ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ 2017
2017 թ. մայիսի 26-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց «Վերջին զանգ» ավանդական ցերեկույթը: «Հարգելի´ հյուրեր, գործընկերներ, ծնողներ, սիրելի´ աշակերտներ. Արդեն բարի ավանդույթ է դարձել Վերջին զանգի ցերեկույթին այս ամբիոնից ձեզ բարեմաղթանքներ հղելը և ընթացիկ ուսումնական տարում կատարված աշխատանքներն ամփոփելը: Ինչպես ամեն տարի, դպրոցի անձնակազմը պատվով և բարեխղճորեն կատարել է տարեսկզբին պլանավորած բոլոր ուսումնադաստիարակչական աշխատանքները: Թեև և աշակերտական կազմը, և մանկավարժական անձնակազմը խիստ բազմանդամ են, այնուամենայնիվ, դպրոցը ոչ միայն չի թերանում առօրյա, այնքան հագեցած և արագ տեմպում ընթացող պարտականությունները իրագործելում, այլև աշխատում է արագ և որակյալ արձագանք տալ բոլոր նորարարական նախաձեռնություններին, որոնք մեզ առաջադրում է անմիջական մեր նախարարությունը և ընդհանրապես, 21-րդ՝ տեխնիկապես գերզարգացած դարը: Այո, ամբողջ տարվա ընթացքում փայլուն միջոցառումների շարք է ցուցադրվել՝ առարկայական շաբաթներից, հոբելյանական ցերեկույթներից, համաքաղաքային փառատոններից մինչև տարրական դասարանների ցերեկույթներ, սպորտլանդիա և այլն: Ավելին, հպարտությամբ ուզում եմ հատուկ շնորհավորել և պարգևատրել պատվոգրերով մեր երկու շնորհալի ասմունքողներին, որոնք դարձան հանրապետական փառատոնի հաղթողներ և դափնեկիրներ՝ մի անգամ ևս հաղթական բեմից հնչեցնելով դպրոցի և քաղաքի անունը: Մերի Միքայելյան - IXբ դասարան Արամ Խաչիկյան - VIIբ դասարան Դպրոցը ժամանակի պահանջներին համաքայլ է ընթանում. ունենք նորոգված մարզադահլիճ՝ բոլոր հարմարություններով, ունենք նորոգված, նորովի կահավորված SMART համակարգչային սենյակ: Հաջողությամբ միացել ենք դասերի վարման նոր նախաձեռնությանը՝ հեռավար դասերին: Լոռու մարզի տարբեր համայնքների համար հաջողությամբ դասեր են վարել տարբեր առարկաների մեր ուսուցիչները: Բացի այդ, արտագնա դասեր ենք վարել Գյուլագարակ համայնքում: Նվաճումներ ունենք նաև եվրոպական կրթական ծրագրերին մասնակցության ասպարեզում, մասնավորապես, մասնակցելով Եվրոպական դպրոցների փոխհամագործակցության Իթվինինգ ծրագրին, դպրոցն արժանացել է 2-րդ մրցանակի և հավաստագրի՝ Իթվինինգ ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար: Այդ առիթով շնորհակալագրերի են արժանանում Հասմիկ Բաղդասարյանը, Լուսինե Քառյանը, Վեհանուշ Մարտիրոսյանը, Լուիզա Գրիգորյանը, Լիանա Կարապետյանը: Ամփոփելով խոսքս՝ մի անգամ ևս ուզում եմ հավաստիացնել, որ դպրոցի ողջ անձնակազմն է մտահոգված, որ մեր երեխաները համակողմանի կրթություն ստանան և դուրս գան այստեղից՝ կիրթ ու խոհեմ պատանիներ դարձած: Սիրելի շրջանավարտներ, հոգու նուրբ, բայց անտես թելերով կապված ենք միմյանց հետ թերևս ինքնաբերաբար դառնում ենք հարազատներ: Բոլորս մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ: Համոզված եմ, հաղթահարելու եք բոլոր դժվարությունները, ավագ դպրոցում էլ բարձր եք պահելու մեր դպրոցի հեղինակությունը: Աշխատեք լավ մարդ լինել, աշխատեք կրթված, նպատակասլաց, մարդասեր ու հայրենասեր լինել. դա պատվաբեր է բոլորիս համար: Բարի ճանապարհ» : Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն՝ Համլետ Խումարյան |