Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժանտախտն ու հորինվածքի հենքի վրա ձևավորված աղանդը

21:14, կիրակի, 22 մարտի, 2020 թ.
Ժանտախտն ու հորինվածքի հենքի վրա ձևավորված աղանդը

Միջնադարյան Եվրոպայում ժանտախտի համաճարակի տարածումը կանգնեցնել փորձող մոլեռանդ հավատացյալների մեկ այլ հոսանքի անդամները փորձել են հանուն հավատի սխրանքներ գործելով արդյունքի հասնել: Քանի որ նրանք սպիտակ են հագել՝ ժողովրդի կողմից ստացել են «բիանկի» (իտալերեն՝ «սպիտակ») անունը:

Կաթոլիկության ծոցում ծնունդ առած այս նոր աղանդի հիմնադիրների հորինած առասպելի համաձայն՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի գյուղացի իբր դաշտում հանդիպել է ծպտված Հիսուսին, որն այս գյուղացուց հաց է խնդրել: Գյուղացին ներողություն է խնդրել՝ արդարանալով, թե իր հացը վերջացել է: Բայց Հիսուսը նրան խնդրել է ստուգել պայուսակը, որտեղ, ի զարմանս գյուղացու, մի ամբողջական հաց է եղել: Դրանից հետո Հիսուսը գյուղացուն հանձնարարել է գնալ ջրհորի մոտ, որպեսզի հացը ջրով թրջի: Գյուղացին առարկել է՝ ասելով, թե այդ կողմերում ջրհոր չկա, բայց և այնպես հնազանդվել է, և, ի վերջո, այդ վայրում ջրհոր է հայտնվել: Բայց ջրհորի մոտ Տիրամայրն է կանգնած եղել, որը գյուղացուն ուղարկել է հետ՝ Հիսուսի մոտ՝ հանձնարարելով նրան հաղորդել, որ «իր մայրն արգելում է հացը թրջել»: Գյուղացին կատարել է Աստվածամոր հանձնարարությունը, որին ի արձագանք Հիսուսն ասել է, թե «իր մայրը միշտ հովանավորում է մեղավորներին» ու որպեսզի գյուղացուն իր ասածն հասկանալի լինի, բացատրել է, որ եթե հացը թրջվեր, Երկրի ամբողջ բնակչությունը մեռնելու էր: Բայց հիմա, ասել է Հիսուսը, ինքը պատրաստ է ներել մեղավոր մարդկությանը և հանձնարարել է հացի երրորդ մասը թրջել, որը կհանգեցնի բոլոր քրիտոնյաների երրորդ մասի մահվան: Գյուղացին կատարել է հրամանը, որից հետո սկսվել է համաճարակը, որը կանգնեցնել կարելի է միայն ճերմակ հագնելով, աղոթքով, ապաշխարությամբ ու ծոմապահությամբ:

Եղել է նաև առասպելի երկրորդ տարբերակը: Այն հետևյալն է պատմել: Գյուղացին ցուլին հեծած գնալիս է եղել, երբ ինչ-որ հրաշքով տարվել է մի առանձնահատուկ տեղ, որտեղ նրան սպասել է մի հրեշտակ՝ գիրքը ձեռքին: Հրեշտակը գյուղացուն հրամայել է քարոզել ապաշխարության ու սպիտակ հագուստ կրելու անհրաժեշտության մասին: Հրեշտակը նաև հավելել է, թե աստվածային զայրույթը մեղմելուն անհարժեշտ մյուս հանձնարարականները պետք է գտնել գրքում:

Բիանկիների երթերը քաղաքներում մեծ քանակությամբ ամբոխ են հավաքել: Ճերմակ հագած, ձեռքներին՝ մոմեր ու խաչելության պատկերներ, նրանք քայլել են ու սաղմոսներ երգել՝ պաղատելով, որ Աստված գթասրտություն ցուցաբերի: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ երթերը պարտադիր գլխավորել են կանայք, և այդ կանանց երկու կողմում անպայման երկու մանուկներ են եղել:

Բայց կաթոլիկ եկեղուցուն ու հատկապես նրա վերնախավին ամենևին դուր չի եկել պաշտոնական հոգևորականության, աշխարհիկ իշխանության անհամար ներկայացուցիչների շահամոլ ու անբարո կենսակերպի, մեղսագործությունների, չարաշահումների, Աստծո պատվիրաններից հեռանալու վերաբերյալ քննադատությունն այս աղանդի ներկայացուցիչների կողմից: Նրանք ասել են, թե թվարկած և էլի բազմաթիվ ու բազամատեսակ մեղքերի պատճառով է, որ Տերն իր ժողովրդին համաճարակով է պատժում: Սպիտակազգեստները Հռոմի պապից պահանջել են հրաժարվել իր գահից և իր տեղը զիջել «ընչազուրկների պապին»: Իրեն Հովհաննես Մկրտիչ հռչակած նրանց առաջնորդն այս պահանջով մեկնել է Հռոմ, որտեղ նրան, պապի հրամանով, ձերբակալել են, ապա՝ այրել խարույկի վրա: Այս նույն ճակատագրին է արժանացել նաև աղանդի երկրորդ գլխավորը, որը փորձել էր ապստամբություն բարձրացնել սուրբ Աթոռի դեմ: Դրանից հետո աղանդը պաշտոնապես արգելվել է:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1899 | 0 | 0
Facebook
COMMENT.am