Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆՎԻՐՅԱԼԸ

Varduhi Gasparyan
Հեղինակ`
Varduhi Gasparyan
02:18, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2013 թ.

Մկրտիչ Տոնոյան, նկարիչ, ազատամարտիկ… Մարդ ով անցել է պատերազմի թոհուբոհով, բայց չի կորցրել մարդկային արժեքները, հայի դիմագիծը…

-Մարդու ամենալավ բացահայտումը, ինքնաբացահայտումն է, բացահայտեք ինքներդ Ձեզ և որպես արվեստագետի, և որպես մարդու:

-Ծնվել եմ սովորական աշխատավորի ընտանիքում: Ծնողներս Ջավախքից են եղել: Մինչև 10 տարեկան իմ խնամակալությամբ զբաղվել է պապիս մայրը, ով Կաթոլիկ հայ էր և եղել է Մեծ Եղեռնից փրկվածներից մեկը: Գուցե զարմանալի թվա, որ այսքան պարզ եմ հիշում նրան, քանի որ նա այն քչերից մեկն է, ով մեծ ազդեցություն է ունեցել իմ աշխարհայացքի վրա: Փոքր ժամանակ, երբ իմ հասակակից երեխաները հաճախում էին մանկապարտեզ, իմ զարգացմամբ մեծ տատիկս էր զբաղվում (ես նրան «մամի» էի կանչում) վստահ լինելով, որ ինձ ավելին կտա: Փաստորեն մանկապարտեզի տարիքում ես Կաթոլիկ դաստիարակություն եմ ստացել: Այդ տարիքում էր, որ ես որոշեցի քանդակագործ դառնալ: Հետո տատանվում էիբժիշկ դառնալ, թե՞ քանդակագործ: Պապիս հոր անունն եմ կրում, նա բժշկության հետ կապ ուներ ու ես էլ ուզում էի նրա գործը շարունակել: Հիշում եմ փոքր էի ու երբ մի խաղալիք էի ուզում, մամս ասում էր, որ «Ինչ օր կուզես ունենաս դու ուրմիշ բեր, լաո» Երևի հենց էստեղից էլ սկսվեց իմ «ստեղծագործական» ուղին: Հաճախել եմ արվեստի դպրոց, հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղ. Ուսումնարան: Ուսումնարանի վերջին կուրսում սկսեցի պարապել բժշկականի համալսարանի համար: Հետագայում պետք է դիմեի և Գեղարվեստի ակադեմիա, և Բժշկական համալսարան: Բայց երբ ընդուվեցի Գեղարվեստի ակադեմիա՝ այն էլ անվճար, բժշկականի վերջին քննությանը այլևս չներկայացա: Հիմա էլ չեմ դադարել երազել, որ մի օր բժիշկ եմ դառնալու: Քոլեջ ընդունվելու տարին համընկավ Արցախյան պատերազմի հետ: Այդ ժամանակ նոր ջոկատներ էին կազմավորվում: Սկսվել էին հանրահավաքները, տարբեր շրջաններից տղաներ էին գալիս և քանի որ փոքր էինք մեզ ոչ մի ջոկատում չէին ընդունում: 89-90-ական թվ-ն էին ու հիմա արդեն զարմանալի չէ որ այդքան արվեստի տարբեր բնագավառներից տղաներ էին հավաքվում: Կազմավորվեցմեր ջոկատը և անվանվեց «Ազգային լեգեոն»: Սկսեցնք զբաղվել նաև ռազմահասարակական գործունեությամբ և ակամայից միացանք զինվորականների շարքերին: Այդ ընթացքում գրեթե չէի հաճախում ուսումնարան, բայց նկարելը չդադարեցի: Բոլորը չէ, ոչ մարտի դաշտից չվերադարձան և ամենքիս կյանքում մեծ հետք թողեց ընկերոջ կորուստը: Շարունակեցինք մեր գործունեությունը ետպատերազմյան շրջանում ևս` «Ազգային լեգեոն» արվեստի կենտրոնի շրջանակներում կազմակերպում էինք հուշ-երեկոներ նվիրված մեր ընկերների հիշատակին: Անգամ ավարտական դիպլոմային աշխատանքս էլ կապված էր պատերազմի հետ, որը կոչվում էր «Հուշեր պատերազմից»: Ուզում էի աշխատանքս շարունակել զորամասում ու մի որոշ ժամանակ մնացի հետո հասկանալով որ բարձրագույն կրթությունս պետք է ընտրեցի ուսումը: 96թ-ին ընդունվեցի Գեղարվեստի Ակադեմիա:

-Պատերազմից հետո ոչինչ չխանգարեց շարունակել ուսումը:

-Ինձ ավելի շատ օգնեց: Այդ ժամանակաշրջանից հետո սկսեցինք կյանքը ավելի լավ ընկալել ու հասկանալ ինչ է հարկավոր մեզ: Ես դժգոհ չեմ, որ մասնակցել եմ պատերազմին, հակառակը՝ հպարտ եմ:

-Երբ են «ծնվել» առաջին նկարները:

-Պիոներ պալատից եմ դեռ սկսել նկարել: Նկարել եմ կամ տիեզերք մոլորակներով, կամ էլ օվկիանոսի հատակ: Առաջի պրոֆեսիոնալ աշխատանքս էլ կարծում եմ եղել է կտավի վրա յուղաներկով աշխատանքս:

-Անհատական ցուցահանդեսներ ունեցել եք:

-Փոքր տարիքում եմ ունեցել, երբ սովորում էի արվեստի դպրոցում` Վլադիմիր Մարգարյանի / Վալմարի/ ղեկավարությամբ: Նա գնահատեց աշխատասիրությունս և իմ աշխատանքներով կազմակերպում էր անհատական ցուցահանդեսներ: 2 անհատական ցուցահանդես էլ ունեցել եմ արտերկրում, մնացածը եղել են խմբակային ցուցահանդեսներ:

-Պատանեկության շեմին հայտնվեցիք մարտի դաշտում, տարիներն անցել են միթե այսօր էլ այն ժամանակվա նման կմասնակցեիք, եթե կրկնվեր:

-Պատանեկությունը այն շրջանն է, որ քիչ ես երկմտում արարքից առաջ հետո արդեն իհարկե նույն խանդավառություննու անսասան մղումը չես: Եթե անկեղծ, առաջվա նման չի լինի, ֆիզիկապես էլ այն չենք: Ես դժգոհ չեմ, բայց այնուամենայնիվ… Այն ժամանակ անգամ մարդկային փոխհարաբերություններն այլ էին, այսօր ամեն ինչ է փոխվել…ՆՈՍՏԱԼԳԻԱՆ անցած տարիների հանդեպ կա, շատ կուզենայի Դարտանյանը և երեք հրացանակիրների նման 20 տարի անց լիներ, բայց ավաղ ոչինչ առաջվա նման չի կարող լինել: Կարևորն այն է, որ փոփոխությունները հիասթափության չեն հասցրել:

-Ըստ Ձեզ որն է հայրենասիրության դրսևորումը:

-Ճիշտ ապրելն է այլ ոչ թե պարտադիր կռվի դաշտում հայտնվելը կամ «հայրենասիրական բաժակաճառեր ու թվացյալ կեցվածք ընդունելը: Մարդու խոսքն ու գործը պետք է համահունչ լինեն:

-Եթե կտավին հանձնեիք Ձեր կյանքի պատմությունը ինչպես կպատկերեիք:

-Իմ ապրած կյանքը բազմաբովանդակ է եղել, ըստ որի դժվար կլինի մեկ կտավի վրա ներկայացնել ամբողջը: Պատրաստվում եմ նկարել մի շարք, որոնցում ակնառու կլինեն իմ անցած ճանապարհըները: Արվեստը ինձ համար միայն նստել նկարելը չի, պետք է ինքնաքննադատ լինել և ինքնապահանջկոտ: Ինքդ քո հախից պիտի կարողանաս գալ: Հիմնադրել ենք «Ակոս» մշակութային հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է զարկացնել Հայաստանի և արտերկրի միջև մշակութային կապեր: Ուզում եմ այս միջոցով ևս նպաստել հայկական ավանդական և ժամակակից մշակույթի միջազգային հարթակներում տեսանելիության բարձրացմանը և ըստ արժանվույն գնահատմանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5698 | 0 | 0
Facebook