Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կաթողիկոսի պնդմամբ՝ «այս երկիրը հեղափոխության կարիք չուներ»...

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
22:17, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
Կաթողիկոսի պնդմամբ՝ «այս երկիրը հեղափոխության կարիք չուներ»...
    
«Վիկիլիքսի» ՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի շուրջ հրապարակած փաստաթղթերի շարքում հատուկ անդրադարձ կա նաեւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Պետդեպարտամենտին ուղարկված հաղորդման հեղինակը ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն է, ով ներկայացնում է կաթողիկոսի հետ 2008 թ. նոյեմբերի 3-ին կայացած հանդիպման մանրամասները: Հանդիպման առաջարկը եղել է Յովանովիչի կողմից, որի ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի քաղաքական դրությունը, 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակն ու եկեղեցու կեցվածքը: Փաստաթղթում ներառված են ոչ միայն կաթողիկոսի ուշագրավ մտքերը, այլեւ ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունները:
     Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ կաթողիկոսը Մարի Յովանովիչին մանրամասնորեն ներկայացրել է Մարտի մեկի դեպքերի շուրջ իր մոտեցումները եւ հետընտրական իրադարձությունների ժամանակ եկեղեցու դերակատարությունը: Կաթողիկոսը պատմել է, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից մեկը իրեն խնդրել է լինել «պատմության մեջ հերոսական կաթողիկոսների շարքում եւ աջակցել ընդդիմությանը»: Կաթողիկոսն իր հերթին այդ խնդրանքի պատասխանել է՝ ասելով, որ թեպետ ինքը հասկանում է, որ Տեր-Պետրոսյանը կարիք ունի պահել սեփական ձայները, բայց «այս երկիրը հեղափոխության կարիք չունի»: Կաթողիկոսի պնդմամբ՝ ինքը քանիցս փորձել է Մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ անձամբ հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան համոզել, որ կառավարի իր աջակիցներին, բայց չի ստացվել:
     Հետաքրքիր է, որ կաթողիկոսը ոչ թե փորձել է հասկանալ ընդդիմության պահանջը եւ դրա իրական շարժառիթները, այլ հանդիպել առաջին նախագահին ու նրան համոզել, որ կառավարի իր աջակիցներին: Ի դեպ, Գարեգին Բ-ն առաջին նախագահին հանդիպելու փորձ է կատարել միայն այն ժամանակ, երբ իշխանությունը ընդդիմության կողմնակիցներին բռնությամբ հեռացրել էր Ազատության հրապարակից 2008 թ. մարտի մեկի արևածագին: Կաթողիկոսի աչառությունն ակնհայտ է նույնիսկ դեսպանի համար, ով այս առիթով ավելացնում է. «Գարեգին Բ-ն այն հայտնի անձանց թվում է, ովքեր հրապարակայնորեն շնորհավորել են Սերժ Սարգսյանի հաղթանակը ընտրությունների հաջորդ իսկ օրը՝ չնայած հանցագործությունների ու կեղծությունների մասին բազմաթիվ հաղորդումներին»:
     Գարեգին Բ-ն հավատացած է, որ ընդդիմությունը փորձել է իրեն ներքաշել քաղաքականության մեջ, որպեսզի եկեղեցին քննադատի իշխանությունների գործողությունները: Նա որպես օրինակ հիշատակել է քաղբանտարկյալների կանանց գործողությունները, որոնք խնդրել են կաթողիկոսին հրապարակայնորեն քննադատել կառավարության` իրենց ամուսիններին բանտերում պահելու քաղաքականությունը: Այդու՝ կաթողիկոսը զարմանքով նկատել է, թե ինչո՞ւ իրեն չեն խնդրել միջնորդել կառավարության առաջ իրենց ամուսիններին ազատ արձակելու համար:
     Հարկավ, կաթողիկոսը ինչպե՞ս կարող է քննադատել այն կառավարությանը, որի անմիջական աջակիցն է հանդիսանում՝ հատկապես հաշվի առնելով Սերժ Սարգսյանին նրա հապշտապ շնորհավորանքը եւ ժողովրդական ընդվզման նկատմամբ անտարբեր կեցվածքը՝ սկսած դեռևս 1999թ. հոկտեմբերի 27-ից՝ իր գահակալության օրից: Ի վերջո, նա իրավունք ունի այդքանից հետո զարմանալ, թե ինչո՛ւ են իրենից ակնկալում բողոքի ձայն բարձրացնել երկրում տեղի ունեցող անօրինությունների նկատմամբ, փոխանակ խնդրեն միջնորդի դեր կատարել:
Հետաքրքիր է՝ կաթողիկոսն արդյո՞ք միջնորդական առաքելության խնդրանքների բացակայությամբ հանդերձ երբեւէ խոսել է իշխանության ամենաբարձր օղակների հետ քաղբանտարկյալների ազատ արձակման, երկրում ստեղծված ճգնաժամի հաղթահարման և մարտի մեկի 10 զոհերի սպանությունների բացահայտման անհրաժեշտության շուրջ: Իսկ միգուցե Էջմիածնի բարձունքից շատ լա՞վ է հասկացել ժողովրդին հուզող խնդիրները եւ հավատացած եղել իր՝ «այս երկրին հեղափոխություն պետք չէ» բանաձեւի մեջ: Ի վերջո, միգուցե կաթողիկոսը մի անգամ գոնե հրապարակայնորեն ներկայացնի իր հոտի առաջ սեփական մոտեցումները հայ հանրությանը հուզող խնդիրների առընչությամբ, որ ժողովուրդն էլ հասկանա, թե վերջապես ինչ է պետք «այս երկրին»:
     Հիշեցնենք, որ Մարտի մեկի զոհերի քառասունքի օրը համընկել էր Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության հետ, իսկ կաթողիկոսը ոչ թե Էջմիածնում պատարագ էր մատուցում, այլ օրհնում էր Սարգսյանի գահակալությունը:
     Գարեգին Բ-ն պնդել է, որ եկեղեցին Հայաստանի անկախության ջատագովն է, ինչը մարդկանց մոտ հարուցում է թյուրըմբռնում, թե ինքը սատարում է իշխանություններին: Այս համատեքստում ցանկալի կլինի, որ կաթողիկոսը հրապարակայնորեն արտահայտի իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման կապակցությամբ, եւ բացատրի՝ արդյո՞ք այստեղ չի տեսնում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման հատկանիշներ: Չէ՞ որ եկեղեցու համար գլխավորը ոչ թե իշխանությանը սատար կանգնելն է, այլ Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելը, ինչպես դեսպանի առաջ պնդում էր կաթողիկոսը:
     Ի դեպ, հատկանշական է, որ Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ կաթողիկոսը զրույցն ընդմիջել է, երբ իր «կառավարական հեռախոսին» զանգ է եկել ու նա ստիպված է եղել պատասխանել: ԱՄՆ դեսպանի կարծիքով՝ «սա իսկական խորհրդային ժամանակաշրջանի «թեժ գիծն» է, որ հաճախ հանդիպում է նախարարների սեղանին՝ նախագահից ու այլ ղեկավար պաշտոնյաներից զանգեր ստանալու համար»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3892 | 0 | 0
Facebook