Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

50 մեջբերում «Արտագաղթած կարոտ» գրքից

18:20, երեքշաբթի, 19 հունվարի, 2016 թ.
50 մեջբերում «Արտագաղթած կարոտ» գրքից

1. Երեկ քեզ տեսա. լուռ էիր...ինչպես միշտ

Երեկ քեզ տեսա, ցանկացա մոտ գալ, սակայն հիշեցի, որ լռությունդ ավելին էր, քան խոսքերդ ասված: Ես էլ լռեցի, այդպես լուռ անցա:

Սիրում ես լռել. այնքան լռեցիր, որ այդպես էլ ինձ դեռ գաղտնիք մնաց, թե ոնց կարող է անգույն երկինքը կապույտ գույն հագնել, կամ թե ինչու է մեռնող արևից այն շառագունած:

Երեկ քեզ սիրեցի, քանզի ես տեսա` ինչպես ես լռում: Նայեցի կապույտ քո երկինքներին ու սերս գրկած լուռ ինձ հետ տարա:


    

2. Ուզում եմ առանց վերարկու վազել դուրս ու մրսել ձյան մեջ, ձյան տակ, ուզում եմ, որ զգաս, թե ոնց եմ սառել, ոնց ես սառեցնում: Բայց ձյուն չկա, ուշանում է, իսկ քո սառը խոսքերը միշտ ժամանակին են՝ անտեղի բայց նույն պահին ասվող:


    

3.Վերքերս այրվում են սառնությունիցդ...Երանի կարոտներս էլ կարողանային սառել ու փշուր-փշուր լինել այնպես, ինչպես որ քո սառած սիրտը, միգուցե, երբ կրկին գարուն գա, կարոտիս ու սրտիդ հալոցքները կրկին միանան ու հոսեն դեպի օվկիանոս:

Չնայած...օվկիանոսն էլ է լինում սառուցյալ...


    

4. Լինում է այնպես, որ հրաժեշտները լինում են բարի, իսկ բարևները՝ անհրաժեշտ։ Լինում է սակայն, որ ոչ բարև կամ հրաժեշտ այլևս չի լինում, այլ մի անձյուն ձմեռ, խավար գիշեր ու ...


    

5.Մի քանի կիլոմետրանոց այս քաղաքում մեզ բաժանում է ընդամենը մի քանի կիլոմետր, իսկ մեր կարոտներն անսահման են...

Երբեմն ուզում եմ հոգուցս առաջ ընկնել ու թռչել տեղիցս, վազել դեպի...

Բայց ո՞ւր...

Դեպի քեզ... ու կարևոր չի թե որտեղ ես դու, քանի կիլոմետր ես հեռու ինձանից...


    

6.Հիմա գիշեր է` մութ ու զառամյալ` այնքան կրկնված, որ սովորել ես, քայլել համընթաց, ձեռք ձեռքի բռնած, ու ծերացել կամ հասունացել ես` հասկանալով, որ քեզանից առաջ բազում կյանքեր է իր հետ ուղեկցել դեպի լուսաբաց կամ էլ գրկելով ամուր ու հարբած` արագ փախել է դեպի երկինքներ` լուսնից վախեցած...


    

7. Լսում էի ոտնաձայներդ...

Ինձ թվում էր` հեռանում ես, բայց դոփում էիր տեղում...

Զարկում էիր սրտիս ու բիրտ արնոտում:

Զգում էի շունչդ...

Թվում էր` մոտենում ես, բայց շնչակտուր ու փակ աչքերով հրում էիր, անցնում ...

Թողնելով բույրդ քեզանով լցված` կորեցիր հեռվում:


    

8. Որտեղ են կորել...

Կորել են բառերս,

Կորել են մտքերս,

Կորել եմ ես...

Քո մեջ...

Միգուցե հավետ,

Միգուցե անհետ,

Կորել եմ այնքան,

Որ հետագծեր այլևս չկան

Կաս դու...անվերջ...


    

9. Գրելիս երբեք էլ չես հավատում այն ներկաներին, որոնք առանց քեզ, առանց նրա են փորձում ստեղծվել:

Սիրելիս մարդիկ միշտ հավատում են, որ ապագաներն առանց հետդարձի, բայց անձրևագիր համբույր են բերում...


    

10. Ուղղակի ու միմիայն կարոտում եմ ու սիրում...

Քեզ...

Իմ...

Միգուցե ...

Իրոք չգիտեմ, ուղղակի սիրում եմ հենց քեզ...

Սիրում եմ աչքերդ, որոնց մեջ դեռ չեմ տեսել արտացոլանքս...


    
    

11. Միշտ ասում են, թե միայնության մեջ հանգիստ ենք գտնում, սակայն ինչու ես այդքան անհանգիստ օրերդ ապրում, ինչու են սպիներն այդչափ ցավեցնում, երբ առերես ես մնում նրաց հետ, երբ քեզ թվում է, թե մոռացել ես անցյալ ամեն ինչ, երբ մի նորովի սկիզբ ես որոնում: Ու ամեն սկիզբդ մի նոր ավարտ է լուռ նախանշում:


    

12. Պատահում է, որ հեռանալով հետ ես ուղարկում մարդուն, սակայն նա մնում է հենց մեջտեղում, կես ճանապարհին` քեզանով լցված բայց քեզանից զուրկ...


    

13. Հրաժեշտով մարդկանց ստիպում ես վերադառնալ դեպի այն կետը, որտեղից որ սկսվել է ձեր ծանոթությունը, ավելի ճիշտ` դրանից առաջ: Իսկ այդ ճանապարհն անցնում է հիշողությունների միջով:


    

14. Վերքերս դեռ բաց,

Աչքերս դեռ թաց,

Հիշողությունում առհավետ դաջված

Անհարություն մահ, հոգիներ խաչված,

Քեզ ձա'յն եմ տալիս, լսի'ր, Տեր Աստված …


    

15. Կարոտներն էլ են մեր երկրից արտագաղթողների պես: Երկար չեն կարողանում մնալ հեռվում: Երբ ցրտերն ընկնում են, նորից վերադառնում են ու սկսում մի տեսակ ջերմացնել...


    

16. Երբեմն հենց դատարկությունը կարող է անտանելի ծանր լինել...


    

17. Դու հեռացար, չիմանալով, որ աշնանը մեռնող սերն ամենացավոտն է, որ աշնան հեռացումներն անվերադարձ են, իսկ հետքերը՝ լվացվում են հենց նույն անձրևով, սակայն արդեն ուրիշ ու նոր կաթիլներով...

18. Վերքերս այրվում են սառնությունիցդ...Երանի կարոտներս էլ կարողանային սառել ու փշուր-փշուր լինել այնպես, ինչպես որ քո սառած սիրտը...


    

19. Ամենահեշտ բանն է փախչել իրականությունից, սակայն ամենացավոտ զգացողությունն ես ունենում, երբ իրականությունն է փախնում քեզանից:


    

20. Այնչափ եմ ուզում շնչել քեզ, որ շունչս կտրվի... մի քանի խորանարդ մետր օդում փորձում եմ որսալ շնչառությունդ, մեկ վայրկյան կանգ առնել ու միաձուլվել մենությանդ:


    

21. Ամեն ինչն իր սահմանը ունի՝ կամ դու ինքդ պիտի գծես այն կամ էլ քեզ կպարտադրեն գծել: Երբեմն էլ այդ գիծը հենց քո վրայով կարող է անցնել, երբ չափն անցնում ես:


    

22. Երբեմն մարդուն պետք է թողնես, որ հեռանա, որովհետև պատահում է, հրաժեշտն ու հեռացումն ավելի գեղեցիկ է լինում, քան ներկայությունը:

Կարոտել եմ հրաժեշտներով լեցուն ներկայությանդ:


    

23. Եվ որքան չնչին են դառնում բառերը, անգամ երկար ու գեղեցիկ շարադրված նախադասությունները, երբ դրանք իրականություն չեն դառնում, ծնվում ու մեռնում են հենց նույն ակնթարթում: Կամ էլ չծնված արդեն մահանում են...


    

24. Գունազրկվել եմ...քերել-թափել եմ վրայիս բոլոր գույները, մաքրել եմ բոլոր այն վրձնահարվածները, որոնք որևէ հետք էին թողել վրաս: Ցանկանում եմ, որ իմ սևի վրա քո սպիտակով հաստացնես այն ուրվագծերը, որոնք նկատել ես...


    

25. Հիշիր ինձ եթե ոչ ամեն րոպե, ապա գոնե երեք րոպեն մեկ անգամ, և իմացիր որ մնացած երկու րոպե հիսունիննը վայրկյանների ընթացքում դու իմ մտքում ես:


    

26. Ամենագեղեցիկ հանդիպումները, դեռևս չկայացած հանդիպումներն են:


    

27. Երբ կարոտում ես ամեն մի բառին ու անգամ նշանին, երբ զգում ես լռության մեջ նրա արձագանքող ձայնն, ու ժպիտն ուրվագծվում է աչքերիդ առջև, սիրտդ սկսում է արագ զարկերի մի տարափ, իսկ բացակայությունից վրադ իջնում է մի ծանր ու մռայլ թախիծ...

Արդեն անխուսափելի է, նշանակում է, թե նա հոսում է երակներովդ...


    

28. Ճանապարհներ կան, որոնցում ճամփորդ չես, այլ վերադարձող մի հուշ։ Կան նաև ուղիներ, որ միշտ ճիշտ տեղ են տանում, սիրտդ ամոքում, նորից ապրեցնում, անցյալդ մաքրում: Հաճախ այդ ճանապարհներին հարազատներից շատերը դառնում են քարեր, անգամ նետվում ճանապարհից այն կողմ, երբեմն էլ սկսում են քարկոծել:


    

29. Բաժանման համար թեկուզ կարճատև, բայց հանդիպում է պետք, առնվազն մի քանի կոպիտ խոսք: Եվ հենց այդ հանդիպման ժամանակ է, որ երկուսից գոնե մեկն իր հպարտ կեցվածքի, սուր և «վերջնական» ասված խոսքերի հետևում թաքցնում է երբեմն բառերի չփոխակերպվող տխրությունը...

30. Բարևիս բառարմատ արև, ում օրը լի է հրաժեշտներով, կգաս, բայց այլև ես չեմ լինի։


    

31. Երգերս՝ կորցրած, թանաքս՝ թափված, մատներս՝ ջարդած, ձայնս՝ կտրված, լեզուս՝ պապանձված հեռանում եմ դեպի անէություն: Միգուցե այնտեղ գտնեմ Քեզ:

Քանի որ անէացել ես...


    

32. Թողնելով բոլոր սահմանները լուսնագիծ, ես կքայլեմ ցերեկներում, ուր խառնված են սեր, թախիծ...

Իսկ հիմա հեռացիր, լուսանում է...

Հեռացիր, որ նորից վերադառնաս, որ ձեռքդ տաս: Թող կարոտեմ լուսնաշաղախ ջերմությանդ, թող որ քեզ փնտրեմ օրերում անհայտ, փնտրեմ անընդհատ:


    

33. Երբեմն երկար ու նուրբ մատներին ենք խաբվում, բայց այդ նրբության միջոցով ցուրտն ավելի արագ է վազում, հաճախ էլ ուժեղ ձեռքեր ենք փնտրում, որ բարևենք, բայց սեղմումից կոտրում ենք մեր իսկ ձեռքը:


    
    

34. Գարուն էր` անձրև ու գիշեր` ոմանց համար հերթական, ոմանց համար առաջին, շատերի համար էլ սովորական:

Հիշում եմ, դա այն օրն էր, երբ մենք պետք է հանդիպեինք, սակայն դու ինձ զանգեցիր, որ ասես…

-Մի կողմ նետիր հեռախոսդ, ես վաղուց այստեղ եմ...


    

35. Գիշերներդ լուռ ու անհրապույր,

Լուսաբացդ մութ ու անհամբույր.

Խենթ մտքերովդ կյանք ես նկարում

Բոլորից հեռու, բոլորից թաքուն...


    

Մեկ` ձայնիվ հոխորտ, մեկ` անձայն ու լուռ,

Մեկ` աչքերդ կախ, մեկ` հայացքդ մահ,

Խնդրանք կամ պահանջ շուրթերիցդ կախ

Մեկ գութ ես խնդրում, մեկ` անեծք ու հուր:


    

36. Կարոտել եմ ստվերիդ, այն ստվերիդ, որ ուղեկցում էր ինձ ամեն քայլափոխիս, ամեն հարազատ ու անծանոթ փողոցում կամ վայրում: Այնքան անձրև եկավ քո հեռացումից հետո, որ ստվերդ էլ մաքրեց ու տարավ:


    

37. Երբ երկրի սահմանները լքում են այլևս չվերադառնալու մտքով կամ լավ կյանքի ակնկալիքով, դա կոչվում ենք արտագաղթ, իսկ երբ երկրագնդի սահմաններն ենք լքում, դա արդեն ոչ ինքնակամ արտագաղթ է դառնում կյանքից, այլ կերպ ասած՝ մահ...


