Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սասուն Պասկևիչյան

Varduhi Gasparyan
Հեղինակ`
Varduhi Gasparyan
00:52, երեքշաբթի, 30 հուլիսի, 2013 թ.

- Ինչպե՞ս են ստեղծվում երգի բաոերը:

-Երգը նախ և առաջ պետք է ունենա ԱՍԵԼԻՔ, առանց որի նա ոչ թե երգ է, այլ երգանման մի բան…Երգը շնչող օրգանիզմ է և, մարդու նման, նա էլ ունի և՛ Հոգի, և՛ Ոգի… Երգի մեջ տեքստն ու երաժշտությունը պետք է համահունչ լինեն…

Տարբեր երգահաններ տարբեր մոտեցումներ ունեն: Բանաստեղծը ստեղծում է (գրում է) իր բանաստեղծությունը, և եթե երգահանը ուզում է այն երգի վերածել, ապա երաժշտությունը պետք է համահունչ լինի տեքստին, իսկ եթե երգահանն է նախ

ստեղծում (գրում) երաժշտությունը, որի հիման վրա բանաստեղծը (կամ ինչ - որ մի դիլետանտ) պետք է գրի երգի բառերը (տեքստը), բնականաբար նա պետք է ղեկավարվի գոյություն ունեցող երաժշտությամբ, պետք է բավարար գիտելիքներ ունենա երգահանությունից: Պատահում է, որ երգահանն ու բանաստեղծը համատեղ են աշխատում և լրացնում են միմյանց): Եթե այս "չգրված օրենքը" չի պահպանվում, ապա "ծնվում" են թիթեռնիկի կյանք ունեցող և երգ հորջորջված գործեր, ինչպիսին ներկայի երգերի ճնշող մեծամասնությունն է… Անշուշտ կան երգահաններ, որոնք իրենք են գրում երգի տեքստը, եթե, իհարկե, նրանք բավարար գիտելիքներ ունեն այդ ասպարեզում: Այս ամենով հանդերձ, երգաստեղծը պետք է օժտված լինի Ի ՎԵՐՈՒՍՏ տրված շնորհով, տաղանդով, հանճարով…

-Խոսքերի հեղինա՞կն է թելադրում երգչին, թե՞ երգիչը՝ խոսքերի հեղինակին:

-Եթե երգիչը պետք է թելադրի խոսքերի հեղինակին, ուրեմն էլ ինչ հեղինակ: Երգը արվեստ է և ոչ թե՝ արհեստ, ու եթե մինչև անգամ արհեստ է, ապա երգիչը "արհեստավորն" է, իսկ հեղինակը՝ "ճարտարապետը"… Իսկ իրեն հարգող ճարտարապետը թույլ չի տալիս իր նախագիծը փոխել…

-Հաճախ լինում է, որ ձայնային տվյալներով երգիչը երգում է ոչ նորմալ երգ: Ո՞վ է պատասխանատուն:

-Ձայնային տվյալներ ունենալը ամենևին էլ բավարար պայման չէ ԵՐԳԻՉ լինելու, կամ դառնալու համար: Չափազանց կարևոր է երգչի ներաշխարհը, էությունը և շատ այլ գործոններ…Իսկ թե ինչո՞ւ է լավ երգիչը երգում ձեր ասած "ոչ նորմալ" երգը, ապա այդ երգիչը հավանաբար ինքն էլ չգիտե, թե որն է "նորմալ" կամ "ոչ նորմալ" երգը, իսկ եթե տարբերում է, բայց երգում է, ուրեմն նա ինքն իրեն չի հարգում, էլ ո՞ւր մնաց՝ հանրությանը: Իսկ թե "ո՞վ է պատասխանատու"-ն - պատասխաններրը մի քանիսն են: Ամենամեծ պատասխանատուն մենք բոլորս ենք, որ հանդուրժում ենք…

-Ինչպե՞ս եք ընտրում երգչին: Ո՞վ է համապատասխան գրված երգին:

-Հիմնականում երգը ստեղծելուց առաջ ես նկատի եմ ունենում երգչին ՝ հաշվի առնելով նրա ներաշխարհը, էությունը, ձայնը, կատարողական արվեստը և այլն: Հաճախ եմ այս մասին խոսել ու գրել: Ես երգիչներին հինգ մասի եմ դասում: Երգիչների մեծ մասը (60-70 %-ը) երգում է ինչ պատահի, ոնց պատահի… Մնացյալի մի մասը երգը կատարում է, ավելի փոքր մասը՝ մեկնաբանում, շատ քչերն են "մտնում " երգի "կերպարի" մեջ, և հազիվ երգիչների 1-2 %-ն է, որի մեջ, այսպես ասած, "տեղավորվում" է տվյալ երգի "կերպարը", կարճ ասած՝ երգը համապատասխանում է նրա ներաշխարհին, նրա էությանը: Ես նախընտրում եմ այս վերջիններին: Իսկ եթե երգն արդեն ստեղծված է, ապա այն կարող է երգել այնպիսի երգիչ, որը համապատասխանում է վերը նշածներիս: Նաև, ինչպես ասում են, երգերը լինում են "որձ", "էգ", կամ "չեզոք"… Հասկանալի է, որ տղամարդուն համապատասխանող երգը պետք է տղամարդ երգիչը երգի. Իսկ կնոջը՝ կինը: Ես համոզված եմ, որ "երգիչը երգ է փնտրում, բայց երգն է գտնում երգչին"…

-Կա լեզվի տեսչություն, որը փորձում է պահպանել հայերեն լեզվի անաղարտությունը, ո՞վ է լեզվի իրական պահպանողը:

-Կարծում եմ, որ եթե լեզվի անաղարտությունը խախտողներին և նրանց հսկող "լեզվի տեսչությանը" պատասխանատվության ենթարկեին, ապա մեր մայրենին

կշահեր… Եվ ոչ միայն մայրենին…Այնուամենայնիվ, շատ կարևոր է մտավորականների վերաբերմունքը այս հարցին…Իսկ եթե կուզեք, դրա պատճառը մեր համատարած անտարբերությունն է շատ ու շատ հարցերում… Իսկ սա ինքնին շատ ընդարձակ թեմա է…

-Երբեմն բեմադրված պարն ու երգը միմյանց չեն համապատասխանում:

Դուք, որպես հեղինակ, ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ես պարի մասնագետ չեմ: Պարի բեմադրումը մեծ արվեստ է, և բեմադրիչից պահանջվում է տաղանդ այդ ասպարեզում, խորը գիտելիքներ, փորձառություն և այլն: Ընդհանրապես` ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի… -Ձեր կարծիքով ի՞նչ է հարկավոր անճաշակ, անորակ երգերի վերջը տալու համար:

-Նախ պետք է որոշվի, թե որո՞նք են այդ "անճաշակ և անորակ" երգերը: Այսպես ասած "սովետի տարիներին" մեր Ռադիոյով և Հեռուստատեսությամբ հաղորդվող երգերը հիմնականում ձայնագրվում էին Ռադիոյի ձայնագրման ստուդիաներում, և գոյություն ուներ համապատասխան մասնագետներից բաղկացած գեղարվեստական խորհուրդ, որը և տալիս էր իր կարծիքը ձայնագրված երգերի մասին: Սակայն, քանի որ ներկայումս "շուկայական հարաբերություններ" են (ավելի ճիշտ՝ "բազարա - թայֆայական"), համատարած անտարբերություն է հատկապես հայ ազգային երգարվեստի հանդեպ, "Շոու բիզնես"- ի պիտակի տակ շատ-շատերը փող են "շինում"…և այլն, բնականաբար և հետևապես վիճակը պետք է լիներ այնպիսին, ինչպիսին հիմա է: Իսկ թե ի՞նչ պետք է անել՝ մեկ այլ առիթով…
     -Կարելի՞ է հին երգերին տալ նոր շունչ:

-Նայած ինչ երգ է, և ով է "շունչ տվողը"… Ամեն մեկը հո Կոմիտաս կամ Թաթուլ Ալթունյան չէ՞ (էլի շատերը կան): Շատ կարևոր է երգի մշակումը, գործիքավորումը, ժամանակակից ձայնագրումը, տեսագրումը, մատուցումը և այլն…

-Այսօր բոլորը երգեր են գրում: Ինչի՞ հետ է դա պայմանավորված, արդյո՞ք դա դյուրին աշխատանք է:

-Ընդհանրապես երգը ոչ թե գրում են, այլ՝ ստեղծում: Չափածոյում կան ոտանավորներ և բանաստեղծություններ: "Բանաստեղծություն" բառն ինքն է հուշում՝ ԲԱՆ ՍՏԵՂԾԵԼ, նոր խոսք ասել; Ամեն չափածո գրող հո բանաստեղծ չէ՞: Իսկական երգը ծնվում է տառապանքով… Վերևում այդ մասին բավականաչափ ասեցի…

- Այսօր եթերում կան հաղորդումներ, որտեղ հանդես են գալիս սկսնակ երգիչները: Կա՞ արդյոք անհրաժեշտությունը:

- Ճիշտ եմ համարում պատասխանել Մեծն Չարենցի քառատողով.

Ամեն պոետ՝ գալիս՝ իր հետ անտես մի նետ է բերում,

Եվ նետն առած, խոհակալած - որս է անում երգերում .

Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,

Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում: -

Նոր ու սկսնակ երգիչների և՛ կարիքը կա, և՛ անհրաժեշտությունը: "Բազում են կոչեցյալք և սակավ՝ ընտրյալք": Հարյուրավոր, հազարավոր երգիչներից շատ քչերն են մնում…Կարևորը՝ ասելիքն է, ՆՇԱՆ-ի ահագնությունը…Հետևենք Չարենցին, ընդհանրապես՝ մեր Մեծերին …


    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7462 | 0 | 0
Facebook