Հունաստանի Թեբե քաղաքի և Բեովտական միության ղեկավար Էպամինոնդասի (մ.թ.ա. 4-րդ դար) զինվորները շատ են վշտանում, երբ քամին պոկում է նրա նիզակի ժապավենային զարդարանքն ու տանում նետում է մի սպարտացու դամբարանի վրա: Էպամինոդասը նրանց ասում է. «Մի՛ վախեցեք: Դա նշանակում է, որ ինչ-որ մի սպարտացի կործանվելու է, և նրա դամբարանն արդեն զարդարում են թաղման համար»:
*****
Այս նույն Էպամինոնդասը, երբ մի անգամ գիշերը երկնքից ասուպ է ընկնում՝ սարսափահար անելով այդ երևույթը տեսնողներին, ասում է. «Աստվածները մեզ համար վառեցին այդ լույսը»:
*****
Նույն կերպ զորավար Ագաթոկլես Սիրակուզացին (մ.թ.ա. 4-րդ դար), երբ իր զինվորները սարսափահար են եղել ճակատամարտից մեկ օր առաջ տեղի ունեցած լուսնի խավարումից, նրանց բացատրել է այդ երևույթի պատճառն ու հավելել, թե ինչպիսին էլ լինի խավարումը, դա բնական երևույթ է ու ոչ մի կապ չունի իրենց առաջադրանքի հետ:
*****
Աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար Պերիկլեսը (մ.թ.ա. 6-րդ դար), երբ իր բանակի ճամբարին հարվածում է կայծակն ու վախի մատնում զինվորներին, մեծ ժողով է գումարում և բոլորի ներկայությամբ քարը քարին է խփում ու կրակ է ստանում: Այս կերպ նա խաղաղեցնում է տագնապածներին՝ բացատրելով, որ այդ նույն կերպ ամպերի բախումից կայծակ է ծնվում:
*****
Երբ աթենացի զորավար Տիմոթեոսը երբ պատրասվել է ծավամարտ մղել կորնթացիների նավատորմի դեմ, նրա նավի ղեկակալը սկսել է առաջխաղացումը դադարեցնելու ազդանշան տալ, քանի որ թիավարներից մեկը փռշտացել էր: Այդժամ Տիմոթեոսը նրան ասել է. «Դու մի՛ տագնապիր, այսքան հազար մարդկանցից մեկն էլ կարող է մրսած լինել»:
*****
Երբ աթենացի զորավար Քաբրիասը (մ.թ.ա. 4-րդ դար) նախապատրաստվել է ծովամարտի, նրա նավի առջև կայծակ է խփել, և զինվորները վախեցել են՝ համարելով դա վատ նախանշան: Քաբրիասը նրանց հայտարարել է. «Հատկապես հիմա պետք է մարտի մեջ մտնել, քանի որ աստվածներից մեծագույնը՝ Զևսը, ցույց տվեց, որ ինքը մեր կողքին է»: