ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ
2017 թ. ապրիլի 18-ից 21-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց մաթեմատիկայի առարկայական շաբաթ, որը մեկնարկեց պաստառների ցուցադրությամբ: Ապրիլի 19-ին 5 Ա դասարանում /ուսուցիչ՝ Ա. Խաչիկյան/ անցկացվեց մաթեմատիկայի դաս-ցերեկույթ «Սովորական կոտորակներ: Կոտորակները և երաժշտությունը» թեմայով: աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրեցին բաժինը, կոտորակը, համարիչը և հայտարարը: Վարժությունների միջոցով ամփոփվեց անցած նյութը: Աշակերտները ներկայացրեցին տեղեկություններ «Կոտորակները հին աշխարհում» թեմայից: Դասի երկրորդ մասը նվիրված էր կոտորակների և երաժշտության կապին, ներկայացրեցին Բեթհովենի ֆենոմենը, Պյութագորասի ոլորտների մեղեդին: Դասն ուղեկցվեց երաժշտական գեղեցիկ կատարումով, երաժշտական ստեղծագործությունների ունկնդրումով: Վերջում ներկայացրեցին «Մոլորակների ձայնը»: Ապրիլի 20-ին անցկացվեց հեռավար դաս Հագվիի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց մաթեմատիկայի ուսուցչուհի Լ. Քառյանը: Դասը «Խառը թվեր» թեմայի ամփոփումն էր: Աշակերտները կրկնեցին «Կոտորակ» թեման, ներկայացրին պատմական ակնարկ կոտորակների մասին և խաչբառի միջոցով ամփոփեցին կոտորակները: Այնուհետև կրկնեցին խառը թվերով գործողությունների կանոնները, կիրառեցին դրանք վարժությունների լուծման ընթացքում: Դասն ամբողջությամբ ուղեկցվում էր սահիկահանդեսով, ինչն ավելի մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների մոտ: Ապրիլի 21-ին 8 Դ դասարանում /ուսուցիչ՝ Գ. Մաշուրյան/ անցկացվեց բաց դաս երկրաչափությունից «Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև» թեմայով: Սահիկահանդեսի միջոցով աշակերտներին ներկայացվեց թեմային վերաբերող չափորոշչային պահանջները՝ Ա, Բ, Գ մակարդակներին համապատասխան, այնուհետև կատարվեց նախորդ նյութի հարցում, ամրապնդում: Կրկնեցին՝ ինչ է ուղղանկյուն եռանկյունը, ինչպես են անվանում ուղղանկյուն եռանկյունը, ուղղանկյուն եռանկյան կողմերը, ուղղանկյուն եռանկյան հատկությունները, ինչ է ուղղանկյուն եռանկյան sin, cos, tg, ctg, դրանց համապատասխան արժեքները 30°, 45°, 60° անկյունների համար, եռանկյունաչափական հիմնական նույնությունը, դրանց բացատրությունը: Լուծեցին թեմային վերաբերող կիրառական խնդիրներ, լուծումը ներկայացվեց Paint ծրագրի միջոցով: Հանձնարարվեց ուսուցանող բնույթի տարամակարդակ աշխատանք անհատական թերթերով, առաջադրանքներով և խնդիրներով: Շաբաթը եզրափակվեց «Մաթեմատիկան գիտությունների թագուհին է» ցերեկույթվ /Հ. Մելիքյան/: Միջոցառման նպատակն էր ավելացնել աշակերտների սերն ու հետաքրքրությունը առարկայի նկատմամբ, ցուցադրել մաթեմատիկայի անսահման գեղեցկությունն ու հնարավորությունները, խթանել աշակերտների տրամաբանական և հետազոտական զարգացումը: Միջոցառումը յուրահատուկ մրցանակաբաշխություն էր՝ դեռևս երկու ամիս առաջ 6 Ա դասարանում հայտարարված խնդրների մրցույթի: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին 4 տարբեր անվանակարգերի հաղթողները: Հանդիսատեսի համար աշակերտները պատրաստել էին բեմականացված խնդիրներ, տարաբնույթ կատակ-առաջադրանք և անակնկալներ: Հանդիսատեսը դարձավ միջոցառման ակտիվ մասնակից: |