    

38. Քաղաքի ամենագեղեցիկ, ամենաբարի ժամերն առավոտյան կանուխ ու շատ ուշ գիշերն են լինում: Գրեթե դատարկ...

Այդժամ զգում ես քաղաքի շունչը, որն ազատված է մարդկային ճնշումից, ամեն կողմ նայող ու ամեն կողմ աչք գցող, բայց անտարբեր աչքերից ու ականջ ծակող բամբասանքներից: Քաղաքը շնչում է հանգիստ ու մաքուր:


    

39.Բառեր կան, որ չեն ասվում, բայց թնդում են օդում, պայթում կայծակի պես ու պայթեցնում սիրտդ: Ատամներդ սեղմում ես, մտքերդ ձգում ես, որ ոչինչ ի պատասխան չասես: Ուղղակի շրջվես ու հեռանաս:


    

40.Միշտ էլ դժվար է խոստովանել, որ կյանքիդ ամենաանմտածված, ամենահիմար քայլն ես արել: Բայց դե ինքդ քեզանից նեղանալն ավելի դժվար ու անցանկալի է քան դիմացինից դա լսելն ու վիրավորվելը: Միևնույն է, չես ընդունում և համաձայնվում:


    

41.Թեկուզ լռությամբ, թեկուզ վիճելով, բայց գիշերները միշտ միացնում են, ջերմություն հաղորդում և պարտադիր չէ միայն մարմնական ջերմություն: Ուղղակի զգում ես, որ մենակ չես: Իսկ առավոտյան միշտ հրաժեշտներ են ու բաժանումներ՝ թեկուզ ժամանակավոր, սակայն անխուսափելի:


    

42. Մինչև չառերեսվես հիշողություններիդ ու հնացած, բայց դեռ մտքումդ թափառող

զգացողություններիդ հետ, չես կարող ոչնչացնել ու նոր զգացողությունների համար տեղ ազատել:


    

43.Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում կամ մեզանից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով:


    

44.Կորցնել կորցրածը հնարավոր չի, գտնելն էլ հնարավոր է միայն պատառիկներով, այն էլ

ժամանակավոր:


    

45. Եկել եմ Քեզ մոտ, կանգնել դեմ դիմաց ձեռքումս մի բուռ այն հողից բերած, որը կորսված է, որը դարձել է անբերք ու տատասկ…


    

46. Խնդրում եմ ուժ և սպեղանի, խնդրում եմ դարձնես վերքս թեկուզ սպի, որը ոչ մի շպար թեկուզ չի ծածկի, բայց կդառնա չոր, կդառնա նշան հաղթած պայքարի:


    

47. Մեզ միշտ ինչ-որ բան պակասում է... ինչ-որ մի բան՝ կապում, մի ինչ-որ բան հետ է պահում: Միշտ ինչ-որ բանից զրկվում ենք կամ էլ դատարկվում:


    

48. Հաճախ սիրում ենք հոգին, երբեմն էլ ամբողջ հոգով, ու միշտ, անվերջ կոտրում սրտեր. մեկ նրանց տիրելու համար, մեկ էլ տիրացած սրտից դուրս պրծնելու համար:


    

49. Աշնան սերն ամենանուրբն է, զերծ է գարնան բուռն ու կործանարար ազդեցությունից։ Ավելի հասուն է ու քաղցր։ Գարունը հեղեղի պես կարող է քշել տանել սերդ, իսկ աշնան սերը միշտ քեզ հետ է, թեկուզ թախիծի տեսքով...


    
    

50. Իմ սիրավառ տեսիլք, իմ գիտակցված ցնորք ու ...

Չկաս, գիտեմ, բայց զգում եմ ներկայությունդ, կարոտում եմ այն եղելությունդ, որը որ երբևէ չի էլ եղել: Սակայն, ինչ-որ մի մոգական կամ աստվածակերտ կերպով ու կերպարանքով զգում եմ քեզ, ապրում եմ քեզանով` այն կյանքով, որով երբևէ չենք ապրել...

Դեռևս...


    

P.S. Գրքի շնորհանդեսը՝ հունվարի 31-ին, ժամը 17: 00 Ականաթ սրճարանում:

Գիրքը նախօրոք ամրագրելու համար կապ հաստատել հեղինակի հետ

Աղբյուրը` Notes Book
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9489 | 0 | 0
Facebook