Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիշերն ինձ զանգահարեց ադրբեջանցի շախմատիստներից մեկի հայրը և շատ խնդրեց, որ իր որդու հետ պարտիան ոչ-ոքի ավարտեմ». Լևոն Արոնյան

14:31, շաբաթ, 14 հոկտեմբերի, 2017 թ.
Գիշերն ինձ զանգահարեց ադրբեջանցի շախմատիստներից մեկի հայրը և շատ խնդրեց, որ իր որդու հետ պարտիան ոչ-ոքի ավարտեմ». Լևոն Արոնյան

Անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստ Լևոն Արոնյանը հարցազրույց է տվելՀանրային ռադիոյի եթերում: Խոսելով շախմատային պարտիայի լարվածությունը հաղթահարելու մասին՝ Լևոնը նշել է. «Շատ հետաքրքիր հարց է: Եթե կարողանայի հաղթահարել, երևի թե սխալներ չէի անի (ծիծաղում է, -խմբ.): Այդ իսկ պատճառով էլ շատ խաղացողներ տարբեր մեթոդներ են փորձում: Ես հասկացել եմ իմ էությունը: Ես լարվածությունն ավելի հեշտ եմ հաղթահարում, երբ ֆիզիկապես լավ վիճակում եմ: Շախմատիստը մրցաշարերի ընթացքում նախաճաշից հետո 3-4 –ժամ պատրաստվում ես պարտիային, իսկ հետո 5-6 խաղում ես: Շատ քիչ ժամանակ է մնում հանգստանալու համար: Ներկայիս մրցաշարերն էլ, մեծամասամբ, հանգստյան օրեր չունեն: Երբ մի քանի օր անընդմեջ այդ գրաֆիկով ես ապրում, գերլարվածություն է առաջանում: Այդ պատճառով ամեն օր փորձում եմ մարզվել և ինձ լավ մարզավիճակում պահել: Քանի որ այս պահին մեծ փորձ ու գիտելիք ունեմ ու շախմատային շատ սկզբնախաղեր եմ խաղացել, որոնք կարող եմ նորից հանել իմ «պահեստարանից», ինձ համար կարևոր է, որ բացի շախմատից ուժեղ լինեմ նաև ֆիզիկապես: Կարելի է ասել, որ ստացվում է, քանի որ փետրվարից ամեն օր մարզվում եմ»:

Հարցին, արդյոք հնարավոր է պատկերացնել կյանքն առանց լարվածության, Լևոնը պատասխանել է. «Լարվածության հետ էլ է դժվար, առանց լարվածության էլ (ծիծաղում է, -խմբ.): Դու հասկանում ես, որ մի բան ես անում, որ շատ քիչ մարդիկ կարող են անել դա: Դու հպարտանում ես դրանով: Նաև որ կարողանում ես սառնասիրտ մնալ բարդ պարտիայի ընթացքում: Միշտ հետաքրքիր է՝ կկարողանա՞ս հաղթահարել լարվածությունը, թե՝ ոչ: Միշտ ունենում ենք շրջան, երբ ամեն ինչ ստացվում է, որոշ ժամանակ անց՝ ոչ մի բան չի ստացվում (ժպտում է՝ խմբ.): Բարձրակարգ շախմատիստը, մարզիկը պետք է կարողանա փոխվել, քանի որ հակառակորդները հասկանում են՝ ինչ ես փորձում անել և դրա վրա նրանք աշխատում են: Միշտ պետք է էվոլյուցիա ապրես»:

Խոսելոն ադրբեջանցի մրցակիցների հետ պարտիաներում լարվածության մասին՝ Լևոնը նշել է. «Շախմատային ճանապարհիս սկզբնամասում ադրբեջանցի շախմատիստների հետ խաղը երևի թե բերում էր լրացուցիչ լարվածության, բայց այս պահին լարվածություն չեմ զգում, փորձում եմ հաղթահարել: Կարևորը սպորտում հեռու մնաս դրանից: Երբ շատ ես մտածում, որ անպայման պետք է լավ խաղաս, հաճախ հակառակն է ստացվում: Մրցակիցների մոտ լարվածություն կար ժամանակին: Անուններ չեմ տա: 2003 թե 2004 թվականին Եվրոպայի առաջնությունում էի խաղում, և գիշերը մեկ անց կես ինձ զանգահարեց ադրբեջանցի խաղացողներից մեկի հայրը: Նա շատ խնդրեց, որ հաջորդ օրն իր որդու հետ պարտիան ոչ-ոքի ավարտեմ: Նրանց համար դա կարևոր էր: Ես մերժեցի իր խնդրանքը, քանի որ չեմ սիրում այդպիսի բաներ, երբ գիշերն են զանգում: Տգեղ էր, քանի որ չես թողնում մրցկիցդ հանգստանա: Հաջորդ օրը պարտիան շատ վատ գնաց ինձ համար, պետք է պարտվեի, բայց արդյունքում ոչ-ոքի գրանցվեց»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3491 | 0 | 0
Facebook