«...Եվ Հիսուս, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին և լումայափոխների սեղանները ցրեց ու աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց. և չէր թողնում, որ որևէ մեկը տաճարի միջով նույնիսկ որևէ բան անցկացնի։ Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրված է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր» » (Մարկ. 11: 15-17) ։ Ստիպված եմ անդրադառնալ այս երևույթին, որին իմ ողջ կյանքում առաջին անգամ եմ հանդիպում և ելնելով երևույթի, մեղմ ասած, տգեղ ու ոչ հարիր լինելուց՝ պահանջում եմ և հայտնում, որ Գոշավանքի եկեղեցի մտնողները այսօր բոլորն էին պահանջում, որովհետև չափազանց վրդովված ու ապշած էինք յուրաքանչյուրս:
Անմիջապես եկեղեցու ներսից վերացրե՛ք այս խանութը: Եկեղեցին առևտրի սրահ կամ տոնավաճառ չէ: Զբոսաշրջիկներն ու հենց մենք՝ հայերս, ապշած էինք այսօր: Պատմական եկեղեցու ներսում, հենց սրահում, տարբեր իրերի վաճառք է իրականացվում: Սա աններելի է...
Մոտեցանք եկեղեցում նստած միակ հոգևորականին, ով ասաց, թե իբր ինքը նույնպես դիմել է պատկան մարմիններին, և իբր խանութը հետագային նախատեսվում է դրսում դնել: Իսկ մինչ այդ, սա ո՞նց կարելի է ընդունել: Ովքե՞ր են պատասխանատու: Խնդրում եմ, պահանջում եմ, անմիջապես արգելե՛ք այս ամոթալի նախաձեռնությունը:
Լուսանկարել եմ այսօր: Հետևելու եմ խնդրին:
Նուշիկ Միքայելյան Գրող, հրապարակախոս