Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Հունվար

00:52, Среда, 25 Октября, 2017 года
Հունվար
     Ո՞վ է հորինել օրացույցը: Ո՞վ: Ամեն մի ժողովուրդ մեկի անունը կտա, իսկ ինձ անուններ պետք չեն, իսկ ինձ ժամանակ չափել պետք չէ: Երևի օրացույց հորինել են նախանձ հարևանները, որ չափեն ով քանի գիշեր քնեց, քանի առավոտ լուսացրեց, քանի օր գլորեց, քանի օր ապրեց, քանի տարեկան մեռավ: Իսկ ինձ պետք չէ այդ ամենը, ի՞նչ կարևոր է տարին տասներկու ամիս ունի, թե երեք հարյուր վաթսունհինգ… Ամեն րոպե մի կյանք է, ամեն վայրկյան մի երազ: Եթե անցել է նաև ակնթարթները, ուրեմն անցել է նաև այդ երազները, ու դու կյանքումդ ապրելու ես, որ հետ վազես քո երազների հետևից, ու կյանքում չես հասնելու ժամանակին…
     Հունվարյան մի առավոտ էր: Զարմանալի էր, որ լեռնային այդ հատվածում հանդիպում է այդպիսի տաք հունվար: Իսկ հունվարը խաբուսիկ է, նա կարող է ջնջել արևի շողերը, ու մեկ վայրկյանում սկսվի բուք, սառնամանիք: Իսկ այս հունվարը սակավաձյուն է, մեղմ է եղանակը, կամ գուցե ինչ-որ մեկը խաղ է անում արևի շողերի հետ, ուժեղացնում, թուլացնում է:
     Բացում եմ տան դուռը ու դուրս եմ գալիս: Մի տեսակ ճնշված եմ, կարծես ինչ-որ մեկը հսկայական զանգված է կախել կրծքիցս, իսկ սիրտս այդ զանգվածին չի դիմանում: Նայում եմ ճանապարհին, մեքենա չկա, ու այդ գիտակցությունը թեթև հրճվանք է տալիս ինձ, բայց նորից հիշում եմ, որ հունվարն է, ձմեռային երկրորդ ամիսը, ու տխրությունը նորից իր տիրապետություններն է ամրացնում սրտումս:
     Ուզում եմ քայլել, ավելի շուտ վազել, պոկվել ժամանակից, տարածությունից, կտրվել ինքս ինձնից ու այս տխրությունից: Քայլերս ուղղվում են դեպի ճանապարհ, բայց ճանապարհը նորից ինձ տանելու է դեպի մարդիկ, իսկ ես չեմ ուզում, ես ուզում եմ բարձրանալ լեռները, ժայռերը, ճախրել օդում, ես ուզում եմ պոկվի ինձնից այս տխրությունը:
     Մի անգամ էլ եմ նայում ճանապարհին տեսնելու համար, թե մեքենան եկա՞վ: Չկա: Այդ պահին դուրս է գալիս մայրիկս, ինչ-որ ամաններ ձեռքին տալիս է ինձ, որ իջեցնեմ մառան: Նայում եմ մորս աչքերին ու նրա աչքերի անհուն խորքում տեսնում եմ իմ ցավը` տխրությունս, բայց ավելի ուժգին է այնտեղ իմ ցավը: Մայրս ոչինչ չի ասում, ես նույնպես, ուղղակի ամանները իջեցնում եմ մառան, ու մտածում, թե ինչով կարող եմ բուժել մորս աչքերի մեջ իմ ցավը: Բայց հիշքւմ եմ, որ հունվարն է, անօգուտ է ամեն ինչ, ինչ էլ փորձեմ անել, մեկ է հունվարը ես չեմ կարող փոխել, իսկ մյուս կողմից, եթե նույնիսկ կարողանամ փոխել հունվարը, ապա գիտակցությունս դեմ կլինի… Գալիս եմ տուն: Մայրս էլի լուռ է, իսկ հայրս շորով կոնյակ է փաթաթում,
     նայում եմ հորս դեմքին ու ինձ ավելի մեղավոր եմ զգում, իմ ցավը պատել է նաև նրան ավելի ուժեղ, քան ինձ, դրա համար էլ միշտ ինձ հետ ուրախ հայրս լռում էր: Շշուկ անգամ չկար` մայրս վառարանի կողքին նստած լուռ մտորում էր: Հայրս պատուհանից նայելով ծխում էր, իսկ ես ուզում եմ բուժել իմ ցավը:
     Հանկարծ լռությունը խախտվեց, երբ դրսից լսվեց մեքենայի ձայն:
     -Հավը արդեն պատրաստ է, - ասաց մայրս:
     -Եկավ, - արտաբերեց հայրս, դա հառաչանք չէր և ոչ էլ ուրախություն:
     Ես դուրս վազեցի, և մեծ եղավ ուրախությունս, որ դա մեր սպասած մեքենան չէր, բայց մինչ ես պատրաստվում էի ուրախ տուն վերադառնալ, լսվեց նորից մեքենայի ձայն, և հետ շրջվելով տեսա սպասվածը, դա մեքենան էր:
     Երբ ներս մտա, լսեցի, որ հայրս ու մայրս վիճում էին, հայրս հրաժարվում էր հավը վերցնել` պնդելով, որ թող մնա տանը: Ես չմիջամտեցի, իմ ցավը խլել էր խոսելու կարողությունս: Ի վերջո մայրս տեղի տվեց, և հայրս հաղթեց: Հայրս փակեց ճամպրուկը, ես վերցրի ու դուրս եկա, արդեն պարզ էր, որ եկել է մեքենան: Հետևիցս հայրս դուրս եկավ, իսկ մայրս` մի բաժակ ջրով: Ես ճամպրուկը դրել էի բեռնախցիկում, ու արդեն հայրս ու մայրս հրաժեշտ էին տվել իրար:
     Ես գրկեցի հորս, ու իմ ցավը թողեց իրեն, թողեց, որ աչքերիցս արցունքներ հոսեն, ես ամուր գրկել եմ հորս, իսկ հայրս շնչառությունիցս զգաց, որ լալիս եմ, սրբեց արցունքներս` ասելով.
     -Տղամարդը չի լացում:
     -Չեմ լացում, - արդարանալու համար ասացի ես, ու տեսա, որ հայրս արագ նստեց մեքենան, երևի ինչ-որ բան թաքցնելու համար…
     Մայրս բաժակով ջուրը ցողեց մեքենայի հետևի ապակուն, երբ նա արդեն շարժվում էր… Մեքենան կամաց-կամաց անհետանում էր ճանապարհին, նա գնաց իր հետևի ապակուն թափված ջրի հետ տանելով մորս արցունքները…
     Ես մնացի իմ ցավի հետ մենակ, չէ որ այսօր հունվարն էր…
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4165 | 0 | 0
Facebook