Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ջորջ Վաշինգտոնը և մատղաշ բալենին

22:15, երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ.
Ջորջ Վաշինգտոնը և մատղաշ բալենին

Իմաստուն Ոդիսևսը, հավանաբար, այնքան մտահոգված չի եղել իր սիրելի որդու՝ Տելեմաքի դաստիարակությամբ, որքան Ջորջ Վաշինգտոնի հայրը, որը շատ է ջանացել որդու մեջ սեր ներարկել ճշմարտության հանդեպ:


     -Ճշմարտասիրությո՛ւնը, Ջո՛րջ, - ասել է հայրը, - երիտասարդի լավագույն զարդն է: Որդի՛ս, ես չէի ծուլանա 50 միլ ճանապարհ կտրել՝ միայն ու միայն տեսնելու այն պատանուն, որի մտքերն արդար են, իսկ շրթունքները՝ մաքուր, այնքա՛ն մաքուր, որ կարելի է հավատալ նրա յուրաքանչյուր խոսքին: Ամեն մի ծնողի սրտին շատ հարազատ է այդպիսի որդին: Իսկ ստի ճանապարհը բռնածի ոչ մի խոսքին որևէ մեկը չի՛ հավատա: Այդպիսի երիտասարդը բոլորի արհամարհանքին կարժանանա, այդպիսինի հետ ընկերացածների ծնողները հուսահատության կմատնվեն: Ո՛չ, որդի՛ս, իմ սիրելի՛, իմ անո՛ւշ Ջորջ, ավելի լավ է ես սեփական ձեռքերով քո գերեզմանը փորեմ, քան թույլ տամ, որ դու այդ խայտառակիչ ճանապահը բռնես: Ո՛չ, ո՛չ, ավելի լավ է իմ թանկագին որդուն կորցնեմ, քան նրանից թեկուզ մեկ սուտ խոսք լսեմ:

-Սպասի՛ր, հայրիկ, - արձագանքում է Ջորջը, - բայց մի՞թե ես երբևէ ստել եմ:

-Ո՛չ, Ջո՛րջ, փա՛ռք Աստծու, երբեք չե՛ս ստել, որդի՛ս: Եվ հույս ունեմ, թե երբեք էլ չես ստելու: Իսկ ես էլ երդվո՛ւմ եմ՝ երբեք առիթ չեմ տա, որ դու ստես: Ինչո՞ւ եմ դա ասում, որովհետև գիտեմ, որ, պատահում է, ծնողներն իրենք են իրենց զավակներին դեպի այդ ծանր մեղքը մղում, երբ ամեն մի աննշան զանցանքի համար, բարբարոսների նման, նրանց ծեծում են: Բայց այդպիսի բան քեզ չի սպառնում, և դու դա գիտես: Ես միշտ քեզ ասել եմ ու հիմա էլ նորից կրկնում եմ, որ եթե երբևէ մի որևէ վրիպում թույլ տաս, սխալ գործես, դե՛, ինչ խոսք, այդպիսի բան բոլորի հետ էլ կարող է պատահել, մանավանդ, որ դու տակավին երեխա ես, պարտավորեցնում եմ քեզ՝ երբեք խաբեության, ստի թիկունքում չթաքնվես, այլ համարձակորեն ու բացահայտորեն, որպես իսկական տղամարդ, խոստովանես ինձ այդ մասին:

Հոր խրատները, գուցե ձանձրալի, բայց, որքան էլ տարօրինակ թվա, արգասաբեր են եղել: Հետևյալ պատմությունն են պատմում, և այդ պատմությունը ծայրից ծայր ճշմարիտ է: Ահա թե ինչու ափսոս կլինի, եթե այն վերստին չպատմվի:

Երբ Ջորջը վեց տարեկան է դառնում, նրան փոքրիկ կացին են նվիրում: Ինչպես իր հասակի բոլոր երեխաները՝ նա ևս շատ հպարտ էր այդ նվերի համար և այն երբեք ձեռքից չէր գցում՝ աջ ու ձախ կտրատելով այն ամենը, ինչը հանդիպում էր իր ճանապարհին:

Մի անգամ նա զբոսնում էր իրենց տնամերձ այգում ու զվարճանում՝ մեկ հարվածով կտրելով այն ցցափայտերը, որոնք նախատեսված էին աճող սիսեռների համար: Երեխան մեկ էլ որոշում է իր կացնի սրությունը փորձել մատղաշ բալենու, որ տնկել էր նրա հայրը:

Հաջորդ օրվա առավոտյան Ջորջի հայրը նկատում է, թե ինչ է տեղի ունեցել: Նա անմիջապես տուն է մտնում ու զայրացած պահանջում է ասել, թե ով է այդ չարագործությունը կատարել:

-Այդ բալենու համար նույնիսկ հինգ գինեյ էին վճարում, բայց ես չտվեցի, - ասում է նա, - որովհետև այն ինձ համար փողից էլ թանկ արժեր:

Բայց տնեցիներից ոչ ոք չի կարողանում նրա հարցին պատասխանել կամ որևէ բացատրություն տալ: Եվ այդ պահին հայտնվում է Ջորջը՝ փոքրիկ կացինը ձեռքին:

-Ասա՛ ինձ, Ջո՛րջ, - դիմում է նրան հայրը, - իսկ դու պատահաբար չգիտե՞ս, թե ով է կտրել իմ սիրելի բալենին:

Հարցը տղայի համար, բնականաբար, դժվարին է եղել: Մի պահ նա նույնիսկ կարկամել է, բայց հաջորդ պահին ուշքի է եկել և համարձակորեն բացականչել է.

-Մի՛ հարցրու, հայրի՛կ: Չէ՞ որ դու գիտես, որ ես ստել չեմ կարող: Մի՛ հարցրու:

-Մոտեցի՛ր, թանկագի՛ն զավակս: Արի՛ քեզ գրկեմ, - ասել է հուզված հայրը: Ես ուզում եմ քեզ կրծքիս սեղմել, որովհետև երջանիկ եմ: Ես երջանի՛կ եմ, Ջո՛րջ, որ դու, թեպետ վնասելես իմ սիրելի մատղաշ բալենին, բայց այս պահին դրա հազարապատիկն ինձ վաճարեցիր: Որդի՛ս, քո այս խիզախ արարքն ինձ համար ոսկե պտուղներ պարգևող հազար ծառից թանկ է:

Ջորջ Վաշինգտոնի ժամանակակիցները լիովին համոզված են եղել, որ իրենց նախագահը չափազանց ազնիվ անձնավորություն է: Իսկ ազնվությունն այն ժամանակներում միշտ հարգի է եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5187 | 0 | 0
Facebook