Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Շանթ» հեռուստաընկերությունը նրա նախկին աշխատավարձից ավելի բարձր գումար է ամեն ամիս վճարում: Դա շարունակվելու է մինչև վերջնական ապաքինումը:

16:12, ուրբաթ, 02 հունիսի, 2017 թ.
«Շանթ» հեռուստաընկերությունը նրա նախկին աշխատավարձից ավելի բարձր գումար է ամեն ամիս վճարում: Դա շարունակվելու է մինչև վերջնական ապաքինումը:

«Փաստը» վավերագրող, ռեժիսոր, «Դիրքերում» հեղինակային հաղորդաշարի հեղինակ և վարող Արշակ Զաքարյանից փորձեց պարզել, թե այս պահին ինչպես է իրեն զգում հակառակորդի կրակահերթից հրազենային ծանր վիրավորում ստացած հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

«Զգացողությունը շատ լավ է: Արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հոսպիտալի մոտակայքում տուն ենք վարձել, որպեսզի վիրակապելու համար հիվանդանոց գնալն ավելի հեշտ լինի նրա համար», – ասաց Ա. Զաքարյանը:

Դավիթին որոշել են հիվանդանոցից դուրս գրել մի քանի նկատառումներից ելնելով: Նախ՝ հոսպիտալում նրա զբաղեցրած տեղը ազատել, հետո Դավիթին հնարավորություն տալ, որ տնային ավելի ազատ պայմաններում վերականգնման պրոցեսն անց կացնի: Ինչ վերաբերում է Դավիթի քայլելուն, Ա. Զաքարյանն այդ մասին ասաց. «Դա ժամանակի հարց է և ընթացքում այդ հարցն էլ կլուծվի»:

Խոսելով Դավիթի հարկադիր պարապուրդի մատնվելու պատճառով ֆինանսական դժվարություններ ունենալ–չունենալու մասին, հաղորդաշարի հեղինակն ասաց, որ ապաքինման այս ողջ ընթացքում «Շանթ» հեռուստաընկերությունը նրա նախկին աշխատավարձից ավելի բարձր գումար է ամեն ամիս վճարում: Դա շարունակվելու է մինչև վերջնական ապաքինումը:

«Ես շատ շնորհակալ եմ «Շանթ» հեռուստաընկերությանը, որ բացի աշխատավարձ տրամադրելուց, այս պահին նաև նրա տունն են վերանորոգում, որպեսզի նա շարունակի ապրել ավելի լավ պայմաններում: Բացի այդ, մենք «Ազգային գվարդիայի» կողմից նույնպես, թե՛ ֆինանսապես և թե՛ մնացած բոլոր հարցերում օգնում ենք, որպեսզի նա ոչ մի բանի կարիք չունենա այնքան ժամանակ, մինչև որ կազդուրվի ու ոտքի կանգնի», – ասաց Ա. Զաքարյանը:

Նա նաև վստահեցրեց, որ օգնությունը շարունակական է լինելու, իսկ բոլոր գվարդիականները մշտապես նրա կողքին կլինեն:

Հիշեցնենք, որ մայիսի 10–ի երեկոյան, հերթական նկարահանումների մեկնած խմբի մեքենան արցախա–ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծության էր ենթարկվել, որի հետևանքով վիրավորվել էր հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Թշնամու ճիրաններից Դավիթին բավականին դժվարությամբ ազատելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել էին: Հետագայում արդեն առողջական վիճակը կայունանալուց հետո նրան տեղափոխել էին Երևան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5081 | 0 | 0
Facebook