Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շրջահայաց Բենջամին Ֆրանկլինը

21:22, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
Շրջահայաց Բենջամին Ֆրանկլինը

Ամերիկացիները խորին հարգանք են տածում նաև Բենջամին Ֆրանկլինի՝ Ջորջ Վաշինգթոնի ժամանակակցի ու համախոհի հիշատակի հանդեպ: Ոչ միայն Ամերիկայում, այլև Եվրոպայում ժամանակակիցները նրան «Նոր Պրոմեթևս» են անվանել, որովհետև բնագիտության դոկտոր Ֆրանկլինն է շանթարգելի գյուտարարը: Նա հռչակվել է և՛ որպես գիտնական, և՛ որպես քաղաքական գործիչ: Նա եղել է և՛ գրող, և՛ հեղափոխական, և՛ ականավոր լուսավորիչ: Ֆրանկլինի նշանավոր դիմանկարի տակ լատիներեն գրված է. «Սանձեց երկնքի կայծակը, բռնակալների՝ գայիսոնը»:

Ժողովրդական բանահյուսությունը նրան «Բոլոր յանկիների հայր» տիտղոսին է արժանացրել:


     Երիտասարդ տարիներին դոկտոր Ֆրանկլինը տպագրիչ է աշխատել և գործի բերումով հաճախ է Ֆիլադելֆիայից Բոստոն գնացել: Ճանապարհին նա սովորաբար միշտ իջևանել է նույն հյուրանոցում, որի տերը, ինչպես և նրա բոլոր համերկրացիները, չափից դուրս հետաքրքրասեր են եղել: Նրանք իրենց հյուրերի մասին ամեն մի մանրամասն ցանկացել են իմանալ:

Մեկօրյա ճանապարհ անցած ու շատ հոգնած դոկտոր Ֆրանկլինը հենց որ հյուրանոցի ճաշարանում նստում է ընթրելու, հայտնվում է հյուրանոցատերն ու սկսում է հարցեր տալ:

Դոկտոր Ֆրանկլինը քաջածանոթ էր այդ մարդկանց բարքին, ուստի անմիջապես հասկանում է, որ եթե նույնիսկ պատասխանի հյուրանոցատիրոջ հարցերին, միևնույն է, նա նոր հարցեր կտա, ապա էլի նոր հարցեր, և այդպես շարունակ:

Նա որոշում է միանգամից այդ հարցուփորձերից գլուխն ազատել:

-Դուք կին ունե՞ք, հարգելի՛ս, - հարցնում է նա հյուրանոցի տիրոջը:

-Իհարկե՛, սը՛ր:

-Ա՛յ, ա՛յ, ա՛յ…և մինչև այժմ նրանց չեք ներկայացրել, - հանդիմանանքով ասում է Ֆրանկլինը:

Երբ տիրուհուն ներկայացնում են, երիտասարդ Ֆրանկլինը նրան հարցնում է.

-Քանի՞ երեխա ունեք, տիկի՛ն:

-Չո՛րս երեխա, սը՛ր:

-Ես երջանիկ կլինեի նրանց տեսնել, - ասում է Ֆրանկլինը:

Երեխաներին գտնում են ու ներկայացնում հյուրին:

-Իսկ քանի՞ ծառա եք պահում, - հարցնում է Ֆրանկլինը հյուրանոցի տիրոջը:

-Երկուսը, սըր. Մեկ խոհարար և մեկ սպասուհի:

Նրանց էլ հրավիրեք այստեղ, - խնդրում է Ֆրանկլինը:

Երբ ծառաները գալիս են, Ֆրանկլինը հարցնում է, թե հյուրանոցում էլ ով է մշտապես ապրում, և, տեղեկանալով, որ բոլորն արդեն հավաքված են, ամենայն հանդիսավորությամբ հայտարարում է.

-Սիրելի՛ բարեկամներ, ես ձեզ այստեղ եմ հրավիրել, որպեսզի բոլորիդ ներկայանամ: Իմ անունը Բենջամին Ֆրանկլին է: Ես քսան տարեկան եմ: Ես տպագրիչ եմ, աշխատում եմ տպագրատանը, ապրում եմ Ֆիլադելֆիայում և հիմա Բոստոն եմ գնում: Ես ձեզ կանչել եմ, որպեսզի հարցնեմ, թե հարցեր ունե՞ք ինձ տալու: Գուցե դուք ուզում եք իմ մասին էլի ինչ-որ բաներ իմանալ: Հարցրե՛ք, ես պատրաստ եմ պատասխանել: Իսկ երբ ձեր բոլոր հարցերին պատասխանեմ, հույս ունեմ՝ թույլ կտաք հանգիստ ընթրել:

Ի դեպ, երբ նախկին տպագրիչ Բենջամին Ֆրանկլինը բազում տարիներ անց, որպես ամերիկյան նորաստեղծ պետության դեսպան, աշխատանքի է անցնում Ֆրանսիայում՝ Փարիզում, այցելում է քաղաքի ամենանշանավոր տպագրատուն: Խախտելով դիվանագիտական վարքի կանոնները՝ նա մոտենում է տպագրական հաստոցին, ապա, թևքերը քշտելով, անցնում է աշխատանքի: Զարմացած ուղեկիցներին նա բացատրում է.

-Մի՛ զարմացեք, պարոնա՛յք, սա իմ նախկին մասնագիտությունն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6764 | 0 | 0
Facebook