Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստալինյան դաժան հետապնդումների ու մահապատիժների տարիներին մարդիկ ինչո՞ւ չեն հավատացել, որ բռնապետը մասնակիցն է այդ ամենի և անկեղծորեն արտասվել են, երբ նա մեռել է

19:38, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Ստալինյան դաժան հետապնդումների ու մահապատիժների տարիներին մարդիկ ինչո՞ւ չեն հավատացել, որ բռնապետը մասնակիցն է այդ ամենի և անկեղծորեն արտասվել են, երբ նա մեռել է

Ստալինի կառավարման տարիներին թեպետ գրեթե յուրաքանչյոր ընտանիք նրան ատելու պատճառ ունեցել է, բայց բնակչության մեծ մասը նրան անկեղծորեն սիրել է:

Պատճառը յուրաքանչյուրի գլխին կախված մշտական վտանգն է եղել: Կարող է տարօրինակ ու անհիմն թվա հիշյալ պատճառը, բայց եթե նկատի առնենք, որ դաժան հալածանքների պայմաններում մարդկանց մեջ ինքնապաշտպանման բնազդը մշտարթուն է դառնում, ապա ոչինչ տարօրինակ չի թվա: Մարդիկ աշխատել են իրենց ապահովագրել՝ առաջնորդին անկեղծորեն սիրելով ու զանգվածաբար երկրի վնասարարներ փնտրելով: Նրանք մատնել են մեկմեկու, որպեսզի փրկեն իրենց ու իրենց ընտանքը: Բայց մարդիկ չեն հասկացել, որ այդ մսաղացից խույս տալու երաշխիք ոչ ոք չունի. այսօր դա քո հարևանի հետ տեղի ունեցավ, իսկ վաղը դու ես հայտնվելու մսաղացում:

Խորհրդային երկիրը բաժանված է եղել սևերի ու սպիտակների: Համակարգը մարդկանց մեջ արթնացրել էր ամենաստոր բնազդները, բացասական հույզերը: Ավելի հեշտ է ագրեսիա հրահրել, քան արարման ցանկություն ներարկել: Համակենտրոնացման ճամբարներում հայտնվածների, գնդակահարվածների ընտանիքներում բռնակալի նկատմամբ համակրանքի զգացում է ծնունդ առել: Մարդիկ սկսել են սիրել առաջնորդին, կուսակցությանն ու խորհրդային համակարգը: Բռնակալի հետ մի դառնալը դարձել է պաշտպանական մեխանիզմ, որն օգնել է, որպեսզի մարդը չխելագարվի:

Այդ ժամանակաշրջանի մյուս երևույթը եղել է հզոր ավտորիտար համախտանիշը, որի էությունն այն է, որ մարդը պիտի որևէ մեկի առջև խոնարհվեր, մեկին ենթարկվեր ու միաժամանակ իրեն ենթարկեցներ: Մի կողմից դա սեփական թերարժեքության ու խեղճության զգացում է, իսկ մյուս կողմից՝ թույլ մարդկանց իրենից կախման մեջ դնելու ցանկություն ու թշնամիների անդադար փնտրտուք: Ավելին, ավտորիտար համախտանիշը ծնում է ագրեսիայի բարձր մակարդակ. եթե դու որևէ մեկից վախենում ես, ապա չես կարող դա քո մեջ պահել:

Իսկ ինչպե՞ս է ի հայտ գալիս ավտորիտար անհատի համախտանիշը: Գերմանիայում ծնունդ առած ազգայնամոլության հոգեբանական ակունքներն ուսումնասիրող գերմանացի փիլիսոփա, սոցիալական հոգեբան, հոգեվերլուծաբան Էրիկ Ֆրոմի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Առաջին աշխարհամարտում պարտված, մեծապես տուժած Գերմանաիան չափազանց ստորացուցիչ վիճակում է հայտնվել: Հաշմանդամ դարձած միլիոնավոր մարդիկ պատերազմից հետո աշխատանք չեն կարողացել գտնել, նրանք չեն կարողացել հասկանալ, թե հանուն ինչի են կռվել: Ազգի ինքնագիտակցությունը բարձրացնելու համար այնպիսի գաղափարներ են հարկավոր եղել, որոնք կարողանային մարդկանց համախմբել: Եվ երևան է եկել Հիտլերը, որն ասել է այն, ինչը ցանկացել է լսել երկրի բնակչության մեծ մասը: Հիտլերը երկրի վերածնունդ է խոստացել:

Ստալինյան ժամանակների ԽՍՀՄ-ում իրավիճակը որոշ չափով նման է եղել Առաջին աշխարհամարտում ջախջախված Գերմանիայի իրավիճակին: Հետհեղափոխական ԽՍՀՄ-ում գրեթե ամբողջովին ոչնչացվել էր մտավորականությունը, մարդկանց կյանքից վտարվել էր եկեղեցին, խաթարվել էին բոլոր ավանդական նորմերը և ասպարեզ էր ներտվել «Մենք մեր նոր աշխարհը կկառուցենք, և այդ աշխարհում ով ոչինչ էր, կդառնա տեր» գաղափարը: Մեծության գաղափարը համախմբող ու միաձուլող սոսինձ էր: Այդ գաղափարի պաթոսը, ներուժը նրանում էր, թե իբր աշխարհի ոչ մի երկրում չկա այնպիսի հրաշալի կյանք, ինչպես Խորհրդային Միությունում է: Կարևոր դեր է խաղացել նաև «երկաթյա վարագույր» -ը, որի շնորհիվ ոչ ոք չի իմացել, թե այնտեղ՝ կապիտալիզմի աշխարհում, վիճակն ինչպիսին է: Իսկ ով որոշակի պատկերացում է ունեցել «գարշելի» կապիտալիստական աշխարհի մասին, կա՛մ համակենտրոնացման ճամբարում է հայտնվել, կա՛մ գնդակահարվել է:

Իսկ ինչո՞ւ այդ ժամանակաշրջանում մարդիկ չեն կարողացել հետապնդումների ողբերգությունը կապել Ստալինի անձի հետ: Չեն կարողացել, որովհետև Ստալինի կերպարը համապատասխանել է նահապետական առաջնորդի մասին հանրային ըմբռնմանը: Ստալինը դարձել է ազգի այնպիսի հայր, որը թեպետ կոշտ է, բայց արդարացի է: Իսկ այն միտքը, թե Ստալինը հալածանքների մեղավորն է, չէր կարող ծնունդ առնել հասարակական գիտակցության մեջ: Ստալինն անթերի առաջնորդի դեր է խաղացել, և մեծաքանակ ուժ է ներդրվել, որպեսզի ցույց տրվեի, թե շուրջբոլորը թշնամիներ են և խորհրդային ժողովուրդը, բռնաճնշումների դիմելով, ազատվում է այդ թշնամիներից: Երկրի մշակութային ամբողջ համակարգը ծառայեցվել է Ստալինին. ռադիոն, թերթերը, կինեմատոգրաֆը, գրականությունը, թատրոնը, զանգվածային միջոցառումները ծառայել են Ստալինին սրբացնելու ու փառաբանելու նպատակին:

Այսօր էլ նախկին Խորհրդային Միությունից անջատված երկրներում և հատկապես Ռուսաստանում Ստալինին մեծարողներ կան, և այդ մեծարողների գլխավոր կռվանն այն է, որ Ստալինի ղեկավարությամբ է երկիրը հաղթել պատերազմում: Չի խոսվում այն մասին, որ այդ պատերազմում անհամար զոհեր են եղել, որ այդ զոհերը կարող էին չլինել, եթե թույլ չտրվեին բազմաթիվ սխալներ:

Ստալինի մահից անմիջապես հետո խորհրդային ղեկավար վարչակազմը հասկացավ, որ ժողովրդին հետագա ստրկության մեջ պահել հնարավոր չէ, որ Ստալինին համարժեք անհատներ երկրում չկան: Այդ իսկ պատճառով կամա, թե ակամա անհրաժեշտ եղավ համրաքալ մեղմացում կատարել: Լավ է, որ կային այդ մեղմացմանը պատրաստ մարդիկ: Այդ ժամանակի ամենագլխավոր ողբերգությունն այն էր, որ պետության ղեկին թերուս մարդիկ էին, որոնք իրենց ամբողջ կյանքում մեկ-երկու գիրք էին կարդացել:

20-րդ դարը հայտնի է նաև այլ դիկտատորներով (Ֆրանկոն՝ Իսպանիայում, Սալազարը՝ Պորտուգալիայում, Բրոզ Տիտոն՝ Հարավսլավիայում, Չաուշեսկուն՝ Ռումինիայում), բայց դրանց ԽՍՀՄ գլխավոր դիկտատորի հետ անհնար է համեմատել: Տարբերությունը նրանում է, թե մարդկանց քանի սերունդ է ապրել ստրկացված երկրում: Մի բան է, եթե այդ ստրկացված վիճակը տարածվել է միայն մեկ սերնդի վրա, բայց Խորհրդային Միությունում երեք սերունդ է ստրկացված եղել: Պատմական այդ հիշողությունը մարդկանց միջից հանելու համար շատ ժամանակ է հարկավոր: Արդեն 30 տարի է անցել ԽՍՀՄ փլուզումից հետո, նոր սերունդ է աճել նորանկախ պետություններում, բայց այն դեռ շարունակում է վերարտադրել այն կարծրատիպերը, որոնք կերտել են նոր սերնդի ծնողներն ու պապերը:

Ազատությանը դեռ պետք է վարժվել: Ցավոք, առ այսօր մեր հասարակությունը ավտորիտար առաջնորդի պահանջ ունի: Հատկապես թերուս զանգվածի գլխում դեռ չի արմատավորվել, որ ժողովրդավարական քաղաքական ռեժիմը ենթադրում է իշխանության մրցակցային փոփոխություն, և որ երբ փոխվում է իշխանությունը, դա ամենևին էլ անկայունության հոմանիշ չէ: Մեզ մոտ ամեն անգամ գոյաբանական է դառնում այն, թե ով է լինելու երկրի հաջորդ ղեկավարը, եթե ոչ պաշտոնավարող ղեկավարը: Սա մեր պատմական ժառանգության ծանր բեռն է, որից մեն չենք կարողանում ազատվել:

Գերմանացիներն ապաշխարեցին, բայց Խորհրդային Միության այլանդակ կնիքը կրող մարդկանց մեծ մասն ու նրանց զավակները չապաշխարեցին: Գերմանացիները գիտակցեցին, թե ինչպիսի մեծ ողբերգություն է տեղի ունեցել: Որպեսզի նման ողբերգություն այլևս տեղի չունենա, անհրաժեշտ էր շատ զորեղ հակաթույն: Այդ հակաթույնը պետք է բխեր պետությունից: Գերմանացիները նացիզմի դեմ պատվաստվել են, իսկ մենք բռնակալության դեմ առ այսօր չենք պատվաստվել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
540 | 0 | 0
Facebook
COMMENT.am