«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգ՝ «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ:
Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի լավագույն ներկայացուցիչները` ինչպիսիք են` Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Վարդան Գալստյանը և այլք:
Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Ղշյան Սերյոժայի համար բացված հաշվեհամարին:
Սերյոժան 8 տարեկան է: Երեխայի մոտ 2012թ.-ի սեպտեմբերին ախտորոշվել է հիպոֆիզի ցողունի կիստոզ կրանիոֆարինգիոմա: 2013թ.-ի փետրվարի 7-ին նրան վիրահատել են Բիֆռոնտալ-քունքային շրջանում ոսկրապլաստիկ տրեպանացիա ուռուցքի ռեզեկցիայով: Վիրահատությունից 4 ամիս հետո կրկին վիրահատել են վիճակի վատթարացման պատճառով` Ռիկհեմի ռեզերվուարի իմպլանտացիա:
Երեխան կարիք ունի ևս մեկ վիրահատության, որը ՀՀ պայմաններում հնարավոր չէ իրականացնել: Նման բուժում իրականացվում է միայն Գերմանիայում և Սանկտ Պետերբուրգում: Սերյոժայի ծնողներն արդեն փաստաթղթերը ուղարկել են Սանկտ Պետերբուրգ՝ Բեխտերևի անվան «մարդու ուղեղի» ինստիտուտ, որտեղից հայազգի պրոֆեսոր Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու վիրահատությունը:
« «Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների» խորագրով հեղինակային երգի համերգը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19: 00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դահլիճում:
Տոմսերի արժեքններն են` 1000, 2000, 3000, և 4000 դրամ: Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` (055) 502544/ (077) 077533: