Շրջադարձ
Մոլորված քայլերով Սիմոնյանը քանդված ճանապարհներով հասավ բակ: Ներս մտնել չկարողացավ, նստեց սառը քարին ու լուռ հեկեկաց, քարը չլսեց, չհասկացավ ցավը: Քարը մի ժամանակ անտաշ քար էր իր համար թիկնած Նախրքաշի կրծքին, հետո սելով գյուղ բերեցին, մուրճով հղկեցին ու պատի անկյունաքար դրեցին: Երկրաշարժից հետո ընկել էր ցեխերի մեջ, աշխատող ձեռքը չկպավ քարին ու արդեն քսանութ տարի սպասում էր: -Սիմոնյան ջան, ես էլ քո նման մենակ եմ մեծացրել երեխաներիս: Գիտես, -հայացքն ուղղեց նկարին, -Արմենը արցախյան շարժման սկզբից կանգնած էր շարժման հիմքում, ինքն էլ քո նման պատմություն էր դասավանդում և տարված էր հայոց պատմությամբ, իր տված գաղափարներով էին աշակերտները մասնակցում շարժմանը, հետո կռվի առաջին իսկ օրերից կամավոր գրվեց ու գնաց, գնաց անվերադարձ, նրան անհայտ կորած ճանաչեցին: Երկու երեխաներիս խնամքը մնաց իմ ուսերին, գիտես աղջիկս մեր դպրոցում է աշխատում, տղաս բժշկականում՝ սովորում: Քարտուղարհուին ներս եկավ սուրճը դրեց ու անհետացավ: Տնօրենը դարակից հանեց շոկոլադի տուփը, և Սիմոնյանը միանգամից ճանաչեց կենսաբանության ուսուցչուհու բերած տուփը, հաճախ էր մասնագիտական պակասորդը տնօրենի մոտ քաղցրով լրացնում: Վերջի խոսքերը խոցեցին Սիմոնյանի մեջ պահպանված կնոջը, կինը ամեն ինչ կտանի, բայց ոչ երբեք մոռացումը: Վեց տարի առաջ ամուսինը բռնեց օտարության ճամփան, սկզբում զանգում էր, գումար ուղարկում, հետո գումարը վերացավ, զանգելը՝մոռացավ: Սիմոնյանը երեխաներին հայր ու մայր դարձավ, սկեսրոջ համար աղջիկ: Երբեք օտար տղամարդու կողմ չնայեց, մտքում միշտ սպասելով ամուսնուն: Տնօրենի խոսքերը արցունք պոկեցին նրա աչքերից, գլուխը կախեց, լռեց, զսպեց ինքնիրեն, որ չբացվի մխացող սիրտը: -Սիմոնյան ջան չէի ուզում ցավոտ վերքերը բացել, ուղղակի ես էլ կին եմ քեզ հասկանում եմ: Ապրիլի պատերազմի ժամանակ չորս օր հաց չեմ կերել, չէի կարողանում քնել: Գիտեմ ուսուցիչներից ամենաշատ հանգանակություն դու ես տվել, իրենք երկու հազար էին տվել դու հինգ հազար, ու լավ օրից չէիր տվել, քո երեխաների բերանից էիր կտրել տվել: Գիտեմ սիրում ես պետությունը, հայրենիքը և մեզ հիմա կայունություն է պետք: Շուտով ընտրություններ են, ու պիտի մենք սատար լինենք միմյանց, հիմա առաջվա նման չէ, ամեն բան խառնվել է իրար, բայց դու էդ զազրախոսներին մի լսիր, միևնույն է էլի իրանք են անցնելու, -վերջի բառը ասելիս, տնօրենը մատով ցույց տվեց իր գլխավերևի սառը հայացքով նկարը, -Սիմոնյան ջան, հիմա ասեմ բուն ասելիքս, գիտես մենք պետական աշխատող ենք, մեզնից ձայն են պահանջում, անձնագրի պատճեններ են ուզում, դու քանի հատ կբերե՞ս: Սիմոնյանը շփոթվեց վերջին բառից, նայեց տնօրենին և կմկմաց. -Բայց դպրոցը քաղաքականության համար նպատակահարմար չէ: -Ասում եք տաս հազա՞ր, իսկ գիտեք մինչև Ձեր մոտ գալն աշակերտներին Բագրատունիների թագավորության անկումն էի պատմում, Անիի գրավումը՝առանց կռվի, ուղղակի դարպասները բացելով Անին տվել ենք: Ես, որպես ուսուցչուհի ամբողջ դասի ընթացքում սովորեցրել եմ աշակերտներիս պահել իրենց Անին, իսկ Դուք ասում եք տաս հազար դրամ: -Տիկի՛ն, Դուք ասածս լավ չհասկացաք, -Սիմոնյանը կորցրել էր ինքնատիրապետումը, -ինձ այդպիսի գումար պետք չէ, ես ունեմ սկզբմունքներ, որոնք ավելին են քան տաս հազարը, ես ուսուցչուհի եմ, ի՞նչ պիտի սովորեն ինձնից իմ աշակերտները: Արժանապատվությունը չի վաճառվում, տիկի՛ն: Դուք այդ աթոռին նստելով կորցրել եք իրականության զգացողությունը, քանի՞ աշակերտ գրքի գումար չի մուծել, քանի՞ ընտանիք է իմ ընտանիքի նման քայքայված՝հայրերը դուրսը, մայրերը այստեղ, հազար հոգսով: Մինչև երբ պիտի այս վիճակը շարունակվի, ինչքա՞ն կդիմանանք, մեր խիղճը կարտոֆիլ չէ, որ այն վաճառենք: Կայունություն եք ասում, Իսկ Դուք ճանաչու՞մ եք Բենիամին Եղոյանին, նա ապրիլին ձեր գլխավերևի նկարի կայունությունը չէր պահում, նա իմ և քո կյանքն էր պահում, նա ապրել էր ուզում, գոնե լռեք, ապրիլի անունը մի շահարկեք, նայեք Ձեր ամուսնու աչքերին այլ մի զգացեք աթոռի փափկությունը: -Սիմոնյա՛ն, ռոմանտիկ խոսում ես, ով չէր ուզի լավ երկրում ապրել, լավ աշխատավարձ ստանալ, բայց չկա: Հիմա մարդիկ հազարներով զանգում են, գործ են ուզում, իսկ դու աշխատանք ունես, վա՞տ է: Ամուսինս կյանք դրեց այս երկրի համար, ի՞նչ ստացավ: Գիտես հեշտ է երկու երեխա մեծացնելը: Պետք է հարմարվել ժամանակին, մի կյանք ենք ապրում լավ ապրենք: Գիտե՞ս իմ համար հեշտ է եղել, կամ ես ուզում եմ, ինձ էլ վերևից են պարտադրում: Բացի այդ մեր բարերարը հինգ տարի առաջ ճաշարանը վերանորոգեց: Դու եկել հերոս ես խաղում, քեզ ես թանկացնում: Եթե ավելին լինի գումար իմացիր կտամ: Սիմոնյանը խոցվեց, բառ չգտավ, սենյակից դուրս վազեց: Մի քանի օրից թերթերը հայտարարություն տարածեցին պատմության ուսուցչի թափուր տեղի համար: 02.04.2017 Նելսոն Բեգլարյան |