«Դժոխային մեքենա» արտահայտության ծագման մասին
«Կատյուշա» հրթիռային համակարգի «նախահայրը»
Սա եղել է թեք շրջանակին ամրացված քսանհինգ հարադիր ու հաղորդակցվող փողերով հրազեն, որը կարող էր գործի դնել մեկ մարդ` միաժամանակ քսանհինգ կոտորակ արձակելով: 1835 թվականի հուլիսի 28-ին կորսիկացի հանրապետական Ջուզեպե Ֆիեսկին «դժոխային մեքենա» -ն տեղադրում է Փարիզի Տամփլ պողոտայի թիվ 50 շենքի պատուհաններից մեկում: Հուլիսյան հեղափոխության հինգերորդ տարեդարձի առթիվ Լուի Ֆիլիպը պետք ընդուներ Ազգային գվարդիայի շքերթը մայրաքաղաքի գլխավոր պողոտաներում: Չնայած դավադրության մասին շրջանառվող լուրերին` թագավորը հրաժարվում է չեղյալ հայտարարել շքերթը: Ուրեմն, նա Թյուիլրիի պալատից մեկնարկած գվարդիականների ուղեկցությամբ հասնում է Բաստիլ: Այս երթն ամբոխի վրա մեծ տպավորություն է թողնում: Շքախմբի առջևում մարշալ Մորթիեն է` ձիուն հեծած, նրանից հետո թագավորն է` դարձյալ ձի հեծած, այնուհետև` թագուհու կառքը, որում նաև թագավորի երեք որդիներն են: Նրանց ուղեկցում են բազում նախարարներ, որոնց մեջ են Բրոգլիի դուքսը, Ֆրանսիայի ապագա նախագահ Ադոլֆ Թիերը և բազում մարշալներ ու սպաներ: Տամփլ պողոտայի թիվ 50 շենքի 4-րդ հարկի պատուհաններից մեկի շերտավարագույրը բարձրանում է, և կորսիկացի Ֆիեսկին, որն այդ բնակարանը մի քանի ամիս առաջ վարձակալել էր, ֆոսֆորային լուցկին մոտեցնում է վառոդի հետքին, և վայրկայաններ անց հրանոթները գրեթե միաժամանակ կրակում են: Այդ պահին թագավորը կռացած է եղել, որպեսզի ազգային գվարդիայի զինվորներից մեկի ձեռքից վերցնի խնդրագիրը: Նա ճակատին ընդամենը քերծվածքներ է ստանում, մինչդեռ ձին ծառս է լինում: Նրա որդիները չեն տուժում: Տասներեք մարդ սպանվում է: Տասնյակ վիրավորներից հաջորդ օրը մահանում են վեցը: Ընդհանուր առմամբ` 19 սպանված (այդ թվում` երկու մարշալ, որոնցից մեկը` մարշալՄորթիեն, մեկ բանակի գեներալ, մեկ կոմս և հինգ գվարդիական) և 42 վիրավոր: Մինչ փորձում էին զոհերին օգնել, երկրորդ պայթյունն է որոտում: Ազգային գվարդիակաները վազում են շենքի չորրորդ հարկ, որի պատուհանն արդեն թանձր ծխով էր պատված: Կոտրելով բնակարանի դուռը` նրանք ձերբակալում են մի քանի տեղից վիրավորված Ֆիեսկիին: Զոհերի մեծ մասին հասցնում են մինչև Թուրքական սրճարան, որտեղ առաջին օգնությունն են ցուցաբերում: Թագավորն ու շքախումբը շարունակում են ընթացքը, որպեսզի հնարավորինս շուտ հեռանան դավադրության վայրից: Ֆիեսկիին վիրակապում են և իջեցնում երրորդ հարկ, որտեղ թագավորի դատախազը` երկու կոմիսարի ընթերակայությամբ, հարցաքննություն է կատարում: Նա արձանագրում է, որ առաջին համազարկի ժամանակ հրազենի 25 փողերից հինգը պայթել են (հավանաբար, իր հանցակից Պիեր Մորեյը չափից ավելի է լիցքավորված եղել, որպեսզի միաժամանակ սպանվի կորսիկացին` դավադրության միակ վկան, և մեղքը գցվի տապալված Բուրբոնների կողմնակիցների վրա. դրա համար Մորեյը Ֆիեսկիի սենյակի պատին փակցրել էր «Շամբորի կոմսի» (այդպես են անվանել Կարլ 10-րդ թագավորի թոռանը) նկարը)` լրջորեն վիրավորելով նրան: Ֆիեսկիի երկու հիմնական հանցակիցները (դավադրության կազմակերպիչ Պիեր Մորեյը և դեղագործ Թեոդոր Պեպենը` դավադրության ֆինանսավորողը) մի քանի օր անց ձերբակալվում են: Դատավարությունն սկսվում է 1836-ի հունվարի 30-ին: Ֆիեսկին լիովին ընդունում է իր մեղքը և պահանջում է, որ իրեն մահապատժի ենթարկեն: Բոլոր երեք դավադիրն էլ մահվան են դատապարտվում և 1836-ի փետրվարի 19-ին գլխատվում են: Թագավորն օգտվում է այս դավադրությունից և Սենատին ստիպում է հաստատել մի շարք հալածական օրենքներ, որոնք ժողովուրդը «դժոխային օրենքներ» է անվանում: Չնայած զենքի այս տեսակը գոյություն է ունեցել 15-րդ դարում (Լեոնարդո դա Վինչին այն կատարելագործել է), այնուամենայնիվ, կարծիք է ամրագրվել, թե այս «դժոխային մեքենա» -ն է խորհրդային ճարտարագետին ներշնչել ստեղծելու «Կատյուշա» -ն, որին «Ստալինի երգեհոն» են անվանել: «Կատյուշա» -ն նախագծողների խմբի ղեկավարը՝ գեներալ Կոստիկովը, ի դեպ, Մոսկվայի Արբատ թաղամասի եկեղեցում Ջուզեպպե Ֆիեսկիի հիշատակին հոգեհանգստի պատարագ է պատվիրել: |