Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ.

Հոդվածներ

Ուրախությունից մահացած պայծառատես փիլիսոփա Քիլոն Սպարտացին

21:18, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
Ուրախությունից մահացած պայծառատես փիլիսոփա Քիլոն Սպարտացին

Մ.թ.ա. 6-րդ դարում ապրած այս իմաստասերը հոգին ավանդել է օլիմպիական խաղերում հաղթած կռփամարտիկ որդուն գրկելու պահին:


     Երբ եղբայրը բարկանում է, որ նա էֆոր (Սպարտայի գործադիր իշխանության ընտրովի պաշտոնյա) է դարձել, իսկ ինքը` ոչ, նա պատասխանել է. «Պատճառն այն է, որ ես կարողանում եմ դիմանալ անարդարությանը, իսկ դու չես կարողանում»:

Հույների պատմահայր Հերոդոտոսը նրա պայծառատեսության մասին հետևյալն է գրել.

«…Երբ այս Հիպպոկրատեսը դեռ հասարակ քաղաքացի էր և դիտում էր օլիմպիական խաղերը, մեծ հրաշք երևաց. երբ նա զոհաբերություն էր կատարում, այնտեղ դրված կաթսաները, որոնք լցված էին մսով և ջրով, սկսեցին եռալ առանց կրակի, և ջուրն սկսեց դուրս հորդել: Քիլոն Լակեդեմոնացին (Սպարտացին), որը դիպվածով այնտեղ էր գտնվում, տեսնում է այդ հրաշքը և Հիպպոկրատեսին խորհուրդ է տալիս նախ իր տուն երեխա ծնելու ընդունակ կին չբերել, իսկ եթե արդեն որդի ունի, հրաժարվել այդ որդուց: Բայց Հիպպոկրատեսը չցանկացավ կատարել Քիլոնի խորհուրդը: Այնուհետև նրան ծնվեց Պիսիստրատոսը»: Հետո Հերոդոտոսը պատմում է, թե այս Պիսիստրատոսը որքան փորձանքներ է բերում:

Ասում են, երբ նա Եզովպոսին հարցրել է, թե Զևսն ինչով է զբաղվում, վերջինս պատասխանել է. «Բարձրին ցածրացնում է, ցածրին` բարձրացնում»:

Երբ նրան հարցրել են, թե դաստիարակված մարդիկ ինչով են տարբերվում չդաստիարակվածներից, նա պատասխանել է. «Տված հույսերով», իսկ «ի՞նչն է դժվարը» հարցին պատասխանել է. «Գաղտնիք պահելը, ազատ ժամանակը չչարաշահելը և վիրավորանքին դիմանալը»:

Ահա նրա պատգամների մի փունջ.

Լեզվիդ ազատություն մի' տուր` հատկապես կերուխումի ժամանակ:

Մերձավորիդ մի' չարախոսիր, որպեսզի չլսես այնպիսի բան, որից ինք չես ուրախանա:

Մի' սպառնա, սպառնալիքը կնկա գործ է:

Բարեկամներիդ դժբախտությանն ավելի արագ փութա, քան երջանկությանը:

Ամուսնությունն առանց ճոխության կատարիր:

Մահացածներին մի' հայհոյիր:

Ծերությունը հարգիր:

Ավելի լավ է նյութական կորուստը, քան անպատիվ շահույթը. առաջինի կսկիծը մեկ անգամ է, երկրորդինը` ընդմիշտ:

Ուրիշի դժբախտությանից մի' ուրախացիր:

Ով ուժեղ է, նա էլ բարի է:

Լավ ղեկավարելը քո տանը սովորիր:

Զսպի'ր զայրույթդ:

Ուժիցդ վերին ձեռք մի գցիր:

Ճանապարհին մի' աճապարիր:

Խոսելիս ձեռքերդ մի' թափահարիր. դա խելապակասության նշան է:

Օրենքներին հնազանդվիր:

Ոսկով փորձում են Բարու և Չարի միջև տարբերությունը:


     Ասում են` ծերության տարիներին նա խոստովանել է, որ իր ամբողջ կյանքում ինքը ոչ մի հակաօրինական արարք չի կատարել, բայց մի արարքի առումով կասկածներ ունի: Դա հետևյալն է. երբ դատել են իր ընկերոջը, նա նրան օրենքի համաձայն մեղադրել է, բայց իր մյուս ընկերոջը խնդրել է, որ նրան արդարացնի: Այս կերպ նա ծառայել է և' օրենքին, և' ընկերությանը:

Հելլեների մեջ առանձնահատուկ փառաբանման է արժանացել նրա մարգարեությունը Սպարտային պատկանող Կիտիրա կղզու վերաբերյալ: Ծանոթանալով կղզու տեղադրությանն ու առանձնահատկություններին` Քիլոնը բացականչել է. «Լավ կլիներ, որ այն չգոյանար, իսկ եթե գոյացել է, ապա լավ կլինի, որ ջրասույզ լինի»: Եվ այս մարգարեությունը ճշմարիտ էր: Սպարտացի վտարանդի Դեմարատոսն Պարսից արքա Քսերքսեսին խորհուրդ է տալիս կղզու ափին կանգնեցնել իր նավատորմը: Եթե Քսերքսեսը նրան լսեր, ապա Հունաստանը կնվաճվեր: Ավելի ուշ, Սպարտայի և Աթենական ծովային միության միջև ընթացող Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ, Աթենքի նշանավոր պետական գործիչ ու զորահրամանատար Նիկիոսը գրավում է այս կղզին, այնտեղ կայազոր է տեղակայում ու ծանր հարվածներ է հասցնում սպարտացիներին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2221 | 0 | 0
Facebook
COMMENT.am