Ավտոմեքենաների ապրանքանիշերը խորհրդանշում են արտադրողին, որը տվյալ խորհրդանիշով երաշխավորում է իր արտադրանքի որակը:
«Ալֆա-Ռոմեո» ընկերության ապրանքային նշանի վրա պատկերվել են կարմիր խաչ սպիտակ մակերեսի վրա ու թագակիր օձ: Տվյալ խորհրդանշանը փոխառնված է Միլանի` Վիսկոնտին տոհմի դուքսերի զինանշանից: Խաչը հանդիսացել է խաչակրաց արշավանքներին մասնակցած Լոմբարդիայի ասպետների զինական խորհրդանշանը: Օձը խորհրդանշում է հինգերորդ դարում Միլանի շրջակա բնակավայրերն ամայացրած այն վիշապին, որին, ըստ առասպելաբանության, սպանել է Վիսկոնտի տոհմի նախահայր Ումբերտոն: Երկար ժամանակ խորհրդանշանը շրջապատված է եղել դափնեպսակով, որը ցույց է տվել, որ 1925 թվականի համաշխարհային ավտոմրցավազքում մեքենան «Մեծ մրցանակ» -ի է արժանացել:
Իսկ «Աուդի» մակնիշի մեքենայի ապրանքանիշին պատկերված` միմյանց ագուցված չորս օղակները խորհրդանշում են այն չորս ընկերությունները, որոնց միաձուլումից ծնունդ է առել «Աուդի» ընկերությունն ու նրա արտադրանքը: Թեպետ 1964 թվականին «Ֆոլկսվագեն» -ն է դառնում «Աուդի» -ի սեփականատերը, բայց ագուցված չորս օղակների խորհրդանշանը պահպանվում է:
«BMW» - ի խորհրդանշանը պտտվող պրոպելլերի պատկերն է: 1920 թվականին պրոպելլերը ոճական լուրջ փոփոխության է ենթարկվում, և այժմ այն չորս հավասար մասի բաժանված բոլորակ է՝ ներկված Բավարիա երկրամասի համար դարեր ի վեր «հարազատացած» կապույտ և սպիտակ գույներով: