Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տնտեսական աճը անշարժ գույքի շուկա չի հասնում

Anna
Հեղինակ`
Anna
13:10, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Տնտեսական աճը անշարժ գույքի շուկա չի հասնում

Հայաստանի անշարժ գույքի շուկայում նույնքան «ոգևորիչ» իրավիճակ չէ, որքան, ասենք, արդյունաբերության ոլորտում, որի ծավալների աճը վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն հասցրել է մի քանի անգամ շեշտել։ Տարվա առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.6%-ով։ Մինչդեռ լրիվ հակառակ միտումներն են անշարժ գույքի շուկայում. գործարքները գնալով պակասում են։

Սա առաջին անգամը չէ, որ հանրապետությունում տնտեսական ակտիվության աճին զուգահեռ անշարժ գույքի շուկայում պասիվություն է արձանագրվում։ Սակայն պետք է հակառակը լիներ՝ երկրում տնտեսական զարգացումները պետք է հանգեցնեին նաև անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը, քանի որ վերջինը զգայուն է տնտեսական վիճակի նկատմամբ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրում տնտեսական ակտիվության աճը գրանցվել է սահմանափակ ոլորտների հաշվին, և այն չի տարածվել մյուս ոլորտների վրա։

Իսկ հիմա անշարժ գույքի շուկայի մասին՝ թվերով։ Այս տարվա հունվար-մարտին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 35 946 գործարք, որոնց քանակը 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ 6.3%-ով նվազել է: Տվյալները ստանում ենք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ու Ազգային վիճակագրական ծառայությունից։

Առուվաճառքի գործարքները պակասել են

Օտարման գործարք ասելով՝ պետք է հասկանալ մեծամասամբ առուվաճառքը։ Հենց այս ցուցանիշն է, որ պետք է աճած լիներ, եթե երկրում իսկապես որակական տնտեսական փոփոխություններ գրանցված լինեին թե այս տարվա առաջին ամիսներին, թե նախորդ տարի։ Հիմա տեսնենք՝ ինչ ունենք։ Օտարման գործարքների ընդհանուր քանակն այս տարվա հունվար-ամրտին կազմել է 9 562, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 888-ով կամ 8.5%-ով։ Իսկ մասնավորապես առուվաճառքի գործարքները կազմել են 6 679, ինչը նվազել է 744-ով կամ 10%-ով։ Ընդ որում, առաջին եռամսյակների կտրվածքով այս տարի առուվաճառքի գործարքների քանակն ամենափոքրն է։ 2014 թվականից սկսած` անկում է գրանցվում։

Ինֆոգրաֆիկայի առաջին էջում միայն առուվաճառքի գործարքների քանակն է վերջին հինգ տարվա առաջին եռամսյակաների կտրվածքով։ Իսկ երկրորդ էջում այս տարվա հունվար-մարտին կատարված օտարման գործարնքների ընդհանուր քանակն է` ըստ առուվաճառքի, նվիրատվության և փոխանակման։
     Առուվաճառքի գործարքների 40%-ից ավելին իրականացվել է Երևանում։ Մարզերից, գործարքների քանակով, առաջին եռյակում են Կոտայքը (ընդհանուրի 12%-ը), Արարատն (8.6) ու Արմավիրը (8.5%) ։ Իսկ ամենապասիվը Վայոց Ձորն է (1.3%):

Վարձակալության, գրավադրման և այլնի մասին

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 35 946 գործարքների 5.5%-ը վարձակալություներն են, մոտ 13%-ը՝ գրավադրումը, իսկ 5 104-ը՝ առաջնային գրանցումը (առաջին պետական գրանցում) ։

Ըստ Կադաստրի՝ վարձակալության գործարքների քանակը կազմել է 1 961, ինչը 2016-ի առաջին եռամսյակի համեմատ 8.3%-ով աճել է։

Իսկ գրավադրման գործարքները քանակը կազմել է 4 696, որն աճել է 23.6%-ով։ Ուշագրավ է, որ այս գործարքներում հիփոթեքային գրավադրումների ծավալը բավականին փոքր է, ընդամենը՝ 354 գործարք։ Այսինքն՝ գրավադրման գործարքների աճը բոլորովին էլ պայմանավորված չէ հիփոթեքային շուկայով։

Եվ, վերջապես, առաջնային գրանցումների քանակը կազմել է 5 090, աճը՝ 11.8%:

Այս երեք տեսակի գործարքների քանակի աճը, սակայն, չի կարող վկայել անշարժ գույքի շուկայի ակտիվացման մասին, երբ զուգահեռաբար օտարման գործարնքները պակասել են։ Բացի այդ, դրանց քանակը զիջում է օտարման գործանքների քանակին։
     Պատրաստեց ՝ Աննա Բաբայանը

Աղբյուրը` kadastrrkadastr
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2442 | 0 | 0
Facebook