Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Սև մահ»-ը կամ ժանտախտի երկրորդ աշխարհավարակը

20:07, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
«Սև մահ»-ը կամ ժանտախտի երկրորդ աշխարհավարակը

Ջենովացիների չընդունած 20 նավերը Միջերկրական ծովով լողացին դեպի Ադրիատիկ ծով՝ հիվանդությունը տարածելով բոլոր այն նավահանգիստներում, որտեղ գոնե ժամանակավորապես նրանց թույլ տվեցին կառանել: Ջենովացիների նավատորմի մի մասն, այնուամենայնիվ, ապաստանում է Մարսելում՝ ժանտախտը տարածելով այդ հյուրընկալ քաղաքում: Մարսելը կորցնում էիր բնակչության գրեթե կեսը:

Ջենովայում համաճարակն սկսվում է 1347-ի դեկտեմբերի 31-ին: Մեռնում է 80-ից 90 հազար մարդ:

1348-ի հունվարին հիվանդությունը տարածվում է Վենետիկում. մահանում է բնակչության 60 տոկոսը:

Նույն ժամանակահատվածում համաճարակը սպանում է Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի բնակչության 50 տոկոսին: Ի դեպ, այդ ժամանակ Ավինյոնն է եղել Հռոմի պապի նստավայրը: Դիակներն այնքան շատ են են եղել, որ բոլորին չեն կարողացել հողին հանձնել ու նետել են գետը: Կղիմենտոս 6-րդ պապը ստիպված է եղել գետն օծել: Համաճարակի զոհ է դարձել նաև հռչակավոր բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկայի սիրած կինը՝ Լաուրան:

Համաճարակը Տոսկանա են հասցնում դարձյալ ջենովացիները, որտեղից այն ներթափանցում է մայրցամաքի խորքը: Առաջին զոհը Պիզան էր:

1348-ի մարտին համաճարակը ներթափանցում է Իսպանիա, որի զոհն է դառնում Արագոնի Էլեոնորա թագուհին, իսկ Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 11-րդը մեռնում է Ջիբլարթարը պաշարած բանակի ճամբարում:

Ալեքսանդրիայում սկսված համաճարակը 1348-ի գարնանը հասնում է Գազա, ապա՝ Սիրիա ու Պաղեստին: Դամասկոսը կորցնում է իր բնակչության գրեթե կեսը: Մեծ քանակությամբ ուխտավորներ համաճարակը հասցնում են Մեքքա, և այն տարածվում է ամբողջ Արաբական թերակղզում:

1348-ի գարնանը համաճարակ է սկսվում Բորդոյում. Վարակից մահանում է Անգլիայի Էդուարդ 3-րդ թագավորի կրտսեր դուստրը:

1348-ի հունիսին Փարիզի երկնքում արտասովոր վառ աստղ է հայտնվում, որը ժանտախտի նախանշան է համարվում: Ֆիլիպ 6-րդ թագավորը լքում է քաղաքը, բայց թագուհի Ժանա Բուրգունդացին մահանում է: Փարիզի համալսարանը կորցնում է իր պրոֆեսորներից շատերին:

Համաճարակն Անգլիա է ներթափանցում 1348-ի հուլիսին: Վարակն առաջինն «ընդունում են» Սաութեմփթոնն ու Բրիսթոլը: Ենթադրվում է, թե նավերն այս քաղաքներ հիվանդությունը բերել են ֆրանսիական Կալե նավահանգստից, որտեղ մինչ այդ ռազմական գործողություններ են ընթացել: Անգլիացները հարուստ ավարով են Կալեից հայրենիք վերադառնում: Ժամանակագիրն ասում է, թե «Բրիստոլում չէր մնացել մի կին, որ ֆրանսուհու զգեստ չկրեր»: Շատ հավանական է, որ այդ զգեստներից մեկով Անգլիա է ներթափանցել նաև ժանտախտը: 1349 թվականին մարդաթափ է լինում Անգլիայի ավելի քան հազար գյուղ: Ժանտախտն Անգլիայից անցնում է Շոտլանդիա. մահանում է բնակչության մեկ երրորդը:

1350 թվականի ժանտախտը հասնում է Լեհաստան, ապա Ռուսաստան: Հիվանդությունն ամայացնում է Գլուխովո, Սմոլենսկ, Կիև, Չերնիգով և Սուզդալ քաղաքները:

Ժանտախտի աշխարհավարակից Եվրոպայում ամենաշատ մարդկային կորուստներ ունեցել են Կենտրոնական Իտալիան, Հարավային Ֆրանսիան, Արևելյան Անգլիան և Սկանդինավիան: Գերմանիայի Նյորեմբերգ քաղաքում այս հիվանդությունից ոչ մի մահ չի գրանցվել:

Այս ժանտախտից 1331 – 1351 թվականների ընթացքում մահացել է Չինաստանի բնակչության կեսը:

Համաճարակը հանգեցնում է նրան, որ բնակչության թվի կտրուկ կրճատման հետևանքով սկսում է երերալ բազմադարյա ավանդույթը, և ֆեոդալական հարաբերություններն առաջին ճեղքվածքներն են տալիս: Շատ համքարություններ, որոնցում արհեստը հորից փոխանցվում էր որդուն, այժմ սկսում են ընդունել նոր մարդկանց: Նույն կերպ իր շարքերն ստիպված է լինում համալրել հոգևորականությունն ու բժշկական դասը: Տղամարդկանց պակասի պատճառով արդյունաբերությունում սկսում են ընդգրկել կանանց:

Ժանտախտի նահանջից հետո սկսվում է նոր գաղափարների ժամանակաշրջանը: Ահեղ վտանգի հանդիման՝ բազմադարյա քնից արթնանում է բժշկությունը: Աշխատող ձեռքի պակասը ենթավարպետներին, բատրակներին ու սևագործ բանվորներին հնարավորություն է ընձեռում գործատուների հետ սակարկել՝ պահանջելով աշխատանքի ավելի լավ պայմաններ ու ավելի բարձր աշխատավարձ: Ողջ մնացածները հաճախ ունևոր ժառանգորդի կարգավիճակում են հայտնվում՝ ստանալով համաճարակի ժամանակ մահացած իրենց ազգականի հողերն ու եկամուտները: Ստորին խավերն անմիջապես օգտվում են նոր իրավիճակից, որպեսզի հասնեն ավելի բարձր դիրքի և իշխանության: Ֆլորենցիացի Մետտո Վիլլանին դառնացած գերել է.

«Հասարակ ժողովուրդն հիմա պահանջում է ամենաթանկ կերակուրները, նրանց կանայք և երեխաներն այժմ կրում են այն պերճ հագուստները, որոնք նախկինում պատկանում էին նրանց, ովքեր ընդմիշտ լքեցին այս աշխարհը: Ներկայում անփորձ և անուսում սպասուհին և նրա ձիապահ տղաները պահանջում են առնվազն տարեկան 12 ֆլորին, իսկ ամենաանպատկառները՝ 18 և նույնիսկ 24, ինչ վերաբերում է դայակներին ու մանր արհեստավորներին, ապա նրանք սովորական գնի եռապատիկն են պահանջում: Նույնն են նաև դաշտում աշխատողները, որոնք միայն լավագույն հողերի վրա են աշխատել ուզում»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1668 | 0 | 0
Facebook
COMMENT.am