Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ քաղաքը մատնվել է մոռացության

Տաթև
Հեղինակ`
Տաթև
11:39, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
Իմ քաղաքը մատնվել է մոռացության

Նորից գարուն և նորից ձնհալ: Բոլորը սիրում են գարունը, այն համարում տարվա ամենագեղեցիկ եղանակը, բայց Հրազդանում այն ոչ թե ամենագեղեցիկ եղանակն է այլ ամենացեխոտն է:
     Գարնանը սովորաբար բակերը լցվում են մարդկանցով: Կարուսելների վրա անհոգ ծիծաղող երեխաներ, պարան, ռեզին ու օղակ խաղացող աղջնակներ, ֆուտբոլի դաշտում աջ ու ձախ գնդակի հետևից վազող տղաներ, նարդի խաղացող պապիկներ ու բամբասող տատիկներ: Բայց Հրազդանում չկան կարուսելներ, եղածն էլ ցեխերի մեջ է թաղված, ֆուտբոլի դաշտն էլ մի վիճակի չէ: Իսկ պապիկներն ու տատիկները փակվում են տներում սուրճ խմում, հեռուստացույց դիտում ու սպասում արևին: Մի քիչ կսպասեն ցեխը կչորանա, նոր դուրս կգան տանից, թոռնիկներին զբոսանքի կհանեն, բայց հիմա չէ, դեռ ցեխը պիտի չորանա:
     Ես սիրում եմ իմ քաղաքը, բայց նրան չեն խնամում, բակերը կարգի չեն բերում: Երեխաներին էլ չեն խղճում. խեղճերի համար մի գեղեցիկ խաղահրապարակ չկա խաղալու համար: Երիտասարդներն ի՞նչ ասեն, որ մի այգի չկա գնան զբոսանքի, դե պապիկներն իրենց բակերում մի փոքր հարմարավետություն ստեղծել են: Փայտից կամ երկաթից նստարաններ ու սեղանիկներ են պատրաստել, ամեն մեկի բակում մեկ-երկու հատ կա, փառք Աստծո, գոնե այդտեղ կնստեն, արևը կվայելեն:
     Հրազդան քաղաքը մինչ 1959 թվական կոչվել է Ներքին Ախտա, հատակագիծը մշակվել է 1927-28թթ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից: Քաղաքը կազմված է 3 հիմնական զանգվածներից՝ հարավային, կենտրոնական և հյուսիսային։ Հիմնական արդյունաբերական շինությունները կենտրոնացված են հյուսիսային արդյունաբերական հանգույցում (ճարտարապետներներ՝ Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Ժ. Հովսեփյան, Բ. Պատրիկյան) ։ Այսօր Հրազդան քաղաքը Կոտայքի մարզկենտրոնն է, բայց այստեղ ոտք դնողը կմտածի, այն ոչ թե մարզկենտրոն է, այլ մի ավան: Շենքերի վերելակների մեծամասնությունը չեն գործում, շատ ճանապարհներ ասֆալտապատ չեն, իսկ ցեխը ամենուր է:
     Վերջում կուզեի դիմել համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել, փոքր ինչ կարգի բերել Հրազդանը, չէ՞ որ հրազդանցիներն էլ են ուզում գեղեցիկ քաղաք ունենալ և վայելել գարնան ջերմությունը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4008 | 0 | 0
Facebook