Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռաֆիկը չէր զարմացել, որ իր հետ Սևան գնացած անչափահաս աղջիկը կույս չէ

Vladimir Vardanyan
Հեղինակ`
Vladimir Vardanyan
17:32, հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2012 թ.
Ռաֆիկը չէր զարմացել, որ իր հետ Սևան գնացած անչափահաս աղջիկը կույս չէ
     Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Ռաֆիկ Մարկոսյանի գործի դատական քննությունը:
    
     Ըստ մեղադրանքի` Մարկոսյանը 18 տարին չբոլորած Աստղիկին ու էլենին շահագործման ենթարկելու նպատակով հավաքագրելու և ՌԴ տեղափոխելու համար նախնական համաձայնության էր եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող մարմնավաճառ Քրիստինեի հետ: Քրիստինեին ներկայացրել էր որպես իր մորաքրոջ աղջկա: էլենը հրաժարվել էր մեկնել Ռուսաստան, իսկ Աստղիկը մեկնել էր`Ռաֆիկ Մարկոսյանի խոստումներին հավատալով, թե ամուսնական կյանքով են ապրելու, ընտանիք են կազմելու: Նրանց հետ մեկնել ու համատեղ ապրել էր նաև Քրիստինեն: 2011թվականի հուլիսի 12-28-ը Աստղիկին պահել էին Մինվոդի քաղաքին մերձակա գյուղում, ծեծել էին, բռնություններ գործադրել ու աշխատանքային շահագործման ենթարկել` աշխատեցնելով հողամասում և ստիպելով սոխի մշակությամբ զբաղվել: Քանի որ Ռաֆիկ Մարկոսյանը Քրիստինե Ներսիսյանից ուշ էր բռնվել, այս պահին Քրիստինե Ներսիսյանի մասով գործը դատական երկու ատյաններով անցել է, Քրիստինեն դատապարտվել է 11 տարի ազատազրկման:
    
     Հերթական դատական նիստում Ռաֆիկ Մարկոսյանը պատասխանում էր մեղադրողի հարցերին: Ամբաստանյալն ասաց, որ Աստղիկի հետ ծանոթացել է Երևանում: Այն կարծիքն է կազմել, թե Աստղիկն ազատ վարքի տեր աղջիկ է, որովհետև իմացել է, որ նա տարբեր ընկերախմբերով այսուայնտեղ է գնացել: Պարզել է նաև, որ Աստղիկի քեռուն լավ ճանաչում է, բանակում իրար հետ էին ծառայել ու մտերիմ էին եղել: Այս հանգամանքը չի խանգարել, որ Աստղիկին Սևան հրավիրի, որտեղ իր ընկերը տնակ ուներ: Ինքն ու Աստղիկը կանգ են առել այդ տնակում:
    
     Քանի որ որոշակի կարծիք ուներ Աստղիկի վարքի վերաբերյալ, չի զարմացել, որ նա, անչափահաս լինելով, առանց ծնողների համաձայնությունը ստանալու իր հետ մեկնել է Սևան: Ի սկզբանե նպատակ չի ունեցել սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ կամ գիշերը անցկացնել Սևանում, բայց այդպես է ստացվել: Ռաֆիկը չի զարմացել նաև, երբ սեռական հարաբերության արդյունքում հասկացել է, որ Աստղիկը կույս չէ:
    
     Իր ներկայությամբ Աստղիկը այդ երեկո և գիշերը ծնողների հետ չի խոսել: Հաջորդ առավոտյան զանգել է Աստղիկի հայրը և Ռաֆիկին սպառնացել, որ եթե տասը րոպեից Երևանում չլինեն, ինքը ոստիկանություն կգնա: Ռաֆիկը վախեցել է, որ կդատվի անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Խնդրել է, որ սպասեն իրենց:
    
     Ռաֆիկն ու Աստղիկը տաքսիով մեկնել են Երևան: Աստղիկի հայրը պահանջել է, որ նրանք գնան տատիկի տուն` ասելով, թե չի ցանկանում խայտառակվել: Մինչև տատիկի տուն հասնելը Ռաֆիկը հանդիպել է Աստղիկի մորաքրոջ ամունուն, որը անմիջապես հարցրել է` սեռական հարաբերություն ունեցե՞լ են: Ստանալով դրական պատասխան` մյուս հարցն է տվել`Աստղիկը կո՞ւյս էր: Այս անգամ Ռաֆիկը բացասական պատասխան է տվել: Իսկ տատիկի տանը, ի պատասխան Աստղիկի ծնողների հարցին` խաբել է, թե սեռական հարաբերություններ չեն ունեցել: Այդպես է ասել, որ ոստիկանություն դիմելու հարց չբարձրացնեն:
    
     Տատիկի տանը հավաքված բարեկամները Ռաֆիկից պահանջել են, որ ամուսնանա Աստղիկի հետ, որպեսզի աղջիկը և ամբողջ ընտանիքը չխայտառակվեն: Չէ՞ որ Աստղիկը արդեն «փախցրած» աղջիկ էր: Ռաֆիկը համաձայնել է, միայն թե չդատվի: Տատիկի տնից Աստղիկը դուրս է եկել Ռաֆիկի հետ: Ծնողների ու բարեկամների թույլտվությամբ նրանք ճամփա են ընկել նորից դեպի Սևան` իրենց հետ վերցնելով Աստղիկի ընկերուհի էլենին ու Ռաֆիկի ընկեր Ապերին: էլենը երեք-չորս օր Աստղիկի ու Ռաֆիկի հետ մնացել է Սևանում, կարծես զույգը հարսանեկան ճամփորդության էր մեկնել, ընկերներն էլ ուղեկցում էին` որպես ավանդական հարսնաքույր ու փեսեղբայր: Նույն երեկոյան նրանց Սևանում այցելել և հարկավոր ամեն բան` ջրեղեն, ուտելիք, այլ անհրաժեշտ իրեր է տարել Քրիստինեն, որին Աստղիկը ճանաչել է որպես Ռաֆիկի մորաքրոջ աղջկա:
    
     Հետագա օրերին Ռաֆիկն Աստղիկի հետ սեռական հարաբերություն չի ունեցել: Քանի որ աշխատանք չուներ, եղբայրն էլ ասել էր` ինչ ուզում ես արա, միայն թե այդ աղջկան տուն չբերես, Ռաֆիկը գնացել է Քրիստինեի տուն, պատմել, թե ինչ իրավիճակում է հայտնվել և խնդրել է, որ որոշ ժամանակ Աստղիկի հետ ապրի նրա տանը: Քրիստինեի մասին Ռաֆիկն ասաց, թե նա իր լավ ընկերն էր, իրեն «պադդերժկա» է արել շատ հարցերում, նրա հետ նաև ինտիմ կապի մեջ է եղել: «Սիրուհի» չկոչեց Քրիստինեին` ասելով, թե դա կոպիտ է հնչում: Միաժամանակ հայտնեց, թե իմացել է, որ Քրիստինեն զբաղվում է մարմնավաճառությամբ:
    
     Ի վերջո, Ռաֆիկը որոշել է Ռուսաստան գնալ, Սարատովում գտնվող ընկերոջ մոտ` աշխատելու: Աստղիկն ասել է` ուր էլ գնաս, քեզ հետ կգամ: Ու ճամփա են ընկել: Նրանց հետ դեպի Ռուսաստանի տափաստաններն է ուղևորվել նաև Քրիստինեն` «լավ ընկերը» և կարծեցյալ մորաքրոջ աղջիկը:
    
     Հետագա իրադարձությունների վերաբերյալ հարցերը մեղադրողը կհնչեցնի հաջորդ դատական նիստին:
    
     Ի՞նչն էր ամբաստանյալի պատասխանների մեջ ամենաարտառոցը: Երկուստեք` Ռաֆիկը և Աստղիկի ընտանիքը առերևույթ ազատամիտ էին, բայց իրականում`խորապես ավանդապաշտ, աղջկա կուսությունը երկուստեք առաջնահերթ էին համարում, շրջապատի աչքին չխայտառակվելու, կատարվածը կոծկելու համար անչափահաս աղջկան մարդու էին տալիս` այդ «մարդուն» դնելով ստիպողաբար ամուսնանալու նվաստացուցիչ պայմանների մեջ: Վերջինս էլ առերևույթ ամուսնանում էր`միայն թե չդատապարտվի:
    
     Աստղիկի ընտանիքը համառորեն պահանջում էր, որ Ռաֆիկը «կարմիր խնձոր» ուղարկի իրենց տուն: Քանի որ Ռաֆիկի ծնողները Ռուսաստանում էին, եղբայրը համաձայն չէր ամուսնությանը, Ռաֆիկն էլ սկզբունքորեն չէր ցանկանում ոչ կույս աղջկա համար «կարմիր խնձոր» ուղարկել, միևնույն ժամանակ չէր ուզում Աստղիկի ծնողներին զայրացնել, ի վերջո` Աստղիկի «կարմիր խնձորը» տարել է մարմնավաճառուհի, միևնույն ժամանակ Ռաֆիկի սիրուհի Քրիստինեն: Սա համարյա թե ֆարս է:
    
     Ընտանիքի համար կարևորը չխայտառակվելն էր, ստացվում է: Հանուն չխայտառակվելու էլ անչափահաս աղջկան քիչ ծանոթ երիտասարդին էին վստահել ու համաձայնություն տվել, որ մեկնեն Ռուսաստան և ընտանիք դառնան: Ռաֆիկն էլ իր հերթին ասում է` մեկնեցի Ռուսաստան, որ ընկերներիս, ինձ ճանաչողների շրջապատում խայտառակ չլինեմ ազատ վարքի տեր աղջկա հետ ամուսնանալու համար: Երկուստեք այնքան չէին ուզում խայտառակվել, որ արդյունքում մի կողմը տուժող դարձավ, մյուս կողմը` ամբաստանյալ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10906 | 9 | 0
Facebook