Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրքեր «Նիմֆոմանուհու» շուրջ. զգուշացի՛ր, հայ ժողովուրդ, «*****գրաֆիան» թակում է դուռդ

Arkadi Petanyan
Հեղինակ`
Arkadi Petanyan
16:25, երկուշաբթի, 17 փետրվարի, 2014 թ.

Վերջերս հայ հասարակությունում մեծ աղմուկ բարձրացավ. «Սինեմասթար» կինոթատրոնը, որը ստանձնել էր աշխարհահռչակ կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերի վերջին ֆիլմի՝ «Նիմֆոմանուհու», («Հեշտամոլի») Հայստանում ցուցադրելու պարտականությունը, հանկարծ հրաժարվեց իր մտադրությունից, մսանավորապես, պատճառաբանելով, որ մի շարք անձինք եւ հասարակական խմբեր դեմ են ֆիլմի ցուցադրությանը: Բացի այդ կինոթատրոնը նշել էր, որ այն ընտանեկան ժամանցի վայր է:

Այսօր՝ փետրվարի 17-ին, ասուլիսի ժամանակ զրուցեցին կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, կինոգետ Զավեն Բոյաջյանը եւ բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Եվրոպայի խոշորագույն ռեժիսորի համբավը վայելող Լարս ֆոն Թրիերի վերջին աշխատանքը վերջերս ավարտված Բեռլինի միջազգային կինոփառատոնի հիթերից էր եւ ցուցադրվում էր եվրոպական մի շարք երկրներում: Ֆիլմի պրեմիերան միաժամանակ պետք է տեղի ունենար նաեւ Հայաստանում:

«Այդ ֆիլմը կինոթատրոնի տնօրինությունը կամ մարքեթինգի բաժինը մամուլում ներկայացրել է որպես «*****դրամա», ինչն ինքնին անհեթեթ բնորոշում է, որովհետեւ ընդհանրապես կինոգիտության մեջ եւ կինոգրագիտության առումով այդպիսի ժանր գոյություն չունի», - նշեց կինոգետ Զավեն Բոյաջյանը:

Միաժամանակ, նա շեշտեց, որ հասկանում է կինոթատրոնի՝ ֆիլմի շուրջ հնարավորինս աղմուկ բարձրացնելու կամ դրա հանդեպ ուշադրություն գրավելու մտադրությունը: Կինոգետի խոսքով, գոյություն չունեցող «*****դրամա» ժանրը ֆիլմի մասին օգտագործել է ռուսական բուլվարային մամուլը:

Զավեն Բոյաջյանը շեշտեց, որ հարցազրույցներից մեկում կինոթատրոնի տնօրինությունը հայտարարել է, թե կինոթատրոնի որոշման հիմքում ընկած է այն փաստը, որ Հայաստանը պատրաստ չէ այդ ֆիլմը դիտել, ինչով կինոքննադատի դեր է ստանձնել:

«Ես հակված եմ կարծել, որ այս ամենը կինոթատրոնի վատ, ես կասեի՝ անգրագետ, տգետ կամ տհաս մարքեթինգի կամ մարքեթինգային սխալ քաղաքականության հետեւանք է, եթե նման քաղաքականություն ընդհանրապես գոյություն ունի», - նշեց կինոգետը՝ հավելելով, որ «Հեշտամոլը» ֆիլմը ոչ թե *****գրաֆիա է, այլ բարձրակարգ արթ-հաուսի նմուշ:

Զավեն Բոյաջյանի կարծիքին հակառակեց բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով կինոթատրոնի այդ քայլն անվանեց «վիրուսային» մարքեթինգի օրինակ, այսինքն՝ աղմուկ բարձրացնել՝ իր վրա ուշադրություն գրավելու նպատակով:

«Իմ կարծիքով, «Սինեմասթար» -ն ուղղակի սադրեց ժողովրդին: Այստեղ պետք է հաշվի առնենք նաեւ, թե երբ էին ցանկանում ցուցադրել. այդ եկեղեցական տոնի՝ Տեառնընդառաջի օրն էր, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, որպեսզի հավատացյալ մարդիկ նույնպես ընդվզեն», - նշեց բլոգերը:

Նա, միաժամանակ, տեղեկացրեց, որ Ռուսաստանում իր ընկերներից շատերն են դիտել այդ ֆիլմը եւ տարբեր կարծիքներ են հայտնել, սակայն բոլորն էլ բացասական են եղել: Տիգրան Քոչարյանը նույնպես Լարս ֆոն Թրիերի այս ֆիլմն անվանեց *****գրաֆիա՝ միաժամանակ նշելով, որ մեր ժողովրդին ***** ժանրով զարմացնելը զավեշտալի է:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն իր հերթին զարմանք ատահայտեց ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկի կապակցությամբ՝ կինոթատրոնի որոշումը պարզապես մարքեթինգային քայլ անվանելով: Նա նաեւ ներկայացրեց «*****» ժանրի բնորոշումը, որը ոչ թե, ինչպես շատերն են կարծում, խոշոր պլանով սեռական օրգանները ցուցադրելն է, այլ ֆիլմ, որը նկարահանված է միայն մարդուն սեռական առումով գրգռելու նպատակով: Միաժամանակ, ռեժիսորը շեշտեց, որ մարդու սեռական կյանքը ցուցադրելու միջոցով կարելի է շատ ու շատ խորը հոգեբանական խնդիրներ ներկայացնել:

Զավեն Բոյաջյանն ու Էդգար Բաղդասարյանը նաեւ կինոյի պատմությունից բազում օրինակներ նշեցին, որոնք, ըստ նմանց, պետք է համարվեին *****գրաֆիայի նմուշներ: Հանդիսանալով պարզապես բավականաչափ գիտակից անձնավորություն՝ հոդվածի հեղինակը հարկ է համարում մի նախադասությամբ արտահայտել իր կարծիքը. եթե ամեն բաց տեսարան *****գրաֆիա համարենք, մենք պարզապես խաչ կքաշենք գրեթե բոլոր ժողովուրդների դիցաբանության, կերպարվեստի ամբողջ Վերածննդի շրջանի եւ կինոյի խոշորագույն վարպետների՝ Բերտոլուչիի, Պազոլինիի եւ շատ ու շատերի վրա: Գուցե, պարզապես, հարկավոր է փոքր-ինչ ավելի շա՞տ կարդալ եւ կրթվել: Բացի այդ, չէ՞ որ գոյություն ունի «տարիքային ցենզ» սահմանումը, որը գործում է կինոարվեստի հիմնադրման գրեթե առաջին օրերից:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3859 | 0 | 0
Facebook