Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Շրջադարձ

20:23, Среда, 25 Октября, 2017 года
Շրջադարձ

Մոլորված քայլերով Սիմոնյանը քանդված ճանապարհներով հասավ բակ: Ներս մտնել չկարողացավ, նստեց սառը քարին ու լուռ հեկեկաց, քարը չլսեց, չհասկացավ ցավը: Քարը մի ժամանակ անտաշ քար էր իր համար թիկնած Նախրքաշի կրծքին, հետո սելով գյուղ բերեցին, մուրճով հղկեցին ու պատի անկյունաքար դրեցին: Երկրաշարժից հետո ընկել էր ցեխերի մեջ, աշխատող ձեռքը չկպավ քարին ու արդեն քսանութ տարի սպասում էր:
     Սիմոնյանը ավերակ դարձած տան պատին նստած նայում էր վագոնից դուրս եկող թանձր ծխին: Մտածեց, որ էլի սկեսուրն է պլասմասներ վառել՝վառելափայտը վերջացել էր ու ինքը սպասում էր աշխատավարձի: Աշխատավարձ մտաբերելուց սիրտը կծկվեց, հիշեց րոպեներ առաջ տեղի ունեցած խոսակցությունը տնօրենի սենյակում:
     Քարտուղարուհին ուսուցչանոցում ասաց, որ տնօրենը կանչում է: Երկրորդ ժամ ուներ պատմությունից, մտածեց երևի տնօրենն ուզում է աղջկա դասի հետ փոփոխի վեցերորդ ժամ՝հաճախ էր այդպես լինում: Սենյակ մտնելուց առաջինը արժանացավ տնօրենի գլխավերևում կախված ոչինչ չասող հայացքով նկարին, հետո աչքն ընկավ պահարանի վրա դրված նկարի շրջանակին, որտեղից իրեն էր նայում թավշյա բեղերով, ռազմական հանդերձանքով երիտասարդը: Տնօրենը փռված տեղից ուղղեց մեջքը, սիրալիր ժպտաց.
     -Նստի՛ր, Սիմոնյան ջան, սուրճ կխմե՞ս, -առանց պատասխանի սպասելու քարտուղարուհուն հեռախոսով հրահանգեց երկու սուրճ բերել:
     Սիմոնյանը չճանաչեց աթոռին նստած կնոջը՝նախկինում երբեք այսքան ջերմ վերաբերմունքի չէր արժանացել:

-Սիմոնյան ջան, ես էլ քո նման մենակ եմ մեծացրել երեխաներիս: Գիտես, -հայացքն ուղղեց նկարին, -Արմենը արցախյան շարժման սկզբից կանգնած էր շարժման հիմքում, ինքն էլ քո նման պատմություն էր դասավանդում և տարված էր հայոց պատմությամբ, իր տված գաղափարներով էին աշակերտները մասնակցում շարժմանը, հետո կռվի առաջին իսկ օրերից կամավոր գրվեց ու գնաց, գնաց անվերադարձ, նրան անհայտ կորած ճանաչեցին: Երկու երեխաներիս խնամքը մնաց իմ ուսերին, գիտես աղջիկս մեր դպրոցում է աշխատում, տղաս բժշկականում՝ սովորում:

Քարտուղարհուին ներս եկավ սուրճը դրեց ու անհետացավ: Տնօրենը դարակից հանեց շոկոլադի տուփը, և Սիմոնյանը միանգամից ճանաչեց կենսաբանության ուսուցչուհու բերած տուփը, հաճախ էր մասնագիտական պակասորդը տնօրենի մոտ քաղցրով լրացնում:
     -Դու ինձ երիտասարդ տարիներս ես հիշեցնում Սիմոնյան, հիմա էլ դու ես երկու երեխա առանց հայր մեծացնում: Գիտեմ որ դժվար է նամանավանդ հիմա, այս ժամանակաշրջանում: Ամուսինդ թույլ գտնվեց, գնաց Ռուսաստան ու հետ չեկավ, մոռացավ ձեզ:

Վերջի խոսքերը խոցեցին Սիմոնյանի մեջ պահպանված կնոջը, կինը ամեն ինչ կտանի, բայց ոչ երբեք մոռացումը: Վեց տարի առաջ ամուսինը բռնեց օտարության ճամփան, սկզբում զանգում էր, գումար ուղարկում, հետո գումարը վերացավ, զանգելը՝մոռացավ: Սիմոնյանը երեխաներին հայր ու մայր դարձավ, սկեսրոջ համար աղջիկ: Երբեք օտար տղամարդու կողմ չնայեց, մտքում միշտ սպասելով ամուսնուն: Տնօրենի խոսքերը արցունք պոկեցին նրա աչքերից, գլուխը կախեց, լռեց, զսպեց ինքնիրեն, որ չբացվի մխացող սիրտը:

-Սիմոնյան ջան չէի ուզում ցավոտ վերքերը բացել, ուղղակի ես էլ կին եմ քեզ հասկանում եմ: Ապրիլի պատերազմի ժամանակ չորս օր հաց չեմ կերել, չէի կարողանում քնել: Գիտեմ ուսուցիչներից ամենաշատ հանգանակություն դու ես տվել, իրենք երկու հազար էին տվել դու հինգ հազար, ու լավ օրից չէիր տվել, քո երեխաների բերանից էիր կտրել տվել: Գիտեմ սիրում ես պետությունը, հայրենիքը և մեզ հիմա կայունություն է պետք: Շուտով ընտրություններ են, ու պիտի մենք սատար լինենք միմյանց, հիմա առաջվա նման չէ, ամեն բան խառնվել է իրար, բայց դու էդ զազրախոսներին մի լսիր, միևնույն է էլի իրանք են անցնելու, -վերջի բառը ասելիս, տնօրենը մատով ցույց տվեց իր գլխավերևի սառը հայացքով նկարը, -Սիմոնյան ջան, հիմա ասեմ բուն ասելիքս, գիտես մենք պետական աշխատող ենք, մեզնից ձայն են պահանջում, անձնագրի պատճեններ են ուզում, դու քանի հատ կբերե՞ս:

Սիմոնյանը շփոթվեց վերջին բառից, նայեց տնօրենին և կմկմաց.

-Բայց դպրոցը քաղաքականության համար նպատակահարմար չէ:
     -Սիմոնյա՛ն, կարծում ես չգիտե՞մ, գիտեմ, բայց քաղաքականությամբ եթե մենք չզբաղվենք, ապա էլ ո՞վ: Ասում եմ անձնագիր է պետք, մի տաս հատ էլ դու բեր, կենսաբանության ուսուցչուհին տասնհինգ հատ խոսք է տվել: Եթե գումար էլ բաժանեն, անհոգ եղիր տասը հազար ունես:
     Սիմոնյանը կորցրեց ինքնիրեն.

-Ասում եք տաս հազա՞ր, իսկ գիտեք մինչև Ձեր մոտ գալն աշակերտներին Բագրատունիների թագավորության անկումն էի պատմում, Անիի գրավումը՝առանց կռվի, ուղղակի դարպասները բացելով Անին տվել ենք: Ես, որպես ուսուցչուհի ամբողջ դասի ընթացքում սովորեցրել եմ աշակերտներիս պահել իրենց Անին, իսկ Դուք ասում եք տաս հազար դրամ:
     -Սիմոնյան, մեզ էլ այդքան են տալիս, շատ լիներ շատ կտաի, ու դա քիչ գումար չէ, համեմատած քո յոթանասուն հազար աշխատավարձի:

-Տիկի՛ն, Դուք ասածս լավ չհասկացաք, -Սիմոնյանը կորցրել էր ինքնատիրապետումը, -ինձ այդպիսի գումար պետք չէ, ես ունեմ սկզբմունքներ, որոնք ավելին են քան տաս հազարը, ես ուսուցչուհի եմ, ի՞նչ պիտի սովորեն ինձնից իմ աշակերտները: Արժանապատվությունը չի վաճառվում, տիկի՛ն: Դուք այդ աթոռին նստելով կորցրել եք իրականության զգացողությունը, քանի՞ աշակերտ գրքի գումար չի մուծել, քանի՞ ընտանիք է իմ ընտանիքի նման քայքայված՝հայրերը դուրսը, մայրերը այստեղ, հազար հոգսով: Մինչև երբ պիտի այս վիճակը շարունակվի, ինչքա՞ն կդիմանանք, մեր խիղճը կարտոֆիլ չէ, որ այն վաճառենք: Կայունություն եք ասում, Իսկ Դուք ճանաչու՞մ եք Բենիամին Եղոյանին, նա ապրիլին ձեր գլխավերևի նկարի կայունությունը չէր պահում, նա իմ և քո կյանքն էր պահում, նա ապրել էր ուզում, գոնե լռեք, ապրիլի անունը մի շահարկեք, նայեք Ձեր ամուսնու աչքերին այլ մի զգացեք աթոռի փափկությունը:

-Սիմոնյա՛ն, ռոմանտիկ խոսում ես, ով չէր ուզի լավ երկրում ապրել, լավ աշխատավարձ ստանալ, բայց չկա: Հիմա մարդիկ հազարներով զանգում են, գործ են ուզում, իսկ դու աշխատանք ունես, վա՞տ է: Ամուսինս կյանք դրեց այս երկրի համար, ի՞նչ ստացավ: Գիտես հեշտ է երկու երեխա մեծացնելը: Պետք է հարմարվել ժամանակին, մի կյանք ենք ապրում լավ ապրենք: Գիտե՞ս իմ համար հեշտ է եղել, կամ ես ուզում եմ, ինձ էլ վերևից են պարտադրում: Բացի այդ մեր բարերարը հինգ տարի առաջ ճաշարանը վերանորոգեց: Դու եկել հերոս ես խաղում, քեզ ես թանկացնում: Եթե ավելին լինի գումար իմացիր կտամ:
     -Ես գումար չեմ ուզում, ես աշխատում եմ աշխատավարձ եմ ստանում, ես առանց գումար եմ ընտրում, կարող է և Ձեր պատկերացումներով ես հարիֆ եմ, բայց հավատացեք կան արժեքներ որոնք չեն վաճառվում: Մեր դպրոցի հինգ հարյուր աշակերտից երկու հարյուրն է մնացել՝երկրից գնացել են, իսկ Դուք ասում եք կայունություն, այդ կայունության հետևանքով ես անհայր երկու երեխա եմ մեծացնում, և ուզում եմ նրանց աչքերին մաքուր նայել, ես ուզում եմ աշակերտներիս ապագան չխեղել, նրանց քաղաքացի դաստիրակել: Արեգի Ասած ես իմ բաժին Կարսը չեմ հանձնում…
     -Սիմոնյա՛ն, դե վերջ տու՛ր: Ահաբեկիչներից ես մեջբերում անում, պաթոս ես խառնում: Քեզնից մի քանի անձնագիր է պետք ընդամենը, որի համար գումար ես ստանալու, իսկ դու պատմություն ես սարքում, մարտիրոս ես ուզում լինել, թե Շուշանիկի նման համոզմունքներիդ համար մահն ես գերադասում: Մեզ ազգի թշնամի ես հանում, իբրև ամբողջ ընտրությունը քո քվեից է կախված, դու չես տա մյուսը կտա, ես քեզ լավություն եմ անում, ուզում եմ գումար աշխատես, իսկ դու՞: Չհասկացար, որ պետական աշխատող ես ու պարտավոր ես ենթարկվել: Չես ուզում դիմումդ գրի գնա: Ոչ մեկ քեզ չի ստիպել մնալ այստեղ: Կանգնել փիլիսոփայում ես:

Սիմոնյանը խոցվեց, բառ չգտավ, սենյակից դուրս վազեց:
     Նախրքաշից բերած քարը սառն ու անտարբեր էր՝ոչ հիշողություն ուներ, ոչ ցավ ու գետնի խոնավությունից լուք քայքայվում էր:

Մի քանի օրից թերթերը հայտարարություն տարածեցին պատմության ուսուցչի թափուր տեղի համար:


    

02.04.2017 Նելսոն Բեգլարյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3881 | 0 | 0
Facebook