Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհրդապաշտական նշանակության հմայիլ-քարի` ագաթի մասին

13:19, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Խորհրդապաշտական նշանակության հմայիլ-քարի` ագաթի մասին

Քարի անունը ծագել է Սիցիլիա կղզու Աքատես գետի անունից: Վաղնջական ժամանակներից այս գետում գտել են «քաղկեդոն» (եղնգնաքարի, հասպիսի, ոսկե զմրուխտի, սարդիոնի և մետաղակերպ օքսիդների կարգին պատկանող այլ թանկագին քարերի ընդհանուր անվանումը) անունը կրող քարի այս տարատեսակը` ագաթը:


     Ըստ հնագույն առասպելներից մեկի` ագաթը երկնային սպիտակ արծվի աչքն է, որը սև կախարդի դեմ կռիվ տալուց հետո ընկնում է երկրի վրա ու քար է դառնում, իսկ նրա աչքերը շարունակում են նայել մարդկանց` նրանց բարի գործերն առանձնացնելով չար գործերից:

Ագաթին նաև «Արարչի աչք» անունն են տվել:

Ագաթը շաղկապել են Ցուլի նշանի հետ: Այն համարվում է մայիս ամսվա հմայիլ քարը: Ասում են` Ցուլի «ներկայացուցիչներին» իբր օգտակար է ագաթից պատրաստաված զարդ կրելը, եթե նրանց ոգեշնչում և նպատակի հստակ իմացություն է հարկավոր: Քարն իր տիրոջն իբր տալիս է մեղմություն ու մարդկանց հետ պատշաճ վարվեցողություն ու միաժամանակ բնավորության կայունություն: Աստղաբաշխությունն այս քարը շաղկապում է Երկրի տարերքի, Մերկուրի, Լուսին, Վեներա և Սատուրն մոլորակների հետ: Ագաթը պաշտպանում է չար աչքից ու թույներից, պաշտպանում է վատ երազներից, սթրեսներից, դրա տիրոջն առողջություն, բարգավաճում ու երկարակեցություն է պարգևում: Հնում ագաթն օգտագործել են փոթորիկները վանելու համար, այն դրել են քնած մարդու բարձի տակ, որպեսզի նա պայծառ ու բազմազան երազներ տեսնի:

Ասում են` ագաթը չի կարող փոխել հույզերը, բայց կարող է օգնել, որ հույզերի նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Օրինակ` եթե դուք տխուր եք, այն ձեզ կհուշի, որ ամեն ինչ անցնելու է: Ահա թե ինչու այն համարվում է այն հզոր քարը, որը չընկրկելու ուժ է տալիս: Եթե կարևոր որոշում եք ուզում կայացնել, կրեք այն:

Ագաթը համարձակություն ու ինքնավստահություն է հաղորդում, որպես հմայիլ` պաշտպանում է կախարդներից ու վամպիրներից: Անցյալում հավատացել են, թե այս քարը հիշողությունն ամրապնդող ու գիշերային մղձավանջները վանող հատկություն ունի: Լավ երազներ տեսնելու համար խորհուրդ են տվել ագաթը դնել բարձի տակ:

Սև ագաթը արական քար է համարվել: Սև ագաթով մատանին տղամարդուն անդիմադրելի է դարձնում կանանց աչքում, մեծացնում է նրա արական ուժը: Իսկ բաց գույնի ագաթները հնուց ի վեր համարվել են կանանց հովանավոր քարեր:

Հնում այս քարից տարատեսակ զարդեր ու արձանիկներ են պատրաստել: Հին հույները համոզված են եղել, թե ագաթն իր տիրոջը ողջամտություն է պարգևում, նրանից վանում է մռայլ, դավադիր մտքերն ու խանդի զգացումը: Հին Հռոմում ագաթն ընծայված է եղել պտղաբերության աստվածուհուն, այն համարել են երկրագործների ու այգեգործների պահապան քարը: Ագաթե գնդիկները շարել են այգու պարսպի երկայնքով, որպեսզի բույսերին պաշտպանեն անբարենապաստ եղանակից: Հռոմեացի պատմագիր Պլինիոս Ավագը գրում է, թե ագաթը մարզիկներին օգնում է հաղթել, քանի որ նրանց հանդարտություն, համարձակություն և ուժ է պարգևում ու նաև ճնշում է ծայրահեղ զայրույթը:

Ագաթից զարդերն այն կրողին ինքնավստահություն, իսկ նրա խոսքին` պերճություն և համոզչություն են հաղորդում: Սև ագաթը պաշտպանում է վտանգներից, իշխանությամբ է օժտում Խավարի ուժերի նկատմամբ, հավասարակշռում է հույզերը: Երբևէ սովորույթ է եղել համատեղ ամուսնական կյանքի 12-ամյակի առթիվ ամուսիններին ագաթներ նվիրել:

Միջնադարյան Եվրոպայում հատկապես արժեվորվել են սև ագաթները: Այս քարը չար ուժերի վրա իբր իշխանություն է տալիս և այդ իսկ պատճառով որպես հուռութք է ծառայել: Բայց ագաթը նաև «կարող է» տիրոջը տխրության գիրկը նետել: Շերտավոր ագաթները տղամարդուն «օժտում են» հմայքներով: Հեքիմները ծարավից տառապող հիվանդների բերանը ագաթ են դրել ու պատվիրել, որ նա այն բերանում տևական ժամանակ պահի. համոզմունք է եղել, թե ագաթը մեղմում է այդպիսի հիվանդների տառապանքը: Մամռակալած ագաթը «օժանդակել է» բերքատվության բարձրացմանը և «պաշտպանել է» ոճրագործություններից:

Բայց խորհուրդ են տվել այն որպես սիրային հմայիլ չնվիրել: Շատ ժողովուրդներ հնում այն համոզմանն են եղել, թե ագաթը թեթևացնում է ծննդաբերական ցավերը:

Միջնադարյան բուժակները քրոնիկական հազից ու ստոմատոլոգիական հիվանդություններից տառապողներին խորհուդ են տվել ագաթե ուլունքներ կրել: Այս քարին էլ ավելի մեծ բուժական զորություն տալու համար ագաթե գնդի մակերեսին առողջության հորդոր են փորագրել: Տարածված են եղել հիվանդության խորհրդանշական պատկերներով ագաթները (օրինակ՝ մազերն արձակած կինը խորհրդանշել է միգրեն հիվանդությունը): Համոզմունք է եղել, որ այդ խորհրդանշանները հալածում են հիվանդությունը:

Ըստ հին հավատալիքի՝ ջրին խառնած ագաթի փոշին հզոր բուժամիջոց է: Այդպիսի ջուրն օգտագործվել է վերքերը բուժելու, մեղվի, օձի, կարիճի խայթոցների դեմ:

Ժամանակին մարդկանց համոզել են, թե ագաթն ամրապնդում է տեսողությունը, կարգավորում է մարսողությունը, հիվանդությունից պաշտպանում է երիկամները, բարելավում է լսողությունը, պաշտպանում է մաշկային հիվանդություններից: Ստամոքսի ցավերի դեպքում ագաթը դրել են որովայնի խոռոչում գտնվող արևային հյուսակի վրա: Հեքիմները ագաթով «ամրապնդել են լնդերը, իսկ սև ագաթով «բարելավել են» մարսողական համակարգի ու արյունատար անոթների աշխատանքը:

Հնուց ի վեր ագաթն օգտագործվել է զարդեր, կնիքներ, անոթներ ու քանդակներ պատրաստելու համար: Ագաթից պատրաստված աչքերը տեղադրվել են արձանների ակնախոռոչներում` չար ուժերին վախեցնելու նպատակով:

Վերածնության դարաշրջանի Իտալիայում ագաթը վարպետների հմայիլ է ծառայել: Ագաթից պատրաստված ամենախոշոր առարկան պահպանվում է Վիեննայի թանգարաններից մեկում. Դա 75 սանտիմետր տրամագիծ ունեցող սկուտեղ է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10992 | 0 | 0
Facebook