Ֆրանսիայի ու Հունաստանի գիտնականները նորովի են բացատրել առեղծվածային Մինոյսյան քաղաքակրթության կործանման պատճառը ու Ատլանտիդայի մասին առասպելի ծագումը։ Ընդ որում նրանք վկայակոչում են այն հետազոտությունը, որն իրականացվել է Սանտորին կղզիների խմբում, որը հին ժամանակներում մեկ կղզի է եղել, բայց տրոհվել է հրաբխի ժայթքման հետեւանքով, գրում է Informing–ը։
Որոշ գիտնականների կարծիքով Սանտորին կղզին հենց այն նույն Ատլանտիդան է եղել, որի կործանման մասին գրել է Պլատոնը Ք․ա 360 թ․։ Հայտնի փիլիսոփան պատմել է ծաղկող կղզու մասին, որը անհայտ պատճառով անսպասելիորեն ծովի հատակն է անցել ու անհետ կորել։ Գիտնականների կարծիքով իրենց հաջողվել է գտնել առասպելի բացատրությունը։ Նրանք համարում են, որ առասպելի հիմքում իրական պատմություն է, որը պատմում է Սանտորին կղզում Ք․ա 1628 թ․ հրաբխի ժայթքման մասին։ Ժայթքումը կործանել էր կղզու կեսը ու հզոր ցունամի առաջացրել։ Այս կատակլիզմի հետեւանքով տուժել է Կրիտ կղզին, որտեղ բնակվում էր Մինոյսյան քաղաքակրթությունը, որը զարգացման բարձր մակարդակ ուներ։
Ֆրանսիացի երկրաբանները իրենց նոր հետազոտությամբ կարողացել են պարզել, որ ժայթքումը շատ արագ է տեղի ունեցել; Մեկ հարյուրամյակում մագմայով են լցվել Սանտորին կղզու տակի խոռոչները։ Հալած ապարները կարողացել են այնքան ընդլայնվել, որ բառացիորեն կղզին մասերի են պայթեցրել։ Ըստ ապարների անալիզի, սկզբում մագման մակերես է դուրս եկել Սանտորինի կենտրոնական մասում, որտեղ խառնվել է ծովի ջրի հետ։ Դրանից հետո այն պայթել է, ինչի հետեւանքով կղզին վայրկենապես ջրի տակ է անցել։ Ի վերջո գոյացել է մինչեւ 35 մետր բարձրության ալիք, որը հասել է Կրիտին, նվազելով մինչեւ 10 մետր, սակայն դրա ուժը աղետալի կործանարար էր։