Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Եղել է ժամանակ, երբ թուրքն ու հայը միասին կռվել են քրդերի դեմ

21:37, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
Եղել է ժամանակ, երբ թուրքն ու հայը միասին կռվել են քրդերի դեմ

19-րդ դարի երկրորդ քառորդին Օսմանյան կայսրությունը ռեֆորմների խիստ կարիք է զգացել, և դրանք իրականացնելու գործում պետության հենարանն են դարձել նոր հողատերերն ու սեղանավորները, որոնք հարստացել էին հարկերի կապալառման, առևտրա-վաշխառուական ճանապարհով: Սակայն կալվածքների և իրավունքների ընդլայնման սրանց ցանկությանը դիմադրել է ավատատիրական հին վերնախավը, ուստի և առաջինները սուլթանին համոզել են զենքի ուժով հպատակեցնել ապստամբ հովտատերերին, քրդական մանր ու խոշոր խաներին, բեկերին, ապակենտրոնացման քաղաքականություն վարող թուրք փաշաներին: Ռեֆորմներով խիստ շահագրգռված են եղել արդյունաբերողներն ու առևտրականները, որովհետև կյանքի և գույքի ապահովության բացակայության պայմաններում անհնար է եղել անկուշտ ավատատերերից պաշտպանել սեփական ունեցվածքը, քարավանները փրկել կողոպտվելու սպառնալիքից, տնտեսապես կամրջել երկրի ասիական ու եվրոպական մասերը:

Մեհմեդ Ռեշիդ փաշան, որը եգիպտական գերությունից ազատվելուց հետո նշանակվել էր Սեբաստիայի կառավարիչ, սուլթանից հանձնարարություն է ստանում հպատակեցնել Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի քրդական ապստամբ դերեբեյներին (դերեբեյ – կիսաանկախ քուրդ խոշոր հողատեր), որոնցից շատերը 1830 – 34 թթ. օգնել էին սուլթանի դեմ ապստամբած Եգիպտոսի փոխարքա Մուհամեդ Ալուն և նրա որդի Իբրահիմ փաշային:

Սև ծովից դեպի Պարսկաստան տանող առևտրային մայրուղին քուրդ ավազակախմբերից մաքրելու նպատակով Մեհմեդ Ռեշիդ փաշան անցնում է Տավրոսի լեռները, այնտեղից՝ Տրապիզոն, ապա՝ Էրզրում ու Բայազետ՝ ոչնչացնելով մի քանի քուրդ ավազակախմբերի ու պահակակետեր նշանակելով: Այս գործողություններով նա շահում է Հայաստանի առևտրականների ու արհեստավորների համակրանքը:

Քսան հազարանոց թուրքական բանակը, ըստ էության, վերանվաճում է քուրդ բեկերին հպատակված շրջանների մեծ մասը: Առաջին լուրջ դիմադրությունը լինում է Ռևանդուզում, բայց, չնայած քրդական աշիրաթների կատաղի դիմադրությանը, Ռեշիդի բանակը հաղթում է՝ գերեվարելով քուրդ բեկին և ուղարկում է Կոստանդնուպոլիս: Այստեղ բեկը կաշառվում է սուլթանի խոստումներով ու, վերադառնալով Ջեզիրե, իր կողմնակից ցեղախմբերով միանում է կառավարական բանակին:


    

1836-ին Խարբերդի մոտակայքում խոշոր ճակատամարտ է տեղի ունենում քրդերի ու կառավարական զորքերի միջև: Քրդերի հզոր ցեղապետ Չոթելզադե Հաջի խանը երկու ամիս շարունակ կատաղի դիմադրում է օսմանյան բանակին: «...Տեղացի հայերը եռանդուն աջակցություն ցույց տվին Ռեշիդ փաշային, մինչև որ նա...կարողացավ...Եփրատն անցնելով Խարբերդ մտնել», - կարդում ենք մի փաստաթղթում: Խարբերդի ու Չարսանջակի քուրդ բեկերը կալանավորվում են ու խստորեն պատժվում: Հաշվի առնելով կայսրության շահերը՝ Ռեշիդ փաշան օգտագործել է տեղի հայ բնակչությանը և, պետք է խոստովանել, նրանց նկատմամբ շատ բարյացակամ է եղել:

Ռեշիդը հավաքում է Խարբերդի հայ մեծահարուստներին ու առաջարկում է անջատվել քրդերից, թողնել գավառը և տեղափոխվել Դիարբեքիր՝ խոստանալով, որ Դիարբեքիրի քրդերին իշխանությունները Դերսիմ ու Չարսանջակ կգաղթեցնեն: Ռեշիդը նաև խոստանում է զենք բաժանել հայերին ու նույնիսկ հայ փաշա նշանակել: Այս առաջարկը դրվում է հայ վերնախավի եռօրյա խորհրդակցության քննարկմանը, բայց մերժվում է: Խարբերդցի և չարսանջակցի հայերը մնում են իրենց երկրամասերում, իսկ քրդերից գաղթեցվում են միայն ապստամբության մասնակիցները:

Սուլթանի նպատակը ոչ թե ապստամբ թուրք փաշաների ու քուրդ բեկերի ոչնչացումն էր, այլ հնազանդեցումը: Գաղթեցվածներին կառավարությունը հողեր, արոտավայրեր է բաշխում՝ փոխարենը պահանջելով զինված զորաջոկատների կազմակերպում կայսերական բանակում ծառայելու համար:

1837 թվականի հունվարին Ռեշիդը մահանում է, և նրան հաջորդած Հաֆըզ փաշան (ազգությամբ չերքեզ) շարունակում է արշավանքն Արևմտյան Հայաստանում: Արշավանքի ընթացքում 15 հազար քուրդ է ոչնչացվում ու վեց հազար ընտանիք է գերեվարում: Գերվարվածներին տեղափոխում են Դիարբեքիր ու հողեր են տրամադրում: Զորքերի թիվն հասցնելով 24 հազարի՝ Հաֆըզ փաշան անցնում է Ալաճա դաղ:

Կառավարությանը չենթարկվող քրդական բազմաթիվ քոչվոր աշիրեթներ բարձրացել էին Անտիտավրոսյան Ալաճա դաղի բարձունքներ և ամուր դիրքեր էին գրավել: 1837 թվականի օգոստոսի 8-ին 12 ժամ տևած ճակատամարտում թուքական բանակը, տալով 800 զոհ, գրավում է լեռը: 1500 ռազմիկ կորցրած քուրդ ապստամբներն անձնատուր են լինում:

Հաֆըզ փաշան գերեվարած 4000 քրդերին Ալաճա դաղի ստորոտների արևակեզ ավազուտների միջով գրեթե մերկ վիճակում իջեցնելով՝ քշում է Մալաթիա ու շրջակա գյուղերը և ստիպում է նստակեցության անցնել: Քրիստոնյաներին այնքան վիշտ ու տառապանք պատճառած քուրդ դերեբեյներին, մանր ու խոշոր բեկերին, քուրդ ավազակներին ծնկի բերելը դրական քայլ կարելի է համարել:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1551 | 0 | 0
Facebook