Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը» ֆորումը ապրիլի 25-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում

09:33, չորեքշաբթի, 26 մարտի, 2014 թ.

Միջազգայնորեն, աշխարհում բարձր որակավորում ունեցող տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) մասնագետների պակասը գերազանցում է երկու միլիոնը, և չնայած այս պարզ առավելությանը` շատ աղջիկներ երբևէ չեն էլ մտածում ՏՀՏ կարիերայի մասին:
     ՏՀՏ ոլորտը հանդիսանում է ամենաարագ աճող աշխատուժի շուկան և տնտեսական աճի ցուցանիշ մի շարք զարգացած և զարգացող երկրների համար, ըստ այդմ` շատ կազմակերպություններ փորձում են մեծացնել կանանց և աղջիկների թիվը տեխնոլոգիական ոլորտներում, քանզի նրանց համար առկա են անսահման հնարավորություններ:

ՀՄՄ (Հեռահաղորդակցության միջազգային միությունը) և աղջիկները ՏՀՏ ոլորտում
     2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) ընդունեց բանաձև` նշելու յուրաքանչյուր տարվա չորրորդ ամսվա, չորրորդ շաբաթվա, չորրորդ օրը, որպես "ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր" և դրանով ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարիերան:
     Հեռահաղորդակցության միջազգային միությունը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) այն մարմինն է, որը պատասխանատու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համար: Վերջինս լիազորված է խրախուսելու տեխնոլոգիաների օգտագործումը աշխարհում, սահմանել գլոբալ միասնական չափորոշիչներ և բարձրացնել հարցեր` ուղղված տեխնոլոգիաների զարգացմանը:
     ՀՄՄ-ի հովանավորությամբ "ՏՀՏ ոլորտի աղջիկների օրը" նշվում է ամբողջ աշխարհում: ՏՀՏ ոլորտի աղջիկների օրը ԱՄՆ-ում և Եվրոպայում արդեն տոնվում է տաս տարի շարունակ: Գերմանիայում այն նշվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բարձր հովանու ներքո: 2013թ.-ին Բրյուսելում, Եվրոխորհրդարանը ապրիլի 25-ի սեսիան նվիրեց աղջիկներին: Ազգային միջոցառումներ կազմակերպվեցին Ռուսաստանում, Բելգիայում, Հունգարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Չեխիայում, Լյուքսենբուրգում և այլուր:

Ավելի մանրամասն տեղեկատվության համար, կարող եք այցելել http://girlsinict.org որտեղ կգտնեք նաև օգտակար տեղեկատվություն ՏՀՏ ոլորտի կրթաթոշակների վերաբերյալ:

Հայաստանը և ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության և հեռահաղորդակցության զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման համար` ճանաչվելով այդ երկրների տնտեսության զարգացման գերակա ուղղություն և գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմք: Դեռևս 2000թ.-ի ՏՀՏ-ն ճանաչվել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը և այսօր Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր հավելյալ արժեք ստեղծող և ամենաարագ զարգացող ճյուղն է:
     Հայաստանի անկախության ավելի քան 20 տարիների զարգացումները և աշխարհաքաղաքական իրավիճակն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանը այլընտրանք չունի, բացի գիտելիքահենք տնտեսությամբ զարգանալը: Այստեղ հաշվի են առնվում նաև ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը, ստեղծագործ և աշխատասեր ժողովրդի առկայությունը, ինչպես նաև տարածքային բնական պաշարների և տրանսպորտային ուղիների սահմանափակությունը: Եվ ակնհայտ է, որ կանայք և աղջիկները պետք է ավելի նշանակալի դեր ունենան այս գործընթացում:

«ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» այս տարի երրորդ անգամ կնշվի Հայաստանում: Տոնը հիանալի հնարավորություն է` ոգեշնչելու երիտասարդ աղջիկներին ընտրելու ՏՀՏ կարիերան:
    
     «Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը» ֆորումը տեղի կունենա ապրիլի 25-ին ժամը 13: 00-15: 30, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Բաղրամյան 40:

• Ֆորումում ելույթ կունենան ՏՀՏ ոլորտի կրթության, գիտության, կառավարության, արտադրության բնագավառների հաջողակ կանայք` կիսելով իրենց հաջողության գաղտնիքները:

• Երևանի ավագ դպրոցների աշակերտուհիներին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողուհիներին, իրենց մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք լրացնել կից Մասնակցության հայտը (հավելված 1) և ուղարկել girlsinictarmenia@gmail.com հասցեին մինչ ապրիլի 18, 2014:

• Այս տարի, ինչպես նախորդ տարի, օգտագործելով առկա տեխնոլոգիաները, համաշխարհային ցանցային լուծումների առաջատար CISCO ընկերության աջակցությամբ, ֆորումը հասանելի կլինի նաև մարզերին օն-լայն: Սիրով հրավիրում ենք մարզային ավագ դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներին լրացնելու կից Օն-լայն մասնակցության հայտը (հավելված 2), ուղարկել girlsinictarmenia@gmail.com հասցեին մինչ ապրիլի 18, 2014 և նախնական տեխնիկական հնարավորությունների ստուգումից հետո այդ օրը միանալ ֆորումին, հնարավորություն ստեղծելով աշակերտուհիներին հեռահար մասնակցելու ֆորումին:

• Ֆորումում նաև կհանձնվեն մրցանակներ տարբեր անվանակարգերում: Մրցույթի մասնակցության պայմանները նշված են Մրցույթի մասնակցության հայտում (հավելված 3): Մրցույթի նպատակն է օգնել աղջիկներին ՏՀՏ բնագավառում կարիերայի ընտրության հարցում: Այն խթան կհանդիսանա Հայաստանում տեղեկատվական հասարակության կառուցմանը, կօգնի հասկանալ, թե որքան բազմազան են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառությունները և որքան պահանջված են ՏՀՏ ոլորտի մասնագետները:

• Այս տարի մրցույթին հնարավորություն կունենան մասնակցելու ինչպես Երևանի, այնպես էլ բոլոր մարզերի աշակերտուհիները: Մրցույթի հաղթողներ կընտրվեն Երևանից և տաս մարզերից առանձին-առանձին: Արդյունքում` հնարավորություն կստեղծվի յուրաքանչյուր մարզ ունենա իր հաղթողները:

Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 094 40 05 22, 055 63 25 20, 091 22 55 35 հեռախոսահամարներով:


    

Մասնակցության հայտեր (հավելվածներ)

Աղբյուրը` armedu.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4036 | 0 | 0
Facebook