Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ղրղըզը, հանդիպելով ղրղըզին, առաջ նրա հոտի, ապա՝ նրա առողջական վիճակի մասին է հարցրել»

23:30, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
«Ղրղըզը, հանդիպելով ղրղըզին, առաջ նրա հոտի, ապա՝ նրա առողջական վիճակի մասին է հարցրել»

Նախորդ հոդվածում ասվեց, որ սկյութները Արևմտյան Թուրքեստանից են դեպի արևելք տարածվել: Արևմտյան Թուրքեստանը ներկայիս Միջին Ասիան է, իսկ ամբողջ Թուրքեստանն այն ամբողջ հսկայածավալ տափարակն է, որն ընկած է Կասպից ծովի և բուն Չինաստանի արևմտյան սահմանների միջև:

Թուրքեստանի հյուսիսային սահմանները Արալյան ու Բալխաշ լճերն են, Տյան Շանի լեռնաշխարհի մի ճյուղավորումն հանդիսացող Ջունգարյան լեռնաշղթան, Ալթայան լեռնաշղթան և Մոնղոլական լեռնադաշտը, իսկ հարավից՝ իրար հետ կապված չորս մեծ լեռնաշղթաները. արևմուտքից՝ Խորասանի լեռնաշղթան, որ Կասպից ծովից դեպի արևելք է ձգվում (այս շղթայի մի մասը Կոպետ դաղ է կոչվում), ապա հսկայածավալ Պամիրը, որից դեպի արևելք ձգվում են Կու Էն Լու և Ալթին դաղ լեռնաշղթաները: Պամիրից մինչև Ջունգարյան լեռնաշղթան եղած տարածությունը ծածկված է արևելքից արևմուտք ձգվող զուգահեռ լեռնաշղթաներով, որոնք միասին կազմում են Տյան Շան լեռնային համակարգը: Տյան Շանից մինչև բուն Չինաստանի սահմաններն ընկած մասը կոչվում է Արևելյան Թուրքեստան, իսկ դեպի արևմուտք՝ մինչև Կասպից ծովը տարածված երկրամասը կոչվում է Արևմտյան Թուրքեստան: Այս երկու Թուրքեստանների միջև իբրև անջրպետ բարձրացած Տյան Շանն ու Պամիրն այնքան խստաշունչ են ու դժվարանց, որ երկու Թուրքեստանների միջև հաղորդակցությունը դարեր շարունակ շատ դժվար է եղել:

Մեր թվականությունից 15 – 20 դար առաջ այս հսկայական տարածքներում ապրող մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվել: Իսկ անասնապահությունը թելադրում է անընդհատ տեղաշարժ: Նրանց ամբողջ հարստությունը չափվել է ոչխարների, կովերի, ձիերի, ուղտերի քանակով: Անասունների հոտը դրանով ապրող մարդու համար ապրուստի միակ աղբյուրն է եղել դարեր շարունակ: Ղրղըզը, հանդիպելով ղրղըզին, առաջ նրա հոտի, ապա՝ նրա առողջական վիճակի մասին է հարցրել: Իսկ հոտի առողջական վիճակը պայմանավորված է անասնակերով: Կենդանին մի որոշակի արոտավայրում երկար չի կարող մնալ: Մի արոտը վերջանալուց հետո հոտը մեկ այլ արոտ է քշվում, և այսպես շարունակ: Ասել կուզի՝ անասնապահը ստիպված է թափառական դառնալ, իսկ թափառիկ վիճակը պարտադրում է կյանքի շատ յուրահատուկ պայմաններ, մարդու բնավորությունը դաստիարակում է բոլորովին այլ սկզբունքներով: Թափառական կյանքը նստակեցության հակոտնյան ու անհաշտ թշնամին է եղել, որովհետև չի կարողացել ընդունել սեփականության իրավունքը, սահմանագծումները: Թափառականն ի բնե զինվոր է՝ թրծված այն մշտական կռիվներում, որ նա մղում է իր հոտը պահպանելու համար: Թաղիքե վրանում ապրողը թրծվում է նաև բնության տարերքի դեմ մղվող ամենօրյա պայքարում: Թափառական, քոչվոր անասնապահի համար իրավունքն իր ուժն է, իսկ ամենահեղինակավոր դատավորը զենքը: Արևելյան Թուրքեստանի անասնապահների համար նույնիսկ հացը՝ երկրագործության գլխավոր արտադրանքը, առաջնակարգ նշանակություն չի ունեցել: Քոչվոր անասնապահը հաց քիչ է գործածել ու հիմնականում սնվել է մսով ու կաթով: Առողջարար սնունդը, մշտական շարժուն կյանքը կլիմայական ծայրահեղ պայմաններում, կռվի և պաշտպանության մշտական անհրաժեշտությունը թափառական անասնապահին դարձնում են շատ դիմացկուն, անընկճելի ու անողոքության աստիճան դաժան:

Հնագույն ժամանակներից ի վեր Արևելյան Թուրքեստանի միլիոնավոր մարդկանց տարատեսակ խմբակցությունները, հետամուտ իրենց թափառական անասնապահության պահանջներին, շարունակ իրարից արոտավայրեր խլելու պայքարի մեջ են եղել: Մեկմեկու այս կամ այն տարածքից դուրս մղելով՝ նրանք ստիպել են այս կամ այն ցեղախմբին դուրս գալ իրենց բոլորի ընդհանուր հայրենիքի սահմաններից ու բախտ որոնել օտար երկրներում: Ահա այդպես են սկսվել ազգերի ու ցեղերի մեծ տեղաշարժերը Միջին Ասիայից դեպի աշխարհի տարբեր կողմեր: Արտագաղթողները չէին կարող ուղղվել ո՛չ դեպի հյուսիս, այսինքն՝ Սիբիր, ո՛չ դեպի հարավ՝ այսինքն՝ Հնդկաստան, որովհետև նրանց խորընդոտում էին լեռնային անանցանելի պատվարները: Ասիայի այս մասում բոլոր լեռնաշղթաները արևելքից արևմուտք են ձգվում, և, ուրեմն, թափառականների մեծ բանակները՝ օրդուները, կարող էին գնալ կա՛մ դեպի արևելք, կա՛մ դեպի արևմուտք: Շարժումը դեպի արևելք համեմատաբար հեշտ էր ու հասցնում էր հարուստ և քաղաքակիրթ Չինաստան: Արևմուտք տանող ճանապարհը համեմատաբար դժվարին էր, որովհետև անցնում էր Ջունգարիայի լեռնանցքներով: Բայց և այնպես այդ նեղ լեռնահովիտները չկարողացան խոչընդոտել նրանց քայլ առ քայլ մուտքը Արևմտյան Թուրքեստան: Անընդհատ տեղաշարժվող ցեղերի ու ազգությունների համար այս մեծ երկրամասը դառնում է այն առաջին հանգրվանը, որտեղ նրանք երկար կամ կարճ ժամանակով կանգ են առնում, վերակազմավորվում են, կրում են զանազան քաղաքական ու մշակութային ազդեցություններ, ապա շարունակում են իրենց տեղաշարժը դեպի Միջերկրական ծովի ափերը կամ դեպի Եվրոպա՝ մեծ ավերածություններ կատարելով նստակյաց մշակույթներում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3076 | 0 | 0
Facebook
COMMENT.am