Ճահճացած մետամորֆոզներ
16:32, կիրակի, 04 օգոստոսի, 2013 թ.
Հաճախ խոսքերը անզոր են լինում, երբեմն էլ անզոր ես լինում անգամ խոսել... Հաճախ սրտերը խոցված են լինում, երբեմն խոցոտված սիրտը ձեռքումդ բռնած քար ես ման գալիս, որ դնես վրան ու ցիրուցանես իրարից կառչած նուրբ մկանները: Հաճախ քարերը քարից էլ պինդ են, իսկ երբեմն էլ չկա մի բռունցք անգամ, որ գլուխ խփես ու բութ ցավ զգաս: Վազքից հեևացող, մահից սարսափած, շնչից ոգեշունչ, կյանքից պինդ կառչացած.... անսեր մարմինդ կարոտ հպումի, արցունք աչքերդ առանց մի քամի, ձեռքդ երկարած ո միտքդ միշտ կարճ չկա քո կողքին լոկ մի ձեռք մաքուր, որ վեր բարձրացնի ու տեղդ ցույց տա: Քո կարծեցյալ վերելքը ավաղ անկում է՝ դու չես ցանկանում խոստովանվել, որ քայլերդ դանդաղ կամ արագաքայլ քեզ մխրճել են ճահճում գարշահոտ, որից վեր հանող ձեռքերը միայն զբաղված են դատարկ ծափահարումով: Քո ճշմարտանման խոսքերը՝ հնչող ամեն ականջում, քո ինքնամոռաց վանկարկումներն ու սին աղաղակը հրճվանք է միայն նույն ճահճում ծնված, խմբված գորտերի ականջներից ներս, դատարկ, դեռահաս բայց արդեն կլոր աչքերը ցցած քեզ ձայնակցում են ու գովքդ ասում, խորքում հրճվելով մի խոր շունչ քաշում, որ հանդիսատես են ծնվող մի պիեսի նոր երկնումներին: Ձեռքիս կա մի լույս՝ այնքան աղոտ, այնքան մաշված ու անբորբոք, որ սրտիդ մոմը չի բոցավառվի: Չէ՞ որ բոլոր մոմերը վաճառված են ու որպես տուրք մատուցված քո կեղծ ու ոսկեկուռ աստծուն... Սրտումս կա հույս՝ այնքան անուժ ու այնչափ տրորված, այնպես փայփայած, արդեն հուսախաբ, որ սրտիցդ ներս տեղ չես տա նրան ու չես ամրացնի: Չէ՞ որ գրեթե անհնար է այսօր մի տեղ ունենալ անհոգ ապրելու, էլ ուր մնաց, որ փորձես ապրեցնել, այն էլ ինչ-որ հալումաշ մի հույս: Մտքումս կա ուժեղ ու ցավոտ մի հուշ, որն էլ դարձել է քո համար կարծես կեղծված խաղաթուղթ, արդարացման անարդար մի կնիք, մի ստորացվող սուտ, որին դու անգամ ինքդ չես հավատում: Ձեռքումս կար ձեռք, սրտումդ կար սեր, սրտումս կար սիրտ, մտքումս կար ուժ ու մի մեծ նվեր, որն այնքան արագ խլեցիր ինձանից, որ չհասցրեցի անգամ ասելու շնորհավորանքներ... P.S. Նույն արևն է ու նույն քամիները, նույն կեղծ ու հարազատ դեմքերն են, նույն ժպիտներն ու տխուր, միշտ հեռուներում թափառող հայացքները: Նույն բարևներն ու սուտ խոստումները: Միայն թե անձրևներն են պակասել ու հորիզոնը առավոտյան հաճախակի մշուշոտ է: Տրանսպորտի գինն է անգամ նույնը մնացել, պատկերացնում ես՞: Հա, մեկ էլ մենք ենք մեծացել: Կամ էլ չէ՝ դու մեծացել ես, իսկ ես ծերացել: Կամ էլ ցավով պետք է նշեմ, որ դեռ նույնն ենք: Չգիտեմ, երևի թե չեմ էլ ցանկանում իմանալ տարիքդ... Մեկ էլ մի մեծ բան փոխարինվել է մեկ այլ մեծով... After P.S. Կյանքում ոչինչ պատահական չի լինում: Ամեն տրված կամ պատահած պատիժ է կամ պարգև, շնորհ կամ հատուցում գիտակցված ու չգիտակցված, գործված չաիրքներին կամ բարիքներին համադարձ:
|
Աղբյուրը` Notes Book
Հավանել
0
Չհավանել
0
2666 | 0 | 0 | 0