Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սկսվեց «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի շենքի հիմնանորոգումը

12:58, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Սկսվեց «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի շենքի հիմնանորոգումը
     Գյումրիում սկսվեց «ԹՈՒՄՈ Գյումրի» -ի կառույցի հիմնանորոգման մեկնարկը: Շենքը «Կումայրի» պատմամշակութային արգելոցի կառույցներից մեկն է՝ Գյումրու կենտրոնական զբոսայգում գտնվող հին թատրոնը, որտեղ 1912 թվականին առաջին անգամ բեմադրվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Վթարային այս կառույցի վերականգնման և այն «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնելու առաջարկով Գյումրու քաղաքապետին դեռ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին դիմել էին «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը և փոխտնօրեն Արամ Գյումիշյանը: «ԹՈՒՄՈ» -ին հանձնվել է ոչ միայն այս կառույցը, այլ նաև այգին: Հիմնանորոգումից հետո շենքը պահպանելու է իր արտաքին տեսքը: Այն բազմաֆունկցիոնալ է լինելու՝ ունենալու է ձևափոխվող հարթակ, որը ոչ միայն կգործի ուսանողների համար որպես ինքնուսուցման հարթակ, այլ նաև որպես բեմ, ունենալու է հանդիսությունների և կինոսրահներ, օժանդակ կառույցներ: ձայնագրման ստուդիա՝ կրթական գործընթացը հաջող կազմակերպելու համար: «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառույցի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, դրանք իրականացնում է «Մեծն Էրիկ» շինարարական կազմակերպությունը: Բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: Ինչպես «Արմենպրես» -ին վստահեցրին շինարարական կազմակերպությունից՝ պահպանվելու է շենքի արտաքին տեսքը և կողային հատվածը, մյուս հատվածներն ամբողջությամբ քանդվելու են և կառուցվելու են՝ 9 բալ սեյսմակայունություն ունեցող կառույցին համազոր նախագծին համապատասխան: Շենքը լինելու է եռահարկ՝ մոտ 3 հազար քառակուսի մետր տարածքով: Շինարարը խոստանում է կառույցը շահագործման հանձնել 1 տարի 6 ամսում: «Երբ նոր էինք սկսել, նախատեսված էր, որ կունենանք 600-800 սան, սակայն այժմ ունենք 2 հազար, բայց չենք կարող ավելի սաներ ունենալ՝ շենքային պայմանների պատճառով, չնայած բազմաթիվ երեխաներ կան, որ ուզում են դառնալ թումոցի: Այս թիվը կկարողանանք դարձնել 3 հազար և ավելի, երբ կտեղափոխվենք հիմնանորոգված շենք: ՀՀ կառավարության կողմից ոչ միայն այս շենքն է հանձնվել «ԹՈՒՄՈ» -ին, այլ նաև այգին, որը ևս կմշակվի ու կդառնա Գյումրու ամենագեղեցիկ, ամենականաչ ու ամենապահով վայրերից մեկը ոչ միայն թումոցիների, այլև ողջ Գյումրիի համար: Սրանով կենտրոնի հնարավորություններն ավելի կմեծանան», - «Արմենպրես» -ին տեղեկացրեց «ԹՈՒՄՈ Գյումրի» -ի ղեկավար Նարե Ավագյանը: Շինարարական աշխատանքների խորհրդանշական մեկնարկին, որը տեղի ունեցավ հունիսի 6-ին, հենց կենտրոնական զբոսայգում, ներկա էին կենտրոնի համահիմնադիր, «Սիմոնյան» հիմնադրամի նախագահ Սեմ Սիմոնյանը, թումոյականներ, «ԹՈՒՄՈ» կենտրոնի ղեկավարներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Շնորհավորական խոսքերից հետո ելույթ ունեցավ «ԹՈՒՄՈ Գյումրի» -ի «Tmba-Ta Tumo» խումբը: 2015 թվականի մայիսի 25-ին «ԹՈՒՄՈ Գյումրի» -ին դարձավ իրականություն. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց կենտրոնի բացումը Տեխնոպարկի տարածքում: Գյումրիի կենտրոնը «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախագիծն է: Կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին, իսկ մեկնարկային դրամահավաքը կազմակերպել է «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանը:
    
     Արմենուհի Մխոյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7168 | 0 | 0
Facebook