Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Անուղղելիների» սցենարիստը՝ նոր սերիալի մասին

12:11, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
«Անուղղելիների» սցենարիստը՝ նոր սերիալի մասին

Աշնանային նոր եթերաշրջանը «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը կմեկնարկի հայկական արտադրության առաջին հեռուստասերիալի սիրված ու սպասված կերպարներով. «Վերվարածներին» 10 տարվա հեռավորությունից փոխարինելու կգա «Անուղղելիները» ՝ ապացուցելու, որ «լավագույն նորը լավ մոռացված հինն է»:

Aysor.am-ի հետ զրույցում սցենարիստ Հարություն Ղուկասյանը հաստատեց՝ որոշակի առումով «Անուղղելիները» «Վերվարածների» տրամաբանական շարունակությունն է, բայց ոչ կրկնությունը:

«Կան նաև նոր, ցայտուն և բավականին հետաքրքիր կերպարներ, որոնք, վստահ եմ, դուր կգան հանդիսատեսին: Բացի այդ, առաջ են եկել նոր սյուժետային գծեր, հերոսններ, իրավիճակներ», - նշեց մեր զրուցակիցը:

Սցենարիստը նկատեց՝ սիրված հեռուստասերիալը նորովի ներկայացնելու գաղափարը պատկանում է «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանին: Խնդիր էր դրվել՝ հնարավորինս ժամանակակից, հետաքրքիր սյուժետային լուծումներով և որակյալ հումորով համեմված նախագիծ նկարահանել:

«Պետք է հին և սիրված հերոսների կողքին ունենայինք նոր, հետաքրքիր, վառ ու ճանաչելի կերպարներ: Կերպաներ, որոնք հետաքրքիր կլինեն թե՛ ժամանակակից երիտասարդությանը, թե՛ միջին և բարձր տարիքի հանդիսատեսին: Այդ առումով ինքս որոշակի նորարարության եմ գնացել. մինչ այժմ հայաստանյան բոլոր նախագծերի վրա աշխատել եմ միայնակ, «Անուղղելիներում» սցենարի ստեղծման աշխատանքներին որոշակիորեն մասնակցում է նաև երիտասարդ սցենարիստ Սամվել Ղուկասյանը, ով արդեն հասցրել է աշխատել մի քանի սիթքոմներում: Վստահ եմ, որ այս համագործակցությունից հանդիսատեսը միայն կշահի», -հավատացրեց նա:

«Վերվարածները» ժամանակին ամենաշատ դիտելիություն ապահովող նախագիծն էր, իսկ ցանկացած հաջորդը պետք է կարողանա գերազանցել նախորդին, կամ, գոնե չզիջել: Հարություն Ղուկասյանը «Վերվարածների» բոլոր եթերաշրջանների սցենարիստն է: Հարցին՝ դժվար չէ՞ 10 տարի անց վերադառնալ նույն սերիալին, խոստովանեց.

«Ե՛վ դժվար է, և', միաժամանակ, դյուրին: Պետք է պահպանել այն սանդղակը՝ բարձր դիտելիությունը և հանդիսատեսի համակրանքը, որ ունեցել են «Վերվարածները» տարիներ շարունակ: Միաժամանակ, հարկավոր է նաև գոհացնել այն հանդիսատեսին, հիմնականում երիտասարդ սերնդին, ովքեր այդքան էլ ծանոթ չեն հայտնի հեռուստանախագծին: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները… Ինչ վերաբերում է նախորդի հաջողությունը պահպանելուն, ապա ես վստահ եմ, որ ոչ միայն կպահպանի, այլև կգերազանցի բոլոր սպասելիքները: Կոնկրետ ինձ համար, որպես նախագծի սցենարիստի, սա լավագույն եթերաշրջաններից մեկն է, եթե ոչ լավագույնը` գոնե սցենարական մասով: Գումարած՝ սիրված և տաղանդավոր դերասանական կազմը, որտեղ բոլորն իրենց բարձրության վրա են»:

Տարիների հեռավորությունից հետհայացք գցելով՝ հայկական առաջին հեռուստասերիալի սցենարիստը չի ժխտում՝ թերություններ եղել են, որոնք ընթացքում անպայման շտկվել են.

«Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ «Վերվարածներն» առաջին հայկական հեռուստասերիալն էր: Այն ժամանակ ամեն ինչ առաջինն էր, և մենք նաև սովորում էինք մեր սխալների վրա: Այնուհանդերձ, պետք է ասել, որ թեկուզ 10 տարի անց սերիալի կրկնությունը դիտելուց հասկանում ես, որ այն ժամանակների համար բավականին որակյալ աշխատանք է կատարվել»:

Վերադառնալով «Անուղղելիներին» ՝ Հ. Ղուկասյանը սերիալի մասին փակագծերն ամբողջովին բացել չցանկացավ: Միայն վստահեցրեց՝ սպասվում է իսկական դրայվ, հումոր և նոր ու հետաքրքիր իրավիճակներ: Իսկ թե դաշտում գերակշռող հումորային սիթքոմներից ինչո՞վ կառանձնանա՝ ընդգծեց.

«Նախ այս նախագիծը հարյուր տոկոսով տեղական արտադրանք է, այսինքն, հիմնված է մեր գաղափարի վրա, այլ ոչ թե արտասահմանյան որևէ նախագծի ֆորմատ է: Երկրորդ՝ սա հումորային հեռուսասերիալ է, այլ ոչ թե սիթքոմ: Երրորդ՝ այն թիմը, որն աշխատում է պրոյեկտի վրա, արդեն իսկ առանձնանում է: Եվ չորրոդ՝ մեր մոտեցումն աշխատանքին: Հավատացեք, արվում է բացառապես ամեն ինչ՝ որակյալ և տարբերվող նախագիծ ստեղծելու համար»:

Նոր սերիալում հին հերոսները՝ Արբին, Անթառամը, «Ճպլը», Լիպոն ու մյուսները հանդես կգան նույն կերպարներով ու անուններով, ավելացել են նաև նոր կերպարներ, այդ թվում՝ նաև երեխաներ:

«Հիմնական բոլոր կերպարները պահպանվել են: Նախորդ եթերաշրջանների ոչ բոլոր կերպարներն են լինելու նոր նախագծում, սակայն չեմ բացառում, որ նրանցից մի քանիսը կհայտնվեն հետագայում: Դերասանական կազմին են միացել նաև Գրիշա Աղախանյանը, Լևոն Մուրադյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք, որոնց ևս հեռուստադիտողը կսիրի», - նկատեց սցենարիստը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6611 | 0 | 0
Facebook