Հղիության 16-րդ շաբաթվա ընթացքում Մարգարետ Բոմերն իմացել էր, որ պտուղը լուրջ խնդիր ունի՝ պոչուկի տերատոմա: Դա ուռուցք է, որն աճում է պտղի պոչուկին եւ կարող է լրջորեն խանգարել նրա զարգացմանը:
Texas Children's Fetal Center-ի ղեկավարներից բժիշկ Դարելլ Քասը նշում է, որ նման ուռուցք հանդիպում է 35 000 երեխաներից մեկի մոտ: Երբեմն այն գրեթե անվնաս է, երեխան նորմալ ծնվում է, եւ ուռուցքը կարելի է հեռացնել արդեն ծնվելուց հետո: Երբեմն ուռուցքը սկսում է «****» պտղի արյունը, որպեսզի կարողանա ինքնուրույն աճել: Բայց այդ արյունը պետք է նաեւ պտղին, որպեսզի աճի եւ զարգանա: Այդպիսով՝ պտղի եւ ուռուցքի միջեւ կենաց-մահու պայքար է գնում:
«Երբեմն ուռուցքը հաղթում է այդ պայքարում: Երեխայի սիրտը չի դիմանում կրկնակի ճնշմանը, եւ պտուղը արգանդում մահանում է», - բացատրում է բժիշկը:
Հենց նման բան էր տեղի ունենում Մարգարետի երեխայի հետ: Ուռուցքն աճում էր, եւ պտուղը թուլանում էր:
Ուրիշ բժիշկներն առաջարկում էին ընդհատել հղիությունը, սակայն բժիշկ Քասը եւ նրա թիմն այլընտրանք առաջարկեցին՝ վիրահատել պտղին նախքան ծնվելը:
5 ժամ տեւած վիրահատությունը կատարել էին հղիության 23-րդ շաբաթվա ընթացքում: Այդ պահին ուռուցքն արդեն ավելի մեծ էր, քան պտուղը: Բժշկի խոսքով՝ բուն ուռուցքը հեռացնելու համար իրենց պետք է եղել 20 րոպե, իսկ մնացած ժամանակն անհրաժեշտ էր «անվնաս» պտղին հասնելու համար՝ կտրել արգանդը, հանել պտղաթաղանթը, ընդ որում առանց վնասելու մորն ու երեխային եւ թույլ չտալով նրան «ծնվել»:
Վիրահատության ժամանակ պտղի սրտի աշխատանքը դանդաղել էր, գրեթե կանգ առել: Նրա կյանքը պահում էր սրտաբանը, որը դեղեր էր ընտրում Լինլի անունով աղջկա համար:
Ուռուցքը հեռացնելով՝ վիրաբույժները պտուղը վերադարձրել են արգանդ եւ կարել այն:
Հղիության մնացած շաբաթները Մարգարետը անկողնում է անցկացրել՝ դժվարությամբ հասնելով մինչեւ 36 շաբաթականի: Հունիսի 6-ին Լինլի Հոուփը լույս աշխարհ էր եկել 2-րդ անգամ, արդեն վերջնական, կեսարյան հատումով: Նրա քաշը մոտ 2.5 կգ էր:
Երեխային տարել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նրա վիճակը գնահատելիս պարզվել էր, որ ամեն բան նորմալ է, երեխան առողջ է: Անհրաժեշտ էր միայն հեռացնել ուռուցքի մնացած մասը: Նոր վիրահատությունը կատարել էին, երբ աղջիկը 8 օրական էր: Մի քանի շաբաթից նա դուրս էր գրվել: