Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վլադիմիր Մովսիսյան. Եկել է Սեւանին պարտքերը վերադարձնելու ժամանակը. «ԷկոԼուր»

Gurgen Manukyan
Հեղինակ`
Gurgen Manukyan
00:08, շաբաթ, 08 մարտի, 2014 թ.

Մենք ունենք ՀՀ նախագահի կոնկրետ հանձնարարությունը, անմիջական ղեկավարությունը եւ աջակցությունը, որ Սեւանա լիճը հիվանդ է, պետք է բուժել, որ Սեւանա լիճը իր ռեսուրսներով մեզ օգնել է, եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը: Այս մասին օրերս Հայաստանի ԳԱԱ նախագահության նիստում հայտարարել է Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, հաղորդում է «ԷկոԼուրը» :

«Պատրաստվել է 15 փորձագիտական եզրակացություն եւ դրանք ներկայացվել են ՀՀ նախարարություններին: 15 եզրակացությունից որեւիցե մեկը չի հակասել Սեւանի մասին գործող օրենքներին», - ասել է Վլադիմիր Մովսիսյանը:

«Քանի որ հանրապետությունում շրջանառվում են տարբեր մեկնաբանություններ Սեւանա լճի վերաբերյալ, թույլ տվեք ձեզ հաղորդեմ որոշակի համառոտ տեղեկություններ իրական վիճակի եւ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ: Սեւանա լճի ծավալը 1933-ից մինչեւ 2002 թ-ը իջել է` 58 միլիարդ խմ հասնելով մինչեւ 32.7 միլիարդ խմ, մակարդակը նվազել է շուրջ 20 մետրով, ինչը բերել է անցանկալի փոփոխությունների: Հիմնականում կարեւոր նշանակություն ունեն երեք բաղադրիչ` մակարդակի բարձրացումը, ջրերի մաքրության ապահովումը եւ կենսաբազմազանության վերականգնումը: Վերջին 12 տարիների ընթացքում Սեւանի մակարդակը բարձրացել է 3 .9 մ, իսկ դա նշանակում է, որ լճում ջրի ծավալը ավելացել է 5 միլիարդ խմ-ով: Հիմա մենք ունենք 37.7 միլիարդ խմ ջուր Սեւանում:

Սեւանի մասին օրենքներով նախատեսված էր յուրաքանչյուր տարի լճի մակարդակը բարձրացնել միջին թվով 21.6 սմ: Մենք այսօր այս վերջին տարվա տվյալներով հասել ենք այդ ծրագրի ժամանակացույցի 2019 թ-ի մակարդակին, այսինքն, 6 տարով արագ տեմպերով ենք լիճը բարձրացրել, քան պետք է բարձրացնեինք: Ես դա շատ դրական եմ համարում», - ասել է Վլադիրմիր Մովսիսյանը: Ըստ նրա` սակայն դժվար է սպասել էական դրական ջրաբանական ռեժիմի փոփոխությանը, քանի դեռ Սեւանի մակարդակի նախատեսված 6 մետրով բարձրացմանը չենք հասել: «Կարեւորը, որ այդ աշխատանքները պետք է շարունակել եւ որ այսուհետ իրավունք չունենք ունենալ Սեւանի ջրի հաշվեկշռի բացասական ցուցանիշ», -ընդգծել է Վլադիմիր Մովիսիյանը:

«Լճի մակարդակի վերաբերյալ ամենալուրջ խնդիրը կապված է Արփա-Սեւան թունելի դեֆորմացված հատվածների վերականգնման ծրագրի հետ, որը իրականացնում է կառավարությունը: Ծրագրի արժեքը 11.8 միլիարդ դրամ է: Վերջին 4 տարիներում 7.5 միլիարդը իրականացվել է եւ առաջիկա 3 տարիների ընթացքում այդ 3. 5 կմ երկարությամբ դեֆորմացված հատվածները կվերականգնվեն: Դեֆորմացումը տեղի է ունեցել տեղանքի ինժեներաերկրաբանական իրավիճակի, ինչպես նաեւ այդ հատվածներում դեկտոնիկ ճնշումների բարձրացման պատճառով: Աշխատանքները իրականացվում են սակավաջուր ամիսներին: Անցյալ տարի Արփա-Սեւանով լիճ է տեղափոխվել 137 միլիոն խմ ջուր, իսկ երբ ավարտվեն աշխատանքները` տարեկան կտեղափոխվի 250-260 խմ: Լճից ջրի բացթողումները անցյալ տարի ոռոգման նպատակով կազմել են 169 միլոն խմ, նախորդ տարի` (2012թ.) 317 միլիոն խմ»:

Ըստ Վլադիմիր Մովսիսյանի` ափամերձ տարածքներից 1660 հեկտարի վրա մաքրել են անտառները, ապամոնտաժել եւ տեղափոխվել են առանց փոխհատուցման 362 շենք- շինություն, բոլոր ինժեներական կառուցվածքները, որոնք ջրածածկվել էին, տեղափոխված են:

Իսկ լճի էկոլոգիական վիճակի վերաբերյալ պատկերը, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, հետեւյալն է. «Մակարդակը բարձրացել է, հատակի ջերմաստիճանն արդեն նվազել է 5-6 աստիճանով: Լճի ջրի լուսաթափանցելիությունը, նախկինում իջել էր 3-4 մետր, հիմա ափերի մոտ 8.5-10 մետր է, իսկ լճի կենտրոնում միչեւ 11 մետր: Ձկան պաշարների որոշակի ավելացում գոյություն ունի, եթե նախորդ տարիներին միայն էնդեմիկ տեսակների որոշակի չնչին ավելացում կար, անցյալ տարի մենք մոնիտորինգով փաստել ենք նաեւ սիգ ձկնատեսակի քանակի ավելացում»:

Վլադիմիր Մովսիսյանի խոսքով` անխնա օգտագործման պատճառներով ձկնային պաշարներին հասցվել է հսկայական վնաս. «Սեւանի էնդեմիկ ձկնատեսակների արհեստական բազմացման, վերարտադրության շնորհիվ դրական տեղաշարժ կա: Վերջին 7 տարիների ընթացքում բնապահպանության նախարարության միջոցով Սեւանա լիճ է լցվել ավելի քան 2 միլիոն մանրաձուկ, եւ այս բոլորը բերել է արհեստական վերարտադրության բարելավմանը, բայց սա խնդրի լուծումը չէ: Եթե մենք չենք կարողանում պայմաններ ստեղծել բնական վերարտադրության համար, մենք դրական արդյունքի հասնել չենք կարող: Արհեստականի հետ միասին շարունակում ենք նաեւ ցանցավանդակային եղանակով ձկներ աճեցնելու պիլոտային ծրագիրը: Պիլոտային ծրագիրը ավարտված է, մոնիտորինգը արված է եւ պետք է շարունակվի: Այստեղ մենք մեզ համար տեսնում են 2-3 խնդիր, որոնք կարող են նպաստել բնական վերարտադրությանը: Առաջինը` ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերի բնական հուների վերականգնումը եւ մաքրության ապահովումը: Հաջորդը` այդ 10 գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի խնդիրն է, որոնք իրենց կառույցներով արգելակում են ձկների ազատ հոսքը դեպի վերեւ, դեպի բնական ձվադրում: Մենք մոնիտորինգի ենք ենթարկել դրացից 7-ը, 7-ում էլ գտել ենք զգալի թերություններ ձկնթող համակարգի առումով: Դրանց վերաբերյալ մենք առաջարկությունները ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը եւ ՀՀ նախագահին: Հիմա կառավարությունը մտել է ՀՀ Ազգային ժողով, որպեսզի օրենքով արգելի այդ գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումը եւ եղած բոլոր ՀԷԿ-երը տեխնոլոգիապես եւ տեխնիկապես կառուցել այնպես, որ չխոչընդոտեն ձկների վերարտադրությանը», - նշել է Վլադիմիր Մովսիսյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4521 | 0 | 0
Facebook