Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տպավորիչ պատմություններ ու խոսքեր մարդկության հեռավոր և ոչ այնքան հեռավոր անցյալից

18:54, երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
Տպավորիչ պատմություններ ու խոսքեր մարդկության հեռավոր և ոչ այնքան հեռավոր անցյալից

Սելևկյան պետության Անտիոքոս 4-րդ (մ.թ.ա. 215 – 164 թթ.) թագավորը որսին հետապնդելու ընթացքում իր թիկնազորից բաժանվել է: Շուտով մի խրճիթ է նկատել: Խրճիթի աղքատ տերերը նրան սիրով հյուրընկալել են ու ընթրիք մատուցել: Ընթրիքի սեղանի շուրջ տանտերերն սկսել են խոսել թագավորի մասին, ասվել է, թե նա լավ, բարի անձնավորություն է, բայց շատ է ականջալուր լինում իր անմիտ մտերիմներին և այդ իսկ պատճառով շատ բաներ չի նկատում ու հաճախ էլ, տարվելով որսով, կարևոր գործերն անտեսում է: Անտիոքոսը լուռ լսել է այդ ամենը, և երբ առավոտյան խրճիթում հայտնվել են իր թիկնապահները, նա բացահայտել է իրեն, ուսերին է գցել ծիրանին, գլխին դրել է խույրն ու ասել.

«Այն ժամանակից ի վեր, ինչ ես ձեր վրա իշխանություն եմ ստացել, մինչև երեկ իմ մասին ոչ մի ճշմարիտ խոսք չեմ լսել»:

Երբ այս Անտիոքոսը պաշարել է Երուսաղեմը, հրեաները նրանից յոթնօրյա զինադադար են խնդրել իրենց ամենագլխավորը տոնը նշելու համար, և նա ոչ միայն յոթ օրով դադարեցրել է ռազմական գործողությունները, այլև հրամայել է քաղաքի դարպասների մոտ պոզերը ոսկեզօծված ցուլ, խունկ ու անուշաբույր բույսեր տանել զոհաբերության համար: Այդ բարեհոգությունն այնքան է շոյել հրեաներին, որ նրանք տոնակատարությունից հետո կամավոր հանձնվել են Անտիոքոսի ողորմածությանը:

***

Սելևկյան պետության փոքրասիական մասի կառավարիչ Անտիոքոսը (մ.թ.ա. 255 – 226 թթ.), որի մականունը «Ցին» է եղել, թագավորության գահին տիրելու համար տևական պատերազմ է մղել իր ավագ եղբոր՝ Սելևկոս 2-րդի (մ.թ.ա. 265 – 225 թթ) դեմ: Բայց երբ գալլերից ջախջախված Սելևկոսը անհետ կորել է, և բոլորը նրան այլև սպանված են համարել, Անտիոքոսն իր հագից հանել է արքայական իշխանություն խորհրդանշող ծիրանին ու սև թիկնոց է կրել: Իսկ երբ լուր է ստացել, թե Սելևկոսը փրկվել է, աստվածներին երախտագիտության զոհաբերություն է կատարել ու իր իշխանության ներքո գտնվող քաղաքների բնակիչներին հրամայել է ուրախություն խորհրդանշող պսակներով զուգվել:

***

Ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, ֆրանսիական առաջին «Հանրագիտարան» -ի ստեղծագործական խմբի ղեկավար Դենի Դիդրոն (1713 - 1784) հերթական անգամ այցելել է այն գրավաճառին, որի գրախանութում վաճառքի էր դրված «Հանրագիտարան» -ը: Դիդրոյի ներս մտնելու պահին գրավաճառը վերարկուն հագնելիս է եղել: Քանի որ գրավաճառը գեր է եղել և դժվարութամբ ու շատ դանդաղ է հագնվել, Դիդրոն բռնել է նրա վերարկուն և օգնել, որ հագնի: Գրավաճառը փորձել է հրաժարվել փիլիսոփայի օգնությունից: Բայց Դիդրոն համառել է՝ ասելով. «Թո՛ւյլ տվեք բռնեմ: Անհարմար մի՛ զգացեք: Ես գրավաճառի վերարկու բռնող առաջին հեղինակը չեմ» :

***

Ֆրանսիական բացարձակ միապետության հիմքերը դրած՝ արդեն մահամարձ կարդինալ Ռիշելյոյին (1585 – 1642 թթ.) խոստովանահայրը հարցրել է, թե ներո՞ւմ է նա արդյոք իր թշնամիներին: Կարդինալը պատասխանել է. «Ես պետության թշնամիներից բացի այլ թշնամի չեմ ճանաչում» :

***

Հռոմեացի մի ազնվազարմ տիկին նշանավոր փիլիսոփա և քաղաքական գործիչ Ցիցերոնի հետ զրուցելիս, երբ խոսք է բացվում իր մասին, ասում է, թե ինքն ընդամենը քառասուն տարեկան է:

«Սխալված կլինեի, եթե ձեզ չհավատայի, - ասել է Ցիցերոնը, - որովհետև արդեն տասը տարի է, որ դուք նույնն եք ասում»:

***

Միապետության դարաշրջանի Ֆրանսիայի մարշալներից մեկին՝ 77-ամյա Վիկտոր-Մարի դ՝Էստրեին (1660 - 1737), տեղեկացնում են, թե մահացել է 93-ամյա դուքս դը Տրեսմեն:
    
    

«Ամենևին էլ զարմացած չեմ, - արձագանքել է մարշալը, - նա լրիվ փտած էր: Միշտ էլ ասել եմ, որ նա երկար չի ապրի»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1593 | 0 | 0
Facebook
COMMENT.am