Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրեա ազգը պիտի երախտապարտ լինի Ստալինին

21:19, հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ.
Հրեա ազգը պիտի երախտապարտ լինի Ստալինին

Ստալինի հակասեմիտիզմը, որի մասին կարելի է կարդալ նրա գրեթե բոլոր կենսագրականներում, ո'չ կրոնական է եղել, ո'չ էթնիկական, ո'չ էլ կենցաղային: Նրա հակահրեականությունը եղել է զուտ քաղաքական և դրսևորվել է ոչ թե հրեատյացության, այլ հակասիոնիզմի ձևով: Վրաստանում, որտեղ Ստալինը հասակ է առել, հրեական գետտո չի եղել, և Վրաստանի հրեական սփյուռքը գրեթի լիովին ձուլվել էր վրացիներին, ներծծվել էր վրացական մշակույթով: Հրեաները Վրաստանում ապրել են դարեր ի վեր: Նրանք Հարավային Կովկասում հայտնվել են ոչ թե Եվրոպայից, այլ Պարսկաստանից, խոսել են վրացերեն ու վրացական անուններ են կրել:

Ստալինի հակասիոնիզմը առավել ցայտունորեն դրսևորվել է պատերազմից հետո, երբ «հրեական հարց» -ը միջազգային սուր խնդիր է դարձել:

Հրեաների խնդիրներին Ստալինի վերաբերմունքի քաղաքական բնույթն ակներև է այն փաստով, որ նա Իսրայել պետության ստեղծման գործուն կողմնակից է եղել: Կարելի է ասել նույնիսկ, որ առանց Ստալինի աջակցության, 1948 թվականին Պաղեստինի տարածքում հրեական պետության ստեղծումը գրեթե անհնարին կլիներ:

1946 թվականին Մեծ Բրիտանիան Պաղեստինում այլևս չէր կարողանում կայունություն պահպանել ու որոշում է հրաժարվել իր մանդատից: 1947 թվականի փետրվարին, երբ ՄԱԿ-ում Պաղեստինի հարցերով հատուկ հանձնախումբ է ստեղծվում, Մեծ Բրիտանիայի ենթամանդատային այդ տարածքում ապրում էր մեկ միլիոն 91 հազար մուսուլման արաբ, 614 հազար հրեա և 146 հազար քրիստոնյա:

Պաղեստինի խնդիրը ՄԱԿ-ի համար ևս շատ դժվարին է եղել: Մեծ Բրիտանինան, որի մանդատի ժամկետն ավարտվում էր 1948 թվականի մայիսին, պահանջել է ստեղծել բազմազգ պաղեստինյան պետություն: Դեռ 1943 թվականին այս սկզբունքով ստեղծվում է Լիբանանի հանրապետությունը, որը 1919 թվականից կառավարում էր ՄԱԿ-ի տված մանդատով լիազորված Ֆրանսիան: 1943 թվականին քրիստոնյաները, ուղղափառ հույները, հայերը և մարոնիտները կազմել են այդ երկրի բնակչության գրեթե կեսը, յոթ տոկոսը դրուզներ են եղել, իսկ մնացյալը` շիա և սունի դավանանքի մահմեդականներ:

ՄԱԿ-ի մյուս անդամները, նկատի առնելով արաբների և հրեաների միջև թշնամական հարաբերությունները, առաջարկում են ստեղծել Հարավսլավիայի կամ Շվեյցարիայի տիպի ֆեդերատիվ պետություն: Այդ նախագիծը դժվար իրագործելի էր, քանի որ Պաղեստինի երեք հիմնական կրոնական և էթնիկ խմբերը չունեին բավականաչափ մեկուսացված տարածքներ:

Երրորդ նախագիծը, որը պաշտպանում էին ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը, ենթադրում էր Պաղեստինը բաժանել պաղեստինական և հրեական երկու անկախ պետության: Հրեական պետության կազմի մեջ պիտի մտնեին հիմնականում հրեաներով բնակեցված տարածքները` Թել Ավիվ կենտրոնով, իսկ Պաղեստինի արաբական պետությանը պիտի տրվեին մնացյալ տարածքի մեծ մասը: Ենթադրվում էր Երուսաղեմը «բաց քաղաք» հռչակել` միջազգային վերահսկողության ներքո:

Պաղեստինի խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելն անհնարին է եղել, քանի որ Մեծ Բրիտանիան այդ դեպքում կարող էր օգտվել «վետո» -ի իր իրավունքից: Խնդրի լուծումը հնարավոր էր միայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի մասնակիցների քվեարկությամբ: Քվեարկության համար նախագծի նախապատրաստման համար ստեղծվում է հատուկ հանձնախումբ, որը մի քանի ամիս աշխատելուց հետո քվեարկության է ներկայացնում հենց այն նախագիծը, որի կողմնակիցն էին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը: Մեծ Բրիտանիան և բոլոր արաբական ու մուսուլմանական երկրները դեմ են լինում այդ նախագծին: Այս նախագծի ընդունման գլխավոր դժվարությունն այն էր, որ, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, դրա օգտին պետք է քվեարկեր ոչ թե պարզ մեծամասնությունը, այլ ՄԱԿ-ի անդամ երկրների երկու երրորդը: Այս պայմաններում ԽՍՀՄ-ի, այսինքն Ստալինի դիրքորոշումը վճռորոշ էր: Ստալինը փաստորեն վերահսկում էր ՄԱԿ-ի անդամ հինգ երկրների` ԽՍՀՄ-ի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Չեխոսլովակիայի և Լեհաստանի ձայները, իսկ 1947 թվականին ՄԱԿ-ն ուներ 60 անդամ:

Երկրորդ` վճռական քվեարկության նախօրեին` 1947 թվականի նոյեմբերի 19-ին, Գրոմիկոն հանդես է գալիս հստակ առաջարկությամբ.
     «Պաղեստինի խնդրի ուսումանսիրության փորձը ցույց տվեց, որ հրեաներն ու արաբները Պաղեստինում չեն ցանկանում կամ չեն կարող միասին ապրել: Սրանից տրամաբանական եզրակացություն է բխում. եթե Պաղեստինը բնակեցնող երկու ժողովուրդները, որոնք երկուսն էլ այս երկրում պատմական խորն արմատներ ունեն, չեն կարող ապրել միասնական պետության սահմաններում, ապա այլ բան չի մնում, քան մեկ պետության տեղում երկու պետություն` արաբական ու հերեական պետություն ստեղծել: Խորհրդային պատվիրակության կարծիքով գործնականում իրագործելի ոչ մի այլ տարբերակ հնարավոր չէ գտնել…»:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում տեղի ունեցած քվեարկությամբ 33 երկիր աջակցում է պաղեստինական ու հրեական անկախ պետությունների ստեղծմանը, 13 երկիր դեմ է քվերակում այդ նախագծին, և ձեռնպահների թիվը նվազելով` հասնում է 10-ի: Խորհրդային խմբավորման հինգ երկրներն ապահովում են անհրաժեշտ ձայների երկու երրորդը: Եթե այդ երկրներն աջակցեին արաբական դիրքորոշմանը, ապա «կողմ» և «դեմ» հարաբերակցությունը 28: 18 կլիներ, և դա չէր ապահովի անհրաժեշտ երկու երրրորդը, և Իսրայելի ստեղծումը ՄԱԿ-ը չէր ճանաչի:

Երբ 1948 թվականի մայիսի 17-ին պաշտոնապես հռչակվեց Իսրայելի անկախությունը, հաջորդ օրն ԱՄՆ-ը ճանաչեց այդ պետությունը` բայց միայն «դե ֆակտո», որը նշանակում էր, որ լիակատար դիվանագիտական հարաբերություններ չէին հաստատվում: ԽՍՀՄ-ը Իսրայելը ճանաչում է երկու օր անց, և անմիջապես` «դե յուրե»: ԽՍՀՄ-ը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած առաջին երկիրն է եղել, իսկ ԱՄՆ-ն այդ քայլն արել է 1949 թվականին:

Անկախության հռչակման օրը Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի և Հորդանանի բանակները ներխուժում են Իսրայել: Սկսվում է արաբաիսրայելական պատերազմը: Այս պատերազմում ԽՍՀՄ-ն արագ և արդյունավետ ռազմական օգնություն է ցուցաբերում Իսրայելին: Չեխոսլովակիայի և Ռումինիայի միջոցով ծովով Իսրայել է ուղարկվում տարբեր տեսակի մեծ քանակությամբ զենք: Այդ զենքի մեծ մասը եղել է Գերմանիայից բռնագրավված: Մատակարարվել են գնդացիրներ, ականանետեր, հրետանի, գերմանական «Մեսսերշմիտ» կործանիչներ: Իսկ Մեծ Բրիտանիան, ընդհակառակը, զենք է մատակարարել արաբական երկրներին: ԱՄՆ-ը արգելել է զենքի մատակարարումն այդ տարածաշրջան:

Արևելյան Եվրոպայից Իսրայել հասնող զենքի հետ միասին հրեական նորաստեղծ պետություն են գալիս Գերմանիայի դեմ պատերազմում մեծ փորձ ձեռք բերած մեծ քանակությամբ հրեա զինվորականներ: Գաղտնաբար Իսրայել են ուղարկվում նաև խորհրդային սպաներ: Մեծ ասպարեզ է բացվում նաև խորհրդային հետախուզության համար: Գեներալ Պավել Սուդոպլատովի վկայությամբ` Իսրայելը բրիտանացիների դեմ դիվերսիոն գործողություններում խորհրդային հետախույզներին ընդգրկել է 1946 թվականից սկսած:

Շատ հաճախ կարծիք է հայտնվում, թե Ստալինը հույս է ունեցել, որ Իսրայելին կկարողանա միացնել Խորհրդային խմբավորմանը: Ստալինն այդպիսի մտադրություն չի ունեցել: Իսրայելի ամերիկյան կողմնորոշումը շատ հստակ է եղել: Այս նոր երկիրն ստեղծվել էր ամերիկյան մեծահարուստ հրեաների փողերով: Այդ փողերով են գնվել այն զենքերը, որոնք մատակարարվել են Արևելյան Եվրոպայից: 1947 թվականին և' Իսրայելում, և' ԽՍՀՄ-ում շատերն այն համոզմանն են եղել, որ ՄԱԿ-ում ԽՍՀՄ-ի դիրքորոշումը բարոյական հենք է ունեցել: Մի կարճ ժամանակահատված Գրոմիկոն Իսրայելում ամենասիրված մարդն է եղել: Նույնիսկ Գոլդա Մեիրը 1947 և 1948 թվականներին համոզված է եղել, որ Ստալինը հրեանաերին օգնում է ինչ-որ բարձր բարոյական սկզբունքներից ելնելով:

Իրականում, Ստալինի կարծիքով, Իսրայելի ստեղծումը այդ ժամանակահատվածի և տեսանելի ապագայի համար համապատասխանել է ԽՍՀՄ արտաքին քաղաքական շահերին: Աջակցելով Իսրայելին` Ստալինը «սեպ է խրել» ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու արաբական երկրների միջև: Սուդոպլատովի վկայությամբ` Ստալինը կանխատեսել է, որ արաբական երկրները հետագայում ԽՍՀՄ-ի կողմը կդառնան: Մոլոտովի օգնական Միխայիլ Վետրովը Սուդոպլատովին վերապատմել է Ստալինի ասածը.

«Եկեք համաձայնենք Իսրայելի ստեղծման հետ: Դա արաբական երկրների հետույքում մախաթի պես մի բան կլինի և նրանց կստիպի թիկունք դարձնել Բրիտանիային: Վերջին հաշվով բրիտանական ազդեցությունը լիովին կխզվի Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում և Իրաքում»:

Ստալինի արտաքին քաղաքական կանխատեսումը հիմնականում իրականանում է: Արաբական և մուսուլմանական շատ երկրներում էականորեն թուլանում է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ԱՄՆ-ի ազդեցությունը:

Նկարում` Պաղեստինի բաժանման ծրագիրը 1947 թվականին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5965 | 0 | 0
Facebook