Տեսնես թե ի՞նչ մտքովս անցավ,
Որ գրեցի, թե մա՛հ չկա, սիրելի՜ս,
Մահն ո՞ւմ շունն է,
Որ հանգիստ գա՜
Ու շնթռկի սնարիս:
Ես սխալվեցի՜ սիրելիս
Մահին դաժան կարծելով,
Մահից ավել դաժան բան կա աշխարհում,
Երբ որ գիտես թե կյա՜նք չկա
Քո որբացած սնարում:
Մահը նա՜ է, որ գլուխդ
Հանգի՜ստ իջնում է բարձին,
Բայց ողջ գիշեր - մինչ լուսաբա՜ց
Պտտվո՜ւմ է անհանգիստ:
Մեկ վարսե՜րդ է փնտրում չքնաղ,
Մեկ շուրթե՜րդ կաթոգին,
Մեկ ականջներն իր սրա՜ծ
Ձա՜յնդ է փնտրում լալագին:
Մահը միայն հողաթո՜ւմբ չէ,
Շիրմաքար չէ՜, ո՛չ էլ փոս,
Մահը, երբ որ սևացա՜ծ է
Աչքի՜ կարոտ ա՛չքը քո:
Դուրս է գալիս, որ կարո՜տը
Միայնության կոկորդում
Խցանված ու քարացած՝
Ինքը մա՜հն է իրականում -
Այլ ո՛չ թե կյանքն իմացյալ:
Հիմա եկե՜լ բարձիս վրա
Կծկվե՜լ է մի կարոտ,
Ո՞վ իմանա, ի՞նչ կլինի
Եվ թե որքա՜ն հյուր կլինի նա ինձ մոտ:
Բախտի նման հեռավո՜ր է,
Դժոխքի պես՝ տաքարյուն,
Այսօր ի՛նձ է հյուրընկալվել
Վա՛ղն էլ քեզ մոտ կգա հյուր:
Կկրծոտի քո վարսերը,
Ինչպես հոգի՜ս է կրծում,
Չէ՜, դաժան է այդ մահ-սե՜րը,
Սա՜ռը, դատա՜րկ անկողնում:
Ահա սա է մահը, հոգի՜ս,
Վայրի մի շո՛ւն այլանդակ,
Որն ապրում է տիեզերքի՜
Օրենքներին հակառակ:
Մեծանո՜ւմ է սեղմվելիս,
Փոքրանո՜ւմ է՝ դառնում ցավ,
Լայնանո՜ւմ է արտասվելիս,
Կաղկանձո՜ւմ է շան նման:
Քո իմացած մահը, հոգի՜ս,
Դա ոչի՛նչ է -
Իմ իմացած մահի դեմ,
Երբ գրեցի թե մահ չկա, սիրելի՜ս,
Չգիտեի՜, որ կարող եմ մի գիշերում
Ես քեզ այդքա՜ն կարոտել…
Ս.Ումառ-Հարությունյան