Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անտառի նոր տիրակալը

20:47, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Անտառի նոր տիրակալը

Միապաղաղ կյանքից ձանձրացած Արջը՝ անտառի տիրակալը, որոշում է ընտրություններ անցկացնել՝ համոզված լինելով, որ անտառի բոլոր կենդանիները չեն համարձակվի իր դեմ քվեարկել (չէ՞ որ ինքն ամենաուժեղն է):

Արդ, նա անտառի բոլոր բնակիչներին հավաքում է բացատում ու առաջարկում է թեկնածուներ առաջադրել: Բոլորը լուռ են մնում, և միայն Մկնիկն է, որ համարձակորեն առաջ է գալիս ու ասում.

-Անտառի տիրակալի պաշտոնում առաջադրում եմ իմ թեկնածությունը:

Բոլորն սկսում են ծիծաղել, և նույնիսկ Արջն է ժպտում: Բայց Մկնիկը շարունակում է.

-Իմացե՛ք, որ ես խոսում եմ անտառի բոլոր մկների անունից. եթե ինձ չընտրեք, մենք՝ բոլոր մկներս, անտառից կհեռանանք և բնակություն կհաստատենք գյուղում՝ մարդկանց տներում: Գյուղում սնունդն առատ է, և մեզ, բացի կատուներից, ուրիշ ոչ մի կենդանի չի ուտի:

Աղվեսները, բվերը, օձերը և անտառի մյուս գիշատիչ կենդանիներն ու թռչունները խորհեցին, խորհեցին ու հանգեցին այն եզրակացության, որ առանց մկների իրենց կյանքը շատ կդժվարան, ավելին՝ առանց մկների չեն կարողանա գոյատևել: Նույնիսկ գայլերին միշտ չի հաջողվում նապաստակներ կամ եղջերուներ որսալ, մինչդեռ ուտելու ցանկությունը մշտական է, ու հաճախ հարկ է լինում մկներ ուտել: Նապաստակները, կուղբերը, եղնիկները և իշայծյամներն էլ հասկացան, որ քանի դեռ անտառում մկներն առատ են, գիշատիչներն իրենց քիչ կանհանգստացնեն: Եվ բոլոր կենդանիները միաձայն Մկնիկին ընտրեցին անտառի տիրակալ: Միայն գյուղաբնակ կատուները, լսելով ընտրության մասին, շտապեցին անտառ, որպեսզի Մկնիկի ընտրությանը դեմ քվեարկեն, բայց քանի որ նրանք անտառի քաղաքացիություն չունեին, զրկվեցին ընտրություններին մասնակցելուց:

Մկնիկը դարձավ անտառի տիրակալ, բայց նրա ցեղակիցների կյանքում, ավա՜ղ, ոչինչ չփոխվեց: Ինչպես առաջ էին նրանց խժռում, իրենց ներկայացուցչի տիրապետության շրջանում էլ նույնը եղավ: Եվ մկները պատվիրակություն ուղարկեցին անտառի նոր տիրակալին՝ հիշեցնելով, որ իրենք էլ են նրա օգտին քվեարկել: Մկնիկը լսեց նրանց ու ասաց.

-Ներեցե՛ք, իմ սիրելի՛ ժողովուրդ, շատ կուզենայի ձեզ օգնել, բայց Համակարգի դեմ ես անզոր եմ, Համակարգն ինձ դիմադրում է:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2795 | 0 | 0
Facebook
COMMENT.am