Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարդան Սեդրակյան. Կլինեն մեղադրանքներ, մեզ կպահենք տղամարդու պես

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
18:37, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
Վարդան Սեդրակյան. Կլինեն մեղադրանքներ, մեզ կպահենք տղամարդու պես
    

Երբ քարոզարշավն սկսեց, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը բոլոր էլեկտրոնային հարցումներով առաջին տեղն էր զբաղեցնում. անգամ ադրբեջանական, վրացական եւ ռուսական մամուլն էր գրել, որ այդ թեկնածուն առաջին հայացքից ֆանտաստիկ է թվում, անլուրջ, անիրական բաներ է ասում, բայց ցավալիորեն բացարձակ լիդեր է: Այս մասին, այսօր` փետրվարի 12-ին, մամուլիս ասուլիսում ասաց ինքը` Վարդան Սեդրակյանը, հավելելով, որ այնպես չէ, որ ինքը խոչընդոտ չի եղել որպես թեկնածու:

Նրա խոսքով` թեկնածուին քարոզարշավի ընթացքում չեզոքացնում են լուրեր տարածելով, թե Հայրիկյանի մահափորձի կասկածյալները կապ ունեն իր հետ եւ մարդը փոխանակ իր ծրագրերը ներկայացնի, ուղիղ մի շաբաթ զբաղվի կասկածյալներ Սամվելի ու Խաչիկի հարցերով:

Վարդան Սեդրակյանը հակված է կարծելու, որ ձերբակալվածները կամ մահափորձը չեն արել, պարզապես շատ խոցելի են եւ նրանց օգտագործում են, կամ էլ նրանց օգտագործելով են դա արել: «Խաչիկի մասով չեմ կարող ասել, քանի որ ընդամենը մի տարի եմ ճանաչում, բայց Սամվելին փոքր երեխա ժամանակից գիտեմ: Ինքը նույնիսկ բանակ չի գնացել, երեւի զենքը հեռուստացույցով է տեսել: Շատ լավ արհեստավոր է, բայց որ գնա մարդ սպանի, չգիտեմ: Նույնիսկ չգիտեմ Սամվելը 8-րդ դասարանն ավարտեց, թե` չէ: Մեկը 8-ի Բ-ն է ավարտել, մյուսը 7-ի Գ-ն: Չգիտեմ հիմա նրանք փաստաբան ունեն, թե` ոչ: Նրանք ինչ ասես կգրեն, ինչի՞ չպետք է գրեն: Մեկը լավ նստած է դեղերի վրա, որ կես ժամ ուշանա, կգրի, էն մեկն էլ էնքան կծեծեն ինչ ուզես կգրի: Իրեն այստեղ կծեծեն, ախպորն էլ` էն մյուս տեղում», - պարզաբանեց Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց, որ ասուլիսին ներկա ցանկացած լրագրողի էլ, որ տանեն ԿԳԲ 4 օր հետո իրենք էլ լրիվ կվերցնեն իրենց վրա:

Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են Հայրիկյանի մահափորձն իր դեմ ուղղելու, Սեդրակյանը պատասխանեց. «Սամվելի եղբայրը բանտում է: Շատ առիթներով ինքն ինձնից փող է խնդրել 1000, 2 հազար, վերջին անգամ 5 հազար դոլար` հարցեր լուծելու համար: Մեկը կազինոյի խաղամոլ է, մյուսն էլ թմրամոլ: Հիմա վաղը մյուս օրը իրենք կարող են գրել, որ էս էլ արել ենք, որ հետո Վարդանին ասենք. «Գիտես ինչ, եթե մեզ փող չես տալիս գնում ասում ենք, որ դու ես կազմակերպել»: Այն մարդիկ չեն, որ ես տրամաբանություն գտնեմ: Ցանկացած մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, թե Վարդան Սեդրակյանին ինչքան հետաքրքրիր է Պարույր Հայրիկյանն ընդհանրապես: Տարիքային տարբերություն կա ահագին: Ես Հայրիկյանին տելեվիզրով եմ տեսել: Մեր ճանապարհները, ոչ միայն չեն հատվել, այլեւ ընդհանրապես չեն մոտեցել: Հիմա կինն ասում է. «Կգնամ բոլորին կասեմ Վարդան Սեդրակյանն է ասել գնա արա, ես փողը կտամ»: Ամբողջ Քանաքեռում նման հայտարարություն է արել»:

«Էպոսագետ» թեկնածուն նաեւ ավելացրեց, որ կասկածյալի նկարը մինչեւ հետաքննության ավարտն իրավունք չունեին ցուցադրել: Հարցին, թե Հայրիկյանի հետ խոսե՞լ է այս թեմայի շուրջ, նա պատասխանեց, որ իմաստ չունի, քանի որ Հայրիկյանը չի այս լուրերը տարածել:

Նա նաեւ նշեց, որ մահափորձի օրը գնացել է Հայրիկյանին տեսնելու եւ եղել է Բաղդասար Մհերյանի հետ, իրեն չեն թողել ներս մտնել: «Հիմա ես չեմ հասկանում, էտ Հայրիկյանի մոտ էթալը սրբի դուռ էթալ էր, որ ինձ չէին թողնում: Հոդվածերում էլ գրում են, թե այ, քանի որ Նաղդալյանի գործի հետ կապված էր, դրա համար չթողեցին իրեն մտնի: Ստացվում է, քանի որ արդեն այդքան ձեւավորված տեռորիստ էի, մտնելու էի Հայրիկյանին մի հատ էլ բարձի վրա խեղդեի, հա՞», - ասաց Վարդան Սեդրակյանը:

Նա հայտարարեց, որ այս ամենն իր քարոզարշավի վրա բացասական ազդեցություն է թողել եւ հիմնավորեց այսպես. «Ընտրողը կասի. «Էս ապուշը ով ա, մենք էլ էս մարդասպանի հետեւից ենք գնացել, լուրջ ենք ընդունել»:

Նա նշեց, որ քաղաքական ապաստան ոչ մի երկրից չի խնդրի: «Էպոսի հերոսներից ոչ մեկը չի փախչում: Կլինեն հալածանքներ, մեզ կպահենք ըստ դրա: Կլինեն մեղադրանքներ, մեզ կպահենք տղամարդու պես», - ասաց նա:

Այդուհանդերձ, Սեդրակյանը վստահ է, որ ընտրություններին 81 տոկոս ձայն է հավաքելու:

Լրագրողի դատարկմանը, թե ինչու է անհանգստանում, եթե «վերեւն Աստված կա», նա հիշեցրեց խեղդվողի անեկդոտը: «Օգնությունները մերժելուց հետո մահացածը Աստծուն ասում է, թե ինչու իրեն չփրկեց, երբ ինքը այնքան հավատում էր իրեն: Աստված բացում է գիրքը եւ ասում. «Ընկեր ջան, նավը ուղարկել եմ, պարան ուղարկել եմ էլ ինչ ես ուզում»: Այսինքն, որ ասում եմ վերեւում Աստված կա, այսինքն` պետք է նստեմ նայեմ առաստաղին. Հա՞»:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4804 | 0 | 0
Facebook