ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԹԱՐՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ավարտվեցին փայլուն կազմակերպված Լոնդոնի 30-րդ ամառային օլիմպիական խաղերը: Ավարտվեցին ոչ պաշտոնական թիմային հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականի համոզիչ հաղթանակով: Որոշ մարզաձևերում չինացիները կրկին զարմացրեցին բոլորին իրենց անմարդկային ձեռքբերումներով: Ռուսները խաղերից առաջ խոսք էին տվել 23 ոսկե մեդալով զբաղեցնել 3-րդ տեղը: Նրանք կարողացան 24 ոսկե մեդալ նվաճել, սակայն շրջանցել գերազանց պատրաստված Մեծ Բրիտանիայի հավաքականին չկարողացան: Բացի Ուսեյն Բոլտի, Էլլիսոն Ֆելիքսի, Լիի Մինգուեյի, Դեվիդ Ռուդիշայի, Մայքլ Ֆելփսի, ԱՄՆ բասկետբոլի և աթլետիկայի հավաքականների փայլուն ելույթներից, պետք է նշել մի քանի մարզիկների անուններ, որոնց հայտնվելը պատվո պատվանդանի գլխավոր աստիճանին, հարուցեց միջազգային մարզասեր հասարակության հաճելի զարմանքը: Խոսքն առաջին հերթին գնում է 15-ամյա հրաշամանուկ, արդեն օլինպիալան չեմպիոն, լիտվացի լողորդուհի` Ռուտա Մելիուտիտեի մասին, որն ևս մեկ անգամ ապացուցեց տաղանդի առկայության և միջոցների բացակայության պայմաններում հաջողության հասնելու հնարավորության փաստը: Նախադեպ, որը պետք է ոգևորի մարզումների համար պիտանի մարզադահլիճներ և սարքավորումներ չունեցող մեր շատ տաղանդաշատ մարզիկների: Պետք է նաև նշել 17-ամյա ռուս մարմնամարզուհի Ալիյա Մուստաֆինային, որն իր քրտնաջան աշխատանքով և պայքարի ոգով ընդդեմ ամերիկուհի և չինուհի ֆավորիտների, կարողացավ տիրանալ օլիմպիական ոսկուն: Անակնկալ էր նաև հանճարեղ ձողացատկորդուհի Ելենա Իսինբաևայի մրցելույթը, սակայն որի դեմքի արտահայտությունից կարելի էր զգալ Լոնդոնում բրոնզից բարձր մեդալ նվաճելու անկարողությունը: 4#100 տղամարդկանց և կանանց փոխանցումավազքում, Ջամայկայի և ԱՄՆ հավաքականները սահմանեցին նոր աշխարհի ռեկորդներ: Իսկ մարաթոնյան վազքում իր հաջողությունը տոնեց Սթիվեն Կիպրոտիչը` Ուգանդա (իմիջիայլոց սա Ուգանդայի միակ մեդալն էր): Հայաստանի օլիմպիական հավաքականը հայրենիք է վերադառնում 1 արծաթե և 2 բրնզե մեդալներով: Հակասական արդյանք, որը իրավացիորեն ոչ բոլորին է գոհացնում: Առաջին մեդալը մեզ բերեց Հռիփսիմե Խուրշուդյանը, որի բրոնզը խափանեց մեր ծանրորդների ցույց տված, արդեն բավականաչափ խոսակցությունների առիթ հանդիսացած զրոների խայտառակ շարանը: Նույն օրը 21-րդ դարում առաջին անգամ օլիմպական խաղերում Հայաստանի հավաքականը ունեցավ արծաթե մեդալ: Մինչև եզրափակիչ հասավ և պարտություն կրեց հունահռոմեական ոճի ըմբիշ` Արսեն Ջուլֆալակյանը: Մեկ օր անց բրոնզե մեդալի արժանացավ մեր մյուս հունահռոմեական ոճի ըմբիշ, երիտասարդ Արթուր Ալեքսանյանը: Անկախ այն հանգամանքից, որ համեմատ Պեկինի խաղերի Հայաստանի հավաքականը մեդալի գույն փոխեց, պետք է արձանագրել որոշակի ձախողում, որովհետև երբ համեմատում ես կատարված ծախսերը և ստացված արդյունքները` ապա ոչ մի դրական բան չես տեսնում: Այդ պատճառով էլ կոչ եմ անում մեր բոլոր մարզիկնորին, լինել ավելի ինքնամոռաց և անձնվեր սեփական գործի հանդեպ և հասարակությանը տեղիք չտալ տարաբնույթ բանբասանքների համար: Իսկ պաշտոնյաներին պետք է խնդրել, որպեսզի նրանք ուշադիր լինեն և հետևեն, որ բոլոր գումարները ծախսվեն նպատակային և հանգեցնեն տրամաբանական արդյունքի: Հ.Գ. Իհարկե օլիմպիական խաղերը ամբողջությամբ օնլայն հեռարձակվում էին ինտերնետով: Սակայն շատ են այն ՀՀ քաղաքացիները, որոնք չունեն մարդկության այդ գլոխգործոցին հաղորդակցվելու միջոց, և "Գեներալի աղջիկը" ու "Տիգրանի մոլորակը" սերիալների փոխարեն դիտում էին օլիմպիական խաղերը մեր "բարեկամ" արևմտյան հարևան երկրի TRT-3 սպորտային ալիքով: Հ1-ի սիրելի գործընկերնե'ր. օլիմպիական խաղերը տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ: Օրեկան ընդամենը 2-3 ժամ դրանք հեռարձակելը հանցագործություն է մարզասեր հայ հասարակության հանդեպ: |