Հաշմանդամների միջազգային օրը հռչակվել է 1992 թ. ՄԱԿ-ի կողմից: 2006 թ. Հայաստանը ևս միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թ. փետրվարին արդեն ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով՝ հանդես գալով նրանց իրավունքների պաշտպանությամբ, նրանց առջև ծառացած խնդիրների լուծմամբ, ինչպես նաև՝ աշխատանքային հնարավորություններով ապահովելու հարցերով:
Հայաստանում որպես հաշմանդամների միջազգային օր նշվում է դեկտեմբերի 3-ը, որի առթիվ այսօր Մոսկվա կինոթատրոնի 2-րդ հարկում տեղի ունեցավ ‹‹Ժամանակն է իրագործելու մեր ներուժը›› խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցահանդեսը, որը տևելու է 3 օր, ներկայացվել է Life ծրագրի կողմից, որը իրականացվում է ‹‹Սեյվ դը չիլդրեն›› կազմակերպության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են ‹‹Ակտիվա›› միջազգային հիմնադրամը, ‹‹Ունիսոն›› ՀԿ-ն, ‹‹Էյջ-Դի-Փի›› հիմնադրամը և ‹‹Լիարժեք կյանք›› ՀԿ-Ն:
Ֆոտոցուցահանդեսում ներկայացված էին տարբեր կազմակերպությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային զբաղվածությանը վերաբերող լուսանկարներ, որոնց հեղինակը Ռասմիլա Ալավերդյանն է: Ցուցադրության մեջ ներառված էր նաև ‹‹Ունիսոն›› ՀԿ կերպարվեստի ստուդիայի սաների աշխատանքները: