երկրի անդամակցությունը Ազգերի բրիտանական համագործակցությանը:

Առ այսօր Նիգերիայի կառավարությունը ջանում է երկիր վերադարձնել Շվեյցարիայի և Լյուքսեմբուրգի բանկերին պահ տրված այն գումարները, որոնք Աբաչան հափշտակել էր նավթի վաճառքի բերած եկամուտներից: Մոտավոր հաշվարկով նա հափշտակել է չորս միլիարդ դոլար: 2010 թվականի հունիսին դիկտատորի կրտսեր որդին՝ Աբբա Աբաչան, շվեյցարական դատարանի կողմից 24-ամսյա պայմանական կալանքի է դատապարվել՝ հոր կառավարման տարիներին «փողեր լվանալու» համար: Նիգերիայի կառավարության խնդրանքով Շվեյցարիան Աբաչայի հափշտակածից 600 միլիոն դոլար վերադարձրել է Նիգերիային:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6475 | 0 | 0
Facebook