Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միջնադարյան սնոտի խավարամտության «գոհարներ». հոգին սատանային ծախելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին

16:12, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Միջնադարյան սնոտի խավարամտության «գոհարներ». հոգին սատանային ծախելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին

Բոլորին և յուրաքանչյուրին հայտնի է, որ մարդկային ցեղի թշնամին երբեք որևէ մեկին ձրիաբար ոչ մի ծառայություն չի մատուցում, և իր ծառայությունների համար, որպես վարձատրություն, ընդամենը մեկ բան է վերցնում ՝ մարդու հոգին: Ով իր կենդանության ժամանակաշրջանում ցանկանում է օգտվել սատանայի զորությունից, սովորաբար, նրան իր հոգին է զիջում: Հենց այս «հողի վրա» էլ նրանց միջև պայմանագիր է կնքվում, և որպեսզի պայմանագիրն անխախտ լինի, այն գրի է առնվում, և մարդը դրա տակ իր արյամբ է ստորագրում:


     Միջնադարյան Եվրոպայում կախարդների, վհուկների ու նրանց մերձավորների նկատմամբ տեղի ունեցած անհամար դատավարություններն այդ պայմանագրերի վերաբերյալ բազմաթիվ անչափ հետաքրքրական փաստեր են պարունակում:

Ներկայացնում եմ այդ պայմանագրերից մեկը, որը տպագրվել է «De la vocation des magicians et magiciennes» («Կախարդների և կախարդուհիների կոչման մասին») գրքում: Գիրքը հրատարակվել է Փարիզում, 1623 թվականին: Հիշյալ պայմանագիրը կնքվել է հայր Լոիս (Լյուդովիկոս) Գոտֆրիդի հետ: Ահա պայմանագրի տեքստը:

«Ես՝ պատեր (հայր) Լոիսս, հրաժարվում եմ այն բոլոր հոգևոր ու մարմնական բարիքներից, որոնք կարող են ինձ տրվել կամ առաքվել Աստծուց, Կույսից ու բոլոր սրբերից, հատկապես իմ հովանավոր Հովհաննես Մկրտիչից, սուրբ առաքյալներ Պետրոսից ու Պողոսից և սուրբ Ֆրանցիսկոսից: Իսկ քեզ՝ Լյուցիֆեր, որին ես տեսնում եմ և որի տեսությանն եմ արժանանում, տրվում եմ իմ բոլոր բարի գործերով, որոնք կատարելու եմ՝ բացառությամբ Սուրբ Խորհուրդների՝ կարեկցությունից մղված նրանց հանդեպ, որոց ես այսուհետև քարոզելու եմ, և հանուն դրա ես ստորագրում եմ ու վկայում»:

Սատանան էլ հետևյալն է պարտավորվում.

«Ես՝ Լյուցիֆերս, իմ ստորագրությամբ խոստանում եմ քեզ՝ պարոն հայր Լոիս Գոֆրիդին, տալ ուժ և զորություն՝ բոլոր կանանց ու աղջիկների, որոնց դու կցանկանաս, բերանների մեջ փչելով կախարդել, որի համար ստորագրում եմ, Լյուցիֆեր»:

Հատկանշական է, որ միջին և հետագա դարերում Արևմտյան Եվրոպայի հատկապես կաթոլիկական երկրներում սատանայի հետ պայմանագիր են կնքել հոգևոր կոչում ունեցող և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Այսպես, օրինակ, նման «գործարքների մասնագետ» Բոդենը գրում է Իսպանիայի կանացի մենաստաններից մեկի մայրապետ, ոմն Մագդալինե Դելակրուայի մասին: Սրա ղեկավարած մենաստանի միանձնուհիների աչքի առաջ զարմանալի բաներ են տեղի ունենում, այնպիսի բաներ, որոնց մասին միանձնուհիները չեն կարողանում լռել: Եթե սկսեին խոսել, պատվարժան մայրապետը պիտի խարույկ բարձրանար: Այդ ողբալի ու ամոթալի վախճանից խույս տալու համար մայր Մագդալինան շտապում է մեղայականով ներկայանալ Հռոմի պապին: Նա խոստովանում է, թե դեռ տասներկուամյա հասակում կապվել է սատանայի հետ, և այդ կապը շարունակվել է երեսուն տարուց ավելի: Ըստ նրա խոսքի՝ սատանան իրեն ամեն օր (ավելի ճիշտ՝ ամեն գիշեր), այցելել է ու իր կողքին լիակատար տանտեր է զգացել: Եվ ամենևին պատահական չէ, որ նրա հետ տարատեսակ հրաշքներ են կատարվել: Օրինակ՝ եկեղեցական ծառայության ժամանակ նա հանկած օդ է բարձրացել: Հաղորդության ժամանակ հոգևորականի ձեռքից նշխարը ինքն իրեն «սավառնել է» ու հայտնվել նրա բերանում: Այս բոլոր արտասովոր բաները միանձնուհիների աննկարագրելի զարմանքն են հարուցել: Նրանք բոլորն իրենց մայրապետին սուրբ են կարծել, բայց «սրբին» տանջել է կասկածը, թե սատանան մի ճր էլ կարող է իր հետ մի ինչ-որ չար կատակ անել, որը կարող է սրբության չնմանվել, և այդժամ իր համար վատ է լինելու: Հենց այդ հանգամանքն էլ նրան հարկադրում է ապաշխարել պապի առջև: Թե ինչ արդյունք է ունեցել այդ ապաշխարությունը, ոչինչ չի ասվում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4697 | 0 | 0
Facebook