Հունվար
00:52, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Ո՞վ է հորինել օրացույցը: Ո՞վ: Ամեն մի ժողովուրդ մեկի անունը կտա, իսկ ինձ անուններ պետք չեն, իսկ ինձ ժամանակ չափել պետք չէ: Երևի օրացույց հորինել են նախանձ հարևանները, որ չափեն ով քանի գիշեր քնեց, քանի առավոտ լուսացրեց, քանի օր գլորեց, քանի օր ապրեց, քանի տարեկան մեռավ: Իսկ ինձ պետք չէ այդ ամենը, ի՞նչ կարևոր է տարին տասներկու ամիս ունի, թե երեք հարյուր վաթսունհինգ… Ամեն րոպե մի կյանք է, ամեն վայրկյան մի երազ: Եթե անցել է նաև ակնթարթները, ուրեմն անցել է նաև այդ երազները, ու դու կյանքումդ ապրելու ես, որ հետ վազես քո երազների հետևից, ու կյանքում չես հասնելու ժամանակին… Հունվարյան մի առավոտ էր: Զարմանալի էր, որ լեռնային այդ հատվածում հանդիպում է այդպիսի տաք հունվար: Իսկ հունվարը խաբուսիկ է, նա կարող է ջնջել արևի շողերը, ու մեկ վայրկյանում սկսվի բուք, սառնամանիք: Իսկ այս հունվարը սակավաձյուն է, մեղմ է եղանակը, կամ գուցե ինչ-որ մեկը խաղ է անում արևի շողերի հետ, ուժեղացնում, թուլացնում է: Բացում եմ տան դուռը ու դուրս եմ գալիս: Մի տեսակ ճնշված եմ, կարծես ինչ-որ մեկը հսկայական զանգված է կախել կրծքիցս, իսկ սիրտս այդ զանգվածին չի դիմանում: Նայում եմ ճանապարհին, մեքենա չկա, ու այդ գիտակցությունը թեթև հրճվանք է տալիս ինձ, բայց նորից հիշում եմ, որ հունվարն է, ձմեռային երկրորդ ամիսը, ու տխրությունը նորից իր տիրապետություններն է ամրացնում սրտումս: Ուզում եմ քայլել, ավելի շուտ վազել, պոկվել ժամանակից, տարածությունից, կտրվել ինքս ինձնից ու այս տխրությունից: Քայլերս ուղղվում են դեպի ճանապարհ, բայց ճանապարհը նորից ինձ տանելու է դեպի մարդիկ, իսկ ես չեմ ուզում, ես ուզում եմ բարձրանալ լեռները, ժայռերը, ճախրել օդում, ես ուզում եմ պոկվի ինձնից այս տխրությունը: Մի անգամ էլ եմ նայում ճանապարհին տեսնելու համար, թե մեքենան եկա՞վ: Չկա: Այդ պահին դուրս է գալիս մայրիկս, ինչ-որ ամաններ ձեռքին տալիս է ինձ, որ իջեցնեմ մառան: Նայում եմ մորս աչքերին ու նրա աչքերի անհուն խորքում տեսնում եմ իմ ցավը` տխրությունս, բայց ավելի ուժգին է այնտեղ իմ ցավը: Մայրս ոչինչ չի ասում, ես նույնպես, ուղղակի ամանները իջեցնում եմ մառան, ու մտածում, թե ինչով կարող եմ բուժել մորս աչքերի մեջ իմ ցավը: Բայց հիշքւմ եմ, որ հունվարն է, անօգուտ է ամեն ինչ, ինչ էլ փորձեմ անել, մեկ է հունվարը ես չեմ կարող փոխել, իսկ մյուս կողմից, եթե նույնիսկ կարողանամ փոխել հունվարը, ապա գիտակցությունս դեմ կլինի… Գալիս եմ տուն: Մայրս էլի լուռ է, իսկ հայրս շորով կոնյակ է փաթաթում, նայում եմ հորս դեմքին ու ինձ ավելի մեղավոր եմ զգում, իմ ցավը պատել է նաև նրան ավելի ուժեղ, քան ինձ, դրա համար էլ միշտ ինձ հետ ուրախ հայրս լռում էր: Շշուկ անգամ չկար` մայրս վառարանի կողքին նստած լուռ մտորում էր: Հայրս պատուհանից նայելով ծխում էր, իսկ ես ուզում եմ բուժել իմ ցավը: Հանկարծ լռությունը խախտվեց, երբ դրսից լսվեց մեքենայի ձայն: -Հավը արդեն պատրաստ է, - ասաց մայրս: -Եկավ, - արտաբերեց հայրս, դա հառաչանք չէր և ոչ էլ ուրախություն: Ես դուրս վազեցի, և մեծ եղավ ուրախությունս, որ դա մեր սպասած մեքենան չէր, բայց մինչ ես պատրաստվում էի ուրախ տուն վերադառնալ, լսվեց նորից մեքենայի ձայն, և հետ շրջվելով տեսա սպասվածը, դա մեքենան էր: Երբ ներս մտա, լսեցի, որ հայրս ու մայրս վիճում էին, հայրս հրաժարվում էր հավը վերցնել` պնդելով, որ թող մնա տանը: Ես չմիջամտեցի, իմ ցավը խլել էր խոսելու կարողությունս: Ի վերջո մայրս տեղի տվեց, և հայրս հաղթեց: Հայրս փակեց ճամպրուկը, ես վերցրի ու դուրս եկա, արդեն պարզ էր, որ եկել է մեքենան: Հետևիցս հայրս դուրս եկավ, իսկ մայրս` մի բաժակ ջրով: Ես ճամպրուկը դրել էի բեռնախցիկում, ու արդեն հայրս ու մայրս հրաժեշտ էին տվել իրար: Ես գրկեցի հորս, ու իմ ցավը թողեց իրեն, թողեց, որ աչքերիցս արցունքներ հոսեն, ես ամուր գրկել եմ հորս, իսկ հայրս շնչառությունիցս զգաց, որ լալիս եմ, սրբեց արցունքներս` ասելով. -Տղամարդը չի լացում: -Չեմ լացում, - արդարանալու համար ասացի ես, ու տեսա, որ հայրս արագ նստեց մեքենան, երևի ինչ-որ բան թաքցնելու համար… Մայրս բաժակով ջուրը ցողեց մեքենայի հետևի ապակուն, երբ նա արդեն շարժվում էր… Մեքենան կամաց-կամաց անհետանում էր ճանապարհին, նա գնաց իր հետևի ապակուն թափված ջրի հետ տանելով մորս արցունքները… Ես մնացի իմ ցավի հետ մենակ, չէ որ այսօր հունվարն էր… |
Հավանել
0
Չհավանել
0
4166 | 0 | 0 | 